«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1274-Ն
1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աղետի գոտու վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած՝ երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա (V աստիճանի վնասվածության), ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող (IV ա, IV բ, IV գ, IV դ աստիճանների վնասվածության), վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներին փոխհատուցման համար նախատեսված 1,105,000.0 հազ. դրամ հատկացումներից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին տրամադրել մինչև 2,000.0 հազ. դրամ՝ աջակցության տրամադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի:
3. Տրամադրվող աջակցության չափը սահմանվում է՝
ա) քանդված կամ քանդման ենթակա` V աստիճանի վնասվածության յուրաքանչյուր բնակելի տան համար՝ 1,578.0 հազ. դրամ.
բ) բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող՝ IV ա աստիճանի վնասվածության յուրաքանչյուր բնակելի տան համար՝ 710.0 հազ. դրամ.
գ) բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող՝ IV բ, IV գ, IV դ աստիճանների վնասվածության յուրաքանչյուր բնակելի տան համար՝ 616.0 հազ. դրամ:
4. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներին փոխհատուցման համար նախատեսված հատկացումների սահմաններում աջակցություն ստանալու իրավունքը տրվում է երկրաշարժի էպիկենտրոնային գոտում գտնվող Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Բերդավան և Դովեղ գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչներին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմված և հաստատված ցուցակների.
բ) աջակցությունը տրամադրվում է՝
երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար,
երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչներին՝ վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար.
գ) աջակցության տրամադրման առաջնահերթությունը որոշվում է կատարված ուսումնասիրությունների հիման վրա բնակելի տան տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացության համաձայն՝ նախապատվությունը տալով երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին.
դ) աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի կողմից ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) համաձայն, ընդ որում, վճարումները կատարվում են՝
շուկայից բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում՝ աջակցության գումարի 100 տոկոսի չափով՝ պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) առուվաճառքի պայմանագրի (կնքված) հիման վրա՝ գումարը վճարելով բնակելի տուն (բնակարան) վաճառողին,
անհատական բնակարանային շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացման դեպքում՝ աջակցության գումարի 60 տոկոսի (կանխավճար) և 40 տոկոսի չափով՝ պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում՝ ըստ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի կողմից հաստատված՝ շինարարական աշխատանքների ծավալաթերթի կատարման մասին մարզպետի կողմից լիազորված անձի ներկայացրած հաշվետվության.
ե) աջակցություն ստացող քաղաքացու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի միջև կնքված պայմանագրով կարգավորվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները՝ տրամադրվող գումարների նպատակային օգտագործման նկատմամբ:
Շինարարական աշխատանքների իրականացման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրերին կից ներկայացվում են շինարարական աշխատանքների ծավալները և ժամկետները:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքներին փոխհատուցման համար նախատեսված հատկացումները միանվագ փոխանցել աջակցություն ստացող քաղաքացիների կողմից գործակալ բանկում բացված նպատակային ավանդային հաշիվներին:
6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ մարզի զարգացման նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսել պետական միջամտություն պահանջող՝ երկրաշարժի հետևանքով վնասված, շահագործվող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման խնդիրների լուծումը:
7. Սույն որոշման համաձայն աջակցություն ստանալու իրավունքից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, ովքեր՝
ա) տվյալ բնակավայրում մշտական բնակություն չունեն,
բ) ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող այլ բնակելի տուն,
գ) երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի տունը ձեռք են բերել նվիրաբերությամբ և ունեն այլ մշտական բնակության վայր,
դ) երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի տան վերականգնման համար պետական միջոցների հաշվին արդեն ստացել են վարկ կամ անհատույց աջակցություն:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 1105-Ն որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|