Գլխավոր տեղեկություն
Համար
N 1048-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2003-06.01.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2003 թվականի N 1048-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հաշվապահի որակավորման վկայականներն ուժի մեջ են մնում մինչև դրանցում նշված ժամկետը լրանալը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարող են օգտվել սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անցկացվող հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում քննության մասնակիցները:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է օրենքներով (մասնավորապես` «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլն) սահմանված դեպքերում պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման գործընթացը:

2. Հաշվապահների որակավորումն իրականացվում է հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ՝ դիմող) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա:

3. Դիմողների որակավորման քննությունների (այսուհետ՝ քննություն) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

Հանձնաժողովն իր պարտականությունների կատարումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) հետ, որի վրա դրված է այդ պարտականությունը:

4. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր՝

ա) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ

բ) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

գ) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

դ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատում են հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

Սույն կարգի կիրառման նպատակով մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:

5. Քննությանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է՝

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ձևի դիմում.

բ) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.

գ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

դ) երկու լուսանկար՝ 3x4 չափսի.

ե) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):

6. Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին: Փաստաթղթերի ներկայացման ժամանակ տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պարտավոր է տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնել մինչև քննության սկիզբը:

7. Քննություններն անցկացվում են պարբերաբար՝ հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամի (այսուհետ` հանձնաժողովի նախագահ) որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ` հանձնաժողովի նախագահի գրությամբ:

8. Դիմողին թույլատրվում է մասնակցել քննության՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող կամ պետական տուրքի վճարման անդորրագիր չներկայացրած, ինչպես նաև մինչև քննության սկիզբը չներկայացած դիմողը համարվում է չներկայացած և չի մասնակցում տվյալ օրվա քննությանը:

9. Քննությունն անցկացվում է հայերենով՝ գրավոր: Քննության հարցաթերթիկները բաղկացած են 2 բաժնից՝ թեստեր (I բաժին) և խնդիրներ (II բաժին):

Հարցաթերթիկի I բաժնում ներառվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին վերաբերող 35, հաշվային պլանին՝ 10, հարկերին և այլ պարտադիր վճարներին՝ 20, տնտեսական իրավունքին և աուդիտին՝ 10 հարցեր (թեստեր), իսկ II բաժնում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների, ֆինանսական վերլուծության և հաշվապահական հաշվառման վերաբերյալ երկուական (ընդամենը՝ 6) խնդիր:

Հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը), ինչպես նաև այն ծրագիրը, որի շրջանակում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները, հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

10. Հարցաթերթիկները կազմվում են քննության օրը, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով` հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ` 7 տարբերակից: Այդ նպատակով հանձնաժողովի անդամները հրավիրվում են քննությունից մեկ ժամ առաջ և նրանցից վիճակահանությամբ ընտրվում են երեքը, ովքեր պետք է ներկա լինեն հարցաթերթիկների պատրաստմանը: Պատրաստված 7 տարբերակից պատահական ընտրությամբ ընտրվում է 3 տարբերակ, որոնք պետք է բազմացվեն և բաժանվեն քննության մասնակիցներին:

11. Քննությունն անցկացվում է դռնբաց:

12. Մինչև քննության սկիզբը հայտարարելը հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը մասնակիցներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները մասնակիցներին բաժանելու ավարտը:

13. Քննության տևողությունը սահմանվում է 4 ժամ, որը լրանալուց անմիջապես հետո մասնակիցը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովի նախագահին: Հարցերի պատասխանները և լուծումները գրվում են հանձնաժողովի տրամադրած՝ ծածկագրված (անթափանց թաղանթով պատված) թղթերի վրա: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:

14. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո`

ա) եռամսյա ժամանակահատվածում անցկացվող քննությունների ընթացքում մասնակցին չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից ու ծածկաթերթիկներից.

բ) չորրորդ ամսվանից սկսած անցկացվող քննությունների ընթացքում մասնակցին թույլատրվում է օգտվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած ցանկում ընդգրկված նորմատիվ իրավական ակտերից և (կամ) գրականությունից, սակայն չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից ու ծածկաթերթիկներից:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսի որոշմամբ, մասնակիցը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն):

Քննության ընթացքում մասնակիցը կարող է քննասենյակից դուրս գալ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, ընդ որում, մասնակցի՝ քննասենյակ վերադառնալու և քննությունը շարունակելու պայմանով դուրս գալու դեպքում նրան պետք է ուղեկցի հանձնաժողովի անդամներից մեկը՝ սույն կետի պահանջների խախտումը կանխելու նպատակով:

15. Քննության արդյունքները գնահատվում են 170 միավորի սահմաններում: Ընդ որում, յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր, բացառությամբ հաշվային պլանին վերաբերող 10 հարցի, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ խնդիրներից յուրաքանչյուրինը՝ 5 միավոր:

16. Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը`

ա) սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմաններով քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 85 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից՝ առնվազն 16 միավոր, տնտեսական իրավունքի ու աուդիտի վերաբերյալ հարցերից՝ առնվազն 8 միավոր, խնդիրներից՝ առնվազն 12 միավոր.

բ) սույն կարգի 14-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմաններով քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 136 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից՝ առնվազն 28 միավոր, տնտեսական իրավունքի ու աուդիտի վերաբերյալ հարցերից՝ առնվազն 14 միավոր, խնդիրներից՝ առնվազն 15 միավոր:

17. Հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում մասնակցին որակավորված համարելու կամ չհամարելու մասին՝ հաշվի առնելով սույն կարգի 16-րդ կետի պահանջները: Մասնակիցները որակավորված են համարվում հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից:

18. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական (այսուհետ` վկայական), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

Վկայականը տալիս է հանձնաժողովի քարտուղարը՝ որակավորման մասին որոշման ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում:

19. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

20. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են հանձնաժողովի անդամների և համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից վկայականը տրվելուց հետո, ապա վերջիններս պարտավոր են դրա մասին գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին, որն էլ 10-օրյա ժամկետում կարող է որոշում ընդունել վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին, եթե այդ փաստերը այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմողին չէր թույլատրվի մասնակցել քննությանը:

21. Քննության արդյունքներով չորակավորված, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած դիմողը քննությանը նորից կարող է մասնակցել սույն կարգով սահմանված պայմաններով:

22. Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 30 օրվա ընթացքում կամ դատական կարգով:

23. Կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն, որակավորված հաշվապահի գրավոր դիմումի հիման վրա, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից տրվում է նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:

24. Համապատասխան ստորաբաժանումը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան, որում լրացվում են դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, դիմումի գրանցման համարը, նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին, հանձնաժողովի համապատասխան որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը, որակավորման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան