Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.817
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2003 թվականի N 996-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` շինարարության թույլտվություն պահանջող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, գործառական նշանակության փոփոխման, ինչպես նաև բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), որոնց մշակման պատվիրատու են հանդիսանում օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված քաղաքաշինական գործունեության սուբյեկտները (այսուհետ` պատվիրատու):

3. Պատվիրատուն համապատասխան լիցենզիա ունեցող` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` նախագծող) կնքում է պայմանագիր և նրան հանձնում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը,

բ) պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը,

գ) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների դեպքում` դրանց տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը,

դ) ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը,

ե) սույն կետի «ա» ենթակետում նշված կարգով տրված` տվյալ օբյեկտի նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերը և արտաքին ինժեներական ցանցերին միանալու տեխնիկական պայմանները (տեխնիկատնտեսական պայմանները):

Պատվիրատուի և նախագծողի փոխադարձ համաձայնությամբ` նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված նյութերը կամ դրանց մի մասը:

4. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պատվիրատուն նախագծողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին, ինչպես նաև դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պարտադիր կազմվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են պատվիրատուի որոշմամբ:

6. Նախագծային փաստաթղթերը, կախված նախագծվող օբյեկտի ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից, կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:

7. Նախագծային փաստաթղթերի 2 փուլով մշակման դեպքում հաստատվող փուլ է համարվում «Նախագիծ» փուլը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել շինարարության թույլտվություն: «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված նախագծի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:

8. Նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը սահմանվում են նախագծային կապալի պայմանագրով: Նախագծային լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

9. Նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման միջանկյալ համաձայնեցման` «Էսքիզային նախագիծ» փուլի մշակման պայման, օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումների` պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախնական համաձայնեցման համար:

10. Նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով: Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով ամրագրված պայմաններին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում կարող են մշակվել լրացուցիչ նյութեր, որոնց բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծային առաջադրանքում:

11. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը նախագծողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ, պայմանագրով նախատեսված դեպքերում` նախագծողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշմանը համապատասխան, որոնցով սահմանված դեպքերում փորձաքննությունը, պատվիրատուի և նախագծողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:

Համալիր փորձաքննության պարտադիր ենթակա են սույն կարգի NN 1 և 2 հավելվածների ցանկերում ընդգրկված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 237 որոշմամբ սահմանված սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտները:

Նախագծային փաստաթղթերը ենթակա են բնապահպանական փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին (այսուհետ` իրավասու մարմին)` համաձայնեցման: Իրավասու մարմինը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակությանը:

14. Նախագծային փաստաթղթերը պետք է համաձայնեցվեն դրանք ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում, իսկ հասարակությանն իրազեկելու դեպքում` ներկայացվելու օրվանից 21-օրյա ժամկետում: Դիտողություններով վերադարձված նախագծային փաստաթղթերի համաձայնեցման համար նշված ժամկետը հաշվարկվում է դրանք կրկին ներկայացվելու օրվանից 5-օրյա ժամկետում:

15. Համաձայնեցված կառուցապատման նախագիծը հաստատում է պատվիրատուն: Այն հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար:

16. Կառուցապատողի ցանկությամբ` շինարարության թույլտվությունը կարող է տրվել իրավասու մարմնի (բացառությամբ Երևանի քաղաքապետի) կողմից` տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերը սույն կարգին համապատասխան համաձայնեցնելու և կառուցապատողի կողմից դրանք հաստատելու ընթացակարգերի հետ միաժամանակ:

Սույն կետի առաջին մասով սահմանված գործառույթների համատեղման ընթացակարգը Երևանում սահմանում է Երևանի խորհուրդը` օրենքի, սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան, որը ենթակա է հաստատման` Երևանի քաղաքապետի կողմից:

17. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

18. Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան