Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.2003-09.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.406
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 390-Ն

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 3-ի N 390-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը:

2. Հրդեհաշիջումը մարդկանց ու գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն ուղղված մարտական գործողություն է, որի կատարման ժամանակ ջրի անհրաժեշտ քանակը պետք է տրամադրվի անարգել` անկախ առկա ջրի նպատակային նշանակության և պատկանելության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ջրի օգտագործումը կարող է հանգեցնել տեխնոլոգիական պրոցեսների վտանգավոր խաթարումների:

3. Հրդեհաշիջման համար օգտագործվող ջուրը կարող է վերցվել պետական սեփականություն հանդիսացող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին՝ տիրապետման և օգտագործման իրավունքով պատկանող ջրային ռեսուրսներից ու համակարգերից:

4. Ջրօգտագործումը դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում տեղակայված ջրաղբյուրներից կարող է իրականացվել միայն այդ մարմինների թույլտվությամբ:

5. Հրդեհաշիջման նպատակով ջուր վերցնելու հետևանքով պատճառված վնասները ենթակա են հետագա փոխհատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (այսուհետ՝ հակահրդեհային ծառայություն) ստորաբաժանումները հրդեհաշիջման նպատակով ջուրն օգտագործելիս բաժանորդ (ենթաբաժանորդ) չեն հանդիսանում:

7. Հրդեհի մարման համար խմելու ջուրը բնակավայրերի ջրամատակարարման համակարգերից վերցվում է ցանցի վրա տեղադրված հակահրդեհային ջրածորանների (հիդրանտներ) կամ այդ նպատակի համար մոնտաժված լցավորող ծորակների միջոցով:

8. Հակահրդեհային ջրածորանների կամ լցավորող սարքերի աշխատունակության նկատմամբ հսկողությունը պարբերաբար իրականացնում է հակահրդեհային ծառայությունը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում սեփականատիրոջը, ընդ որում`

ա) հորն ու տեղադրված սարքերը սարքին վիճակում պահելու և նորոգման աշխատանքներն իրականացնում է սեփականատերը.

բ) հորերում տեղադրված հակահրդեհային ջրածորաններից արագ լցավորման համար լրացուցիչ սարքերի տեղադրման անհրաժեշտության դեպքում այն իրականացնում է հրշեջ ծառայությունը։

9. Հրդեհի մարման ժամանակ ջրամատակարար կազմակերպության ներկայացուցիչը ներկայանում է լցավորման սարքի տեղադրման վայր, ինչպես այդ սարքի բնականոն աշխատանքի ապահովման, այնպես էլ ծախսված ջրի քանակի հաշվարկման և փոխադարձ ակտի կազմման համար։

10. Հրդեհաշիջման նպատակով օգտագործված ջրի քանակը (ջրաչափերի ցուցմունքների բացակայության դեպքում) որոշվում է հակահրդեհային ծառայության, ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության և բաժանորդի (ենթաբաժանորդի) հետ համատեղ կազմված ակտի հիման վրա։

11. Հրդեհաշիջումից հետո հրշեջ մեքենաները կարող են լցավորվել ինչպես հրդեհի մոտակայքում գտնվող ջրային ռեսուրսներից և համակարգերից, այնպես էլ հրշեջ մասերից:

12. Հրդեհաշիջման նպատակով կարող են օգտագործվել խմելու ջուրը, ինչպես նաև ոռոգման, արհեստական ու բնական ջրամբարների, լճերի, լճակների, ջրավազանների, ջրանցքների, գետերի և առուների ջրերն ու անդրսահմանային ջրային ռեսուրսները։

13. Երկարատև և բարդ հրդեհների ընթացքում հրդեհային տեխնիկան ջրային ռեսուրսներին ու համակարգերին մոտեցնելու և ջրօգտագործումը հեշտացնելու նպատակով կարող են կառուցվել ճանապարհներ, մատույցներ, կառամատույցներ ու փոսորակներ:

14. Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի, կրակմարիչների լցավորման և հակահրդեհային պլանային միջոցառումների իրականացման համար ջրօգտագործումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան