Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվ
08.06.1949
Ստորագրման ամսաթիվ
08.06.1949
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2006

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների մասին

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1949 թ. հունիսի 8-ին` իր երեսուներկուերորդ նստաշրջանին,

որոշում կայացնելով պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի վեցերորդ կետն է,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

 

հազար ինը հարյուր քառասունինը թվականի հունիսի քսանիննին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի Պետական մարմինների կողմից կնքվող պայմանագրերում աշխատանքային հոդվածների մասին 1949թ. Կոնվենցիա:

 

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն պայմանագրերի նկատմամբ, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններին.

ա) պայմանագրի Կողմերից առնվազն մեկը պետական մարմին է,

բ) պայմանագրի կատարումը կապված է.

i) պետական մարմնի կողմից միջոցների ծախսման հետ, և

ii) պայմանագրի մյուս կողմի կողմից աշխատողներ վարձելու հետ,

գ) պայմանագիրը կնքվում է.

i) հասարակական կառույցների շինարարության, վերափոխման, նորոգման կամ քանդման նպատակով, կամ

ii) նյութերի, գործիքների կամ սարքավորումների արտադրության, հավաքման, պահպանման կամ տեղափոխման նպատակով, կամ

iii) ծառայությունների տրամադրման կամ կատարման նպատակով, և

դ) պայմանագիրը կնքվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամի կենտրոնական մարմնի կողմից, որի նկատմամբ Կոնվենցիան մտել է ուժի մեջ:

2. Իրավասու մարմինը սահմանում է, թե ինչ չափով և ինչպիսի պայմաններում է Կոնվենցիան կիրառվում կենտրոնական մարմնից այլ մարմինների կողմից կնքվող պայմանագրերի նկատմամբ:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է ենթակապալառուների կամ կապալառուի իրավահաջորդների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: Իրավասու մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նշված աշխատանքների նկատմամբ Կոնվենցիայի կիրառումն ապահովելու համար:

4. Այն պայմանագրերը, որոնք իրենց հետ բերում են պետական միջոցների ծախսեր իրավասու մարմինների կողմից որոշված սահմանը չգերազանցող գումարի չափով, գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ (եթե այդպիսիք գոյություն ունեն) խորհրդակցելուց հետո կարող են հանվել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից:

5. Իշխանության իրավասու մարմինը գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ (եթե այդպիսիք գոյություն ունեն) խորհրդակցելուց հետո կարող է սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից հանել այն անձանց, որոնք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կամ որոնց աշխատանքը կրում է տեխնիկական, մասնագիտական կամ գիտական բնույթ, որոնց վարձման պայմանները չեն կարգավորվում ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշոմամբ, և որոնք սովորաբար ֆիզիկական աշխատանք չեն կատարում:

 

Հոդված 2

1. Պայմանագրերը, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, պետք է պարունակեն համապատասխան հոդվածներ շահագրգիռ աշխատողներին աշխատավարձ (ներառյալ՝ հավելավճարներ), աշխատաժամանակի տևողություն և աշխատանքի այլ պայմաններ երաշխավորող հոդվածներ, որոնք պակաս բարենպաստ չեն, քան տվյալ շրջանում համապատասխան մասնագիտությունների կամ արդյունաբերության ճյուղերի համանման բնույթի աշխատանքների նկատմամբ սահմանված պայմանները, ուր աշխատանքն իրականացվում է.

ա) համապատասխան մասնագիտության կամ արդյունաբերության ճյուղերի գործատուների և աշխատողների զգալի մասը ներկայացնող գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև կոլեկտիվ պայմանագրերով կամ բանակցություններ վարելու ճանաչված այլ ձևերով,

բ) կամ միջնորդ դատարանի որոշմամբ,

գ) կամ ազգային օրենսդրությամբ:

2. Այն դեպքերում, երբ այդ շրջանում կատարվող աշխատանքի պայմանները չեն կարգավորվում նախորդ կետում նշված ձևերից որևէ մեկով, պայմանագրում ընդգրկվող հոդվածները համապատասխան աշխատողներին երաշխավորում են աշխատավարձ (ներառյալ՝ հավելավճար), աշխատաժամանակ և այլ պայմաններ, որոնք պակաս բարենպաստ չեն, քան՝

ա) կոլեկտիվ պայմանագրով կամ բանակցությունների այլ ձևով, միջնորդ դատարանի որոշմամբ կամ ազգային օրենսդրությամբ ընդունված մոտակա համապատասխան շրջանում համապատասխան մասնագիտությունների կամ արդյունաբերության ճյուղերի համանման բնույթի աշխատանքների նկատմամբ կոլեկտիվ պայմանագրով կամ այլ ձևով սահմանված պայմանները, կամ

բ) ընդհանուր մակարդակը, որոնք պահպանվում նման պայմաններում գտնվող և նույն արտադրությունում կամ մասնագիտությունում գործող գործատուների կողմից, ինչ կողմը, որոնց հետ պայմանագիր է կնքվում:

3. Պայմանագրերում ներառման ենթակա հոդվածների դրույթները, ինչպես նաև այդ դրույթների տարբեր փոփոխությունները գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ (եթե այդպիսիք գոյություն ունեն) խորհրդակցելուց հետո իրավասու մարմնի կողմից սահմանվում են այնպիսի ձևով, որոնք ավելի համապատասխան են ազգային պայմաններին:

4. Իրավասու մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, պայմանագրերի պայմանների հրապարակման կամ ցանկացած այլ միջոցով, որպեսզի մրցույթին մասնակցող կապալառուները տեղեկացված լինեն հոդվածների պայմաններին:

 

Հոդված 3

Այն դեպքերում, երբ պայմանագրերով աշխատողների առողջությանը, անվտանգությանը և բարեկեցությանը վերաբերող համապատասխան դրույթները ազգային օրենսդրության, կոլեկտիվ պայմանագրի կամ միջնորդ դատարանի որոշման ուժով արդեն կիրառելի չեն, իրավասու մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այդ աշխատողներին արդար և ողջամիտ կերպով առողջապահության, անվտանգության և բարեկեցության պայմաններով ապահովելու համար:

 

Հոդված 4

Սույն Կոնվենցիայի դրույթները կիրարկող կանոնակարգերը և այլ ակտերը պետք է.

ա) i) տեղեկացնեն բոլոր շահագրգիռ անձանց,

ii) սահմանեն այն անձանց, որոնք պատասխանատու են դրանց կատարումն ապահովելու համար,

iii) պարունակեն պահանջներ այն մասին, որ ձեռնարկություններում կամ աշխատանքի վայրում երևացող մասերում տեղադրվեն հայտարարություններ` աշխատողներին իրենց աշխատանքի պայմանների մասին տեղեկացնելու նպատակով,

բ) բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկվում են դրանց արդյունավետ կատարումն ապահովող այլ միջոցներ, նախատեսեն.

i) համապատասխան գրանցումներ աշխատանքային օրվա տևողության և համապատասխան աշխատողներին վճարվող աշխատավարձի մասին, և

ii) դրանց արդյունավետ կիրառումն ապահովելուն ընդունակ տեսչական համակարգ:

 

Հոդված 5

1. Պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերում ընդգրկված աշխատանքային հոդվածների դրույթները չպահպանելու և չկատարելու դեպքում կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ՝ պայմանագրերից հրաժարվելու կամ այլ ձևերով:

2. Աշխատողներին աշխատավարձ ստանալու հնարավորություն ապահովելու նպատակով, որի իրավունքը նրանք ունեն, կիրառվում են անհրաժեշտ միջոցներ` պայմանագրի պայմաններին համաձայն պահումների կամ այլ ձևով:

 

Հոդված 6

Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում ամբողջական տեղեկություններ են բերվում սույն Կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված միջոցառումների մասին:

 

Հոդված 7

1. Եթե Կազմակերպության անդամի տարածքում գոյություն ունեն մեծ շրջաններ, որտեղ բնակչության ցրվածության և զարգացման մակարդակի հետևանքով իրավասու մարմինը անիրագործելի է համարում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, այդ մարմինը գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, որտեղ այդպիսիք գոյություն ունեն, հանում է այդպիսի շրջանները սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից կամ ամբողջությամբ, կամ բացառությամբ որոշ ձեռնարկությունների, կամ այն մասնագիտությունների, որոնք ինքը նպատակահարմար է համարում:

2. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր տարեկան առաջին զեկույցում նշում է բոլոր այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը պատրաստվում է օգտվելու սույն հոդվածի դրույթներից, ինչպես նաև այն պատճառները, որոնց համար ինքը նպատակ ունի օգտվելու այդ դրույթներից: Իր առաջին տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող օգտվել սույն հոդվածի դրույթներից` բացառությամբ նշված շրջանների առնչությամբ:

3. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ, գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելով, եթե այդպիսիք գոյություն ունեն, վերանայում է 1-ին կետի հիման վրա կիրառման ոլորտից հանված շրջանների վրա սույն Կոնվենցիայի կիրառումը տարածելու հնարավորության հարցը:

4. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ իր հետագա տարեկան զեկույցներում նշում է այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է օգտվել սույն հոդվածի դրույթներով նշված իրավունքներից, ինչպես նաև նշում է բոլոր այն միջոցները, որոնք ինքը ընդունել է սույն Կոնվենցիայի կիրառումը նման շրջաններում աստիճանաբար տարածելու նպատակով:

 

Հոդված 8

Ազգային բարեկեցության կամ անվտանգութան համար սպառնալիք ներկայացնող անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) կամ արտակարգ իրավիճակի դեպքում իրավասու մարմինը գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, որտեղ այդպիսիք գոյություն ունեն, կարող է ժամանակավորապես կասեցնել սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը:

 

Հոդված 9

1. Սույն Կոնվենցիան չի կիրառվում Կազմակերպության տվյալ անդամի կողմից կնքված այն պայմանագրերի նկատմամբ, որոնք ուժի մեջ են մտել սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ:

2. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը չի շոշափում Կոնվենցիայի դրույթների կիրառումը մինչև չեղյալ հայտարարումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի նկատմամբ:

 

Հոդված 10

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 11

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

Հոդված 12

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկվող հայտարարությունները նշում են՝

ա) այն տարածքները, որոնց նկատմամբ Կազմակերպության շահագրգիռ անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,

բ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և՝ այդ փոփոխությունների մանրամասները,

գ) այն տարածքները, որոնց վրա Կոնվենցիան չի կիրառվի, և, այդպիսի դեպքերում, չկիրառվելու պատճառները,

դ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա վերապահում է իր որոշումները մինչև դրույթների հետագա վերանայումը:

2. Սույն հոդվածի առաջին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերացման անբաժանելի մասը և նրա հետ ունեն միանման հետևանքներ:

3. Կազմակերպության ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով հրաժարվել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ», «դ» ենթակետերի ուժով իր նախորդ հայտարարություններում պարունակված բոլոր վերապահումներից կամ դրանց մի մասից:

4. Կազմակերպության ցանկացած անդամ այն ժամանակահատվածներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել, 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով փոփոխում է ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և տեղեկացնում որոշակի տարածքների ներկա դրության մասին:

 

Հոդված 13

1. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան, նշում են թե արդյոք սույն Կոնվենցիայի դրույթները տվյալ տարածքում կկիրառվեն փոփոխություններով, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կկիրառվեն փոփոխություններով, նրանում ճշտվում է, թե հիմնականում որոնք են նշված փոփոխությունները:

2. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը կարող են ցանկացած ժամանակ նոր հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում վերապահված փոփոխություններից օգտվելու իրավունքից:

3. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամանակահատվածներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել, 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով փոփոխում է ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և տեղեկացնում Կոնվենցիայի կիրառման հետ կապված գոյություն ունեցող դրության մասին:

 

Հոդված 14

1. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կարող է նրա սկզբնապես ուժի մեջ մտնելու պահից սկսած տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտի միջոցով, որն ուղարկվում է Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին և գրանցվում է նրա կողմից: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարման իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամանակահատվածում և որպես արդյունք կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո՝ այն կարգով, որը սահմանված է սույն հոդվածով:

 

Հոդված 15

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին տեղեկացնում է Կազմակերպության անդամներից վավերացման վերաբերյալ իր ստացած բոլոր փաստաթղթերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին տեղեկացնելով իր ստացած վավերացման վերաբերյալ երկրորդ փաստաթղթի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականի վրա:

 

Հոդված 16

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրանցման համար ուղարկում է ամբողջական տեղեկություններ վավերացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ բոլոր ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 17

Աշխատանքի միջազգային բյուրոյի Ղեկավար մարմինը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկուցագիր է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և որոշում է, թե պետք է արդյոք խորհրդաժողովի օրակարգում հարց մտցնել նրա լրիվ կամ մասնակի վերանայման մասին:

 

Հոդված 18

1. Այն դեպքում, եթե խորհրդաժողովն ընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե նոր կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ինքնաբերաբար, անկախ 14-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

 2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց նոր, վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

Հոդված 19

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 18-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան