ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Նախաբան
Սույն Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, այլ պետությունները և Եվրոպական համայնքը,
նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև,
գիտակցելով կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը,
ընդգծելով, որ կոռուպցիան լրջորեն սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, արդարությանն ու սոցիալական արդարությանը, խոչընդոտում է տնտեսական զարգացմանը և վտանգում շուկայական տնտեսության պատշաճ և օրինական գործունեությանը,
գիտակցելով անհատների, ընկերությունների և պետությունների, ինչպես նաև միջազգային հաստատությունների համար կոռուպցիայի վնասակար ֆինանսական հետևանքները,
համոզված լինելով կոռուպցիայի դեմ պայքարին նպաստելու գործում քաղաքացիական իրավունքի կարևորության մեջ, մասնավորապես, հնարավորություն տալով վնաս կրած անձանց ստանալ արդարացի փոխհատուցում,
վկայակոչելով Եվրոպայի Արդարադատության նախարարների 19-րդ (Մալթա, 1994 թվական), 21-րդ (Չեխիայի Հանրապետություն, 1997 թվական) և 22-րդ (Մոլդովա, 1999 թվական) Կոնֆերանսների եզրակացություններն ու բանաձևերը,
հաշվի առնելով Նախարարների կոմիտեի` 1996 թվականի նոյեմբերին ընդունած «Կոռուպցիայի դեմ գործողությունների ծրագիրը»,
հաշվի առնելով նաև 1997 թվականի փետրվարին Նախարարների կոմիտեի հավանությանն արժանացած` կոռուպցիոն գործողությունների հետևանքով վնասի փոխհատուցման համար քաղաքացիական հայցերի վերաբերյալ կոնվենցիայի մշակման հնարավորության մասին ուսումնասիրությունը,
նկատի ունենալով Նախարարների կոմիտեի` 1997 թվականի նոյեմբերին 101-րդ նիստում ընդունած «Կոռուպցիայի դեմ պայքարի 20 ղեկավար սկզբունքների մասին» թիվ (97)24 Բանաձևը, Նախարարների կոմիտեի` 1998 թվականի մայիսին 102-րդ նիստում ընդունած «Կոռուպցիայի դեմ պետությունների խումբ (GRECO) ստեղծելու վերաբերյալ մասնակի և ընդլայնված համաձայնագրի ընդունումը թույլատրող» թիվ (98) 7 Բանաձևը, և 1999 թվականի մայիսի 1-ին ընդունած «GRECO ստեղծելու մասին» թիվ (99)5 Բանաձևը,
վկայակոչելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների` 1997 թվականի հոկտեմբերին Ստրասբուրգի գագաթաժողովում ընդունած Եզրափակիչ հռչակագիրը և Գործողությունների պլանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գ լ ու խ I
Ազգային մակարդակով ձեռնարկվելիք միջոցառումներ
Հոդված 1. | Նպատակը |
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ այն անձանց համար, ովքեր վնաս են կրել կոռուպցիոն գործողությունների հետևանքով` հնարավորություն տալով նրանց պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը` ներառյալ վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունը:
Հոդված 2. | Կոռուպցիայի սահմանումը |
Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը:
Հոդված 3. | Վնասի փոխհատուցումը |
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ կոռուպցիայի հետևանքով վնաս կրած անձինք հայց հարուցելու իրավունք ունենան` այդպիսի վնասի լրիվ փոխհատուցում ստանալու նպատակով:
2. Այդ փոխհատուցումը կարող է ծածկել արդեն իսկ կրած նյութական վնասը, կորցրած եկամուտները և ոչ նյութական վնասները:
Հոդված 4. Պատասխանատվությունը
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ վնասի փոխհատուցման նպատակով պետք է բավարարվեն ներքոհիշյալ պայմանները.
i. պատասխանողը կատարել է կամ թույլատրել է կատարել կոռուպցիոն գործողություն կամ խելամիտ քայլեր չի ձեռնարկել կոռուպցիոն գործողությունը կանխելու համար,
ii. հայցվորը վնաս է կրել, և
iii. առկա է պատճառահետևանքային կապ կոռուպցիոն գործողության և վնասի միջև:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ եթե նույն կոռուպցիոն գործունեության համար պատասխանատու են մի քանի պատասխանողներ, ապա նրանք պատասխանատվություն պետք է կրեն միասին և առանձին-առանձին:
Հոդված 5. | Պետության պատասխանատվությունը |
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի համապատասխան ընթացակարգեր, որոնք թույլ կտան պետական պաշտոնյաների` իրենց գործառույթների իրականացման ժամանակ կատարած կոռուպցիոն գործողությունից վնաս կրած անձանց փոխհատուցում պահանջել պետությունից, իսկ եթե Կողմը պետություն չէ՝ այդ Կողմի համապատասխան մարմիններից:
Հոդված 6. | Հայցվորի մեղքը |
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի փոխհատուցման նվազեցման կամ չտրամադրման հնարավորություն՝ կապված բոլոր այն հանգամանքների հետ, երբ հայցվորը իր իսկ մեղքով նպաստել է վնաս պատճառելուն կամ դրա բարդացմանը:
Հոդված 7. | Հայցային վաղեմություն |
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է վնասի փոխհատուցման պահանջի համար նախատեսի ոչ պակաս, քան երեք տարի հայցային վաղեմության ժամկետ` այն օրվանից հաշված, երբ վնաս կրած անձը իմացել է կամ ողջամիտ կերպով պարտավոր էր իմանալ վնաս պատճառելու կամ կատարված կոռուպցիոն գործողության և պատասխանատու անձի ինքնության մասին: Այնուամենայնիվ, նման հայց չի կարող այլևս հարուցվել, կոռուպցիոն գործողության կատարման օրվանից հաշված, ոչ պակաս, քան 10 տարվա ժամկետի ավարտից հետո:
2. Հայցային վաղեմության ժամկետների կասեցումը կամ ընդհատումը կարգավորող Կողմերի օրենքները համապատասխան դեպքերում պետք է կիրառվեն 1-ին կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների նկատմամբ:
Հոդված 8. | Պայմանագրերի վավերականությունը |
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ կոռուպցիա նախատեսող յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ առ ոչինչ է:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ պայմանագրի բոլոր կողմերը, որոնց համաձայնությունը ստացվել է կոռուպցիոն գործողության հետևանքով, հնարավորություն կունենան դիմելու դատարան պայմանագիրն անվավեր ճանաչելու համար` չազդելով վնասի փոխհատուցում պահանջելու նրանց իրավունքին:
Հոդված 9. | Աշխատողների պաշտպանությունը |
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի անարադարացի սանկցիաների կիրառումից պատշաճ պաշտպանություն այն աշխատողների համար, ովքեր կոռուպցիայի կասկածի հիմնավոր պատճառներ են ունեցել և իրենց կասկածների մասին բարեխղճորեն հայտնել են պատասխանատու անձանց կամ մարմիններին:
Հոդված 10. | Հաշվեկշիռ և վերստուգում |
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի ընկերություններն իրենց տարեկան հաշվեկշիռները հստակ կազմեն և ճշգրիտ ու հավաստի տվյալներ ներկայացնեն ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ:
2. Կոռուպցիոն գործողությունները կանխարգելելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պետք է իր ներքին օրենսդրությամբ նախատեսի, որ վերստուգողները հավաստիացնեն, որ տարեկան հաշվեկշիռները ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ ճշգրիտ և հավաստի պատկերն են ներկայացնում:
Հոդված 11. | Ապացույցներ ձեռք բերելը |
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի կոռուպցիոն գործողության հետևանքով ծագած քաղաքացիական գործով ապացույցներ ձեռք բերելու արդյունավետ ընթացակարգեր:
Հոդված 12. | Ժամանակավոր միջոցները |
Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի անհրաժեշտ դատական միջոցներ` կոռուպցիոն գործողության հետևանքով ծագած քաղաքացիական գործով կողմերի իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակով:
Գ լ ու խ II
Միջազգային համագործակցություն ԵՎ մոնիտորինգի իրականացում
Հոդված 13. | Միջազգային համագործակցությունը |
Կողմերը պետք է արդյունավետ համագործակցություն իրականացնեն կոռուպցիայի վերաբերյալ քաղաքացիական գործերով վարույթներով հատկապես փաստաթղթերի հանձնման, արտասահմանում ապացույցների ձեռքբերման, իրավասության, օտարերկրյա դատարանների վճիռների և դատական ծախսերի ճանաչման և կատարման բնագավառում` քաղաքացիական և առևտրային հարցերով իրենց մասնակցությամբ միջազգային համագործակցության մասին համապատասխան միջազգային փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 14. | Հսկողությունը |
Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) պետք է հսկողություն իրականացնի Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի իրականացման նկատմամբ:
Գ լ ու խ III
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 15. | Ստորագրումը և ուժի մեջ մտնելը |
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, դրա մշակմանը մասնակցած ոչ անդամ պետությունների և Եվրոպական համայնքի համար:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխանող տասնչորս ստորագրողների կողմից Կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունն արտահայտելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Այդ ստորագրողներից յուրաքանչյուրը, որը դրա վավերացման, ընդունման կամ հաստատման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չէ, Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից ինքնաբերաբար կդառնա դրա անդամ:
4. Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում հայտնած յուրաքանչյուր ստորագրողի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետի դրույթներին համապատասխան Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը արտահայտելու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Վավերացման, ընդունման կամ հաստատման պահին Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) անդամ չհանդիսացող յուրաքանչյուր ստորագրող ինքնաբերաբար կդառնա դրա անդամը Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահից:
5. Կոռուպցիայի դեմ պետությունների խմբում (GRECO) Եվրոպական համայնքի մասնակցության համար ցանկացած ձևականություն, անհրաժեշտության դեպքում, կորոշվի Եվրոպական համայնքի հետ ընդհանուր համաձայնությամբ:
Հոդված 16. | Կոնվենցիային միանալը |
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է հրավիրել Խորհրդի անդամ չհանդիսացող և նրա մշակմանը չմասնակցած ցանկացած պետության՝ միանալու սույն Կոնվենցիային Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով սահմանված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող Կողմերի ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:
2. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիային միացող որևէ այլ պետության, ապա նրա համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրվանից երեք ամիս ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը: Սույն Կոնվենցիային միացող ցանկացած պետություն, որը միանալու պահին դեռևս չի հանդիսանում GRECO-ի անդամ, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրից ինքնաբերաբար կդառնա GRECO-ի անդամ:
Հոդված 17. | Վերապահումներ |
Սույն Կոնվենցիայի որևէ դրույթի առնչությամբ ոչ մի վերապահում չի կարող արվել:
Հոդված 18. | Տարածքային կիրառումը |
1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվելու է:
2. Ցանկացած Կողմ ավելի ուշ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ կարող է սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Նման տարածքի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից երեք ամիս ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված որևէ հայտարարություն դրանում նշված ցանկացած տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ: Հայտարարության հետ վերցնելը կգործի նման ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից:
Հոդված 19. | Այլ փաստաթղթերի և համաձայնագրերի հետ կապը |
1. Սույն Կոնվենցիան չի ազդում հատուկ հարցերով միջազգային բազմակողմ փաստաթղթերով ստանձնած իրավունքների և պարտավորությունների վրա:
2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, նրա դրույթների լրացման կամ ուժեղացման կամ նրանում ամրագրված սկզբունքների կիրառումը դյուրացնելու նպատակով կամ առանց սույն Կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին վնաս հասցնելու՝ հատուկ համակարգի շրջանակներում ընդունել այդ հարցերին առնչվող կանոններ, որոնք պարտադիր են սույն Կոնվենցիայի ստորագրման համար բացվելու պահին:
3. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն իսկ կնքել են սույն Կոնվենցիայի առարկային առնչվող համաձայնագիր կամ պայմանագիր կամ այդ առնչությամբ այլ կերպ հարաբերություններ են հաստատել, ապա պետք է իրավունք ունենան սույն Կոնվենցիայի փոխարեն կիրառելու այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ, համապատասխանաբար, կարգավորել այդ հարաբերությունները:
Հոդված 20. | Փոփոխություններ |
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ առաջարկել, և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը այդ առաջարկությունը կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, Եվրոպական համայնքին, ինչպես նաև որևէ պետության, որը, 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, միացել կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային:
2. Կողմերից որևէ մեկի առաջարկած ցանկացած փոփոխություն և լրացում պետք է հաղորդվի Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովին (CDCJ), որը պետք է Նախարարների կոմիտեին ներկայացնի իր կարծիքը առաջարկված փոփոխության և լրացման վերաբերյալ:
3. Նախարարների Կոմիտեն պետք է քննարկի առաջարկված փոփոխությունն ու լրացումը և Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի (CDCJ) կողմից ներկայացված կարծիքը և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող` Եվրոպայի խորհրդի ոչ անդամ պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը և լրացումը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Նախարարների կոմիտեի կողմից ընդունված յուրաքանչյուր փոփոխության և լրացման տեքստ ընդունելու նպատակով պետք է ուղարկվի Կողմերին:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված յուրաքանչյուր փոփոխություն և լրացում ուժի մեջ կմտնեն Գլխավոր քարտուղարին դրա ընդունման մասին Կողմերի ծանուցելու օրվանից երեսուներորդ օրը:
Հոդված 21. | Վեճերի կարգավորումը |
1. Եվրոպայի խորհրդի Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովը (CDCJ) պետք է տեղեկացվի սույն Կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման մասին:
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև վեճի դեպքում Կողմերը վեճը կկարգավորեն բանակցությունների միջոցով կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ ճանապարհով, ներառյալ` վեճը Իրավական համագործակցության հարցերով Եվրոպական հանձնաժողովի (CDCJ), միջնորդ դատարանի քննարկմանը ներկայացնելով, որոնց որոշումները Կողմերի համար պետք է պարտադիր լինեն, կամ, շահագրգիռ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Միջազգային դատարանին ներկայացնելով:
Հոդված 22. | Գործողությունը դադարեցնելը |
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը:
2. Գործողության նման դադարեցումը կգործի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից եռամսյա ժամանակահատվածին հաջորդող ամսվա առաջին օրվանից:
Հոդված 23. | Ծանուցումը |
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Կոնվենցիան ստորագրած այլ պետություններին և այլ Կողմերին պետք է ծանուցի.
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 15-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր օրվա մասին,
դ) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հայտարարության մասին:
Ի հավաստումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1999 թվականի նոյեմբերի 4-ին, մեկ բնօրինակով՝ անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, Եվրոպական համայնքին, ինչպես նաև սույն Կոնվենցիային միանալու հրավիրված յուրաքանչյուր պետության:
Ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 1-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|