Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2003-09.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.06/21(153) Հոդ.1045
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.04.2017

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1304-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1304-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ստացումը և ազդարարումը։

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) տեղական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության ու հիմնարկի տարածքից դուրս.

բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս.

գ) մարզային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի թաղային համայնքի տարածքից դուրս.

դ) հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները տարածվել են երկու մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի թաղային համայնքների տարածքներում,

ե) անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակ` արտակարգ իրավիճակ, որի խոցման գործոնները դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ արտակարգ իրավիճակ, որը ծագել է այլ երկրում և ներգործություն է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում։

3. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու բնակչությանը տեղեկատվության և ազդարարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում կազմակերպվում է շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:

Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին պետական կառավարման մարմինների ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից:

4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներն արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվությունը հաղորդում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին։

5. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը բանավոր զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, որից հետո սեղմ ժամկետում ներկայացնում է գրավոր առաջարկություն` արտակարգ իրավիճակի կանխարգելման և հետևանքների վերացման վերաբերյալ:

6. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման մասին տեղեկատվությունը հաղորդվում է՝

ա) տեղական նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ կազմակերպության ղեկավարը` համայնքի ղեկավարին (Երևան քաղաքի թաղային համայնքի ղեկավարին) և մարզպետին: Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտի ղեկավարը` մարզպետին (Երևանի քաղաքապետին), համապատասխան ոլորտի լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տարածքային ստորաբաժանման պետին.

բ) համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ համայնքի ղեկավարը` մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տարածքային ստորաբաժանման պետին, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքի ղեկավարը` Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տարածքային ստորաբաժանման պետին.

գ) մարզային և համայնքային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ մարզպետը (Երևանի քաղաքապետը)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) հանրապետական և անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

7. Արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց հետևանքների վերացման ընթացքում տեղեկատվության հաղորդման տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

8. Արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց հետևանքների վերացման ընթացքում տեղեկատվության հաղորդման համար պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները կարող են օգտագործել կապի առկա բոլոր հնարավոր ձևերն ու միջոցները:

9. Տեղեկատվության ստացման և ազդարարման փաստաթղթերի ձևերը, ազդարարման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը:

10. Արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության հավաստիության և օպերատիվության համար պատասխանատվություն են կրում սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների ղեկավարները` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար                                                        Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.2017, N 346-Ն 13.04.2017, N 1304-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 1304-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան