Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Սույն Կոնվենցիայի Կողմ պետությունները`
նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության վերաբերյալ նպատակներն ու սկզբունքները և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացումը.
ընդունելով, մասնավորապես, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անվտանգության իրավունք, որը նախատեսված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով.
վերահաստատելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան՝ պետությունների միջև համագործակցության և բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրով, ինչպես նաև Գլխավոր Ասամբլեայի համապատասխան այլ բանաձևերով ամրագրված` ժողովուրդների հավասարության իրավունքը և ինքնորոշման սկզբունքը.
հաշվի առնելով, որ պատանդներ վերցնելը համարվում է միջազգային հանրության լուրջ մտահոգությունն առաջացնող հանցագործություն և այն, որ պատանդներ վերցնող յուրաքանչյուր անձ պետք է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան քրեական հետապնդման ենթարկվի կամ հանձնվի.
համոզված լինելով, որ անհրաժեշտ է պետությունների միջև զարգացնել միջազգային համագործակցությունը՝ որպես միջազգային ահաբեկչության դրսևորում՝ պատանդներ վերցնելու բոլոր գործողությունները կանխելու, հետապնդելու և պատժելու համար` արդյունավետ միջոցներ մշակելու և ընդունելու նպատակով.
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիայի իմաստով պատանդներ վերցնելու հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը վերցնում կամ պահում և սպառնում է սպանել, վնաս հասցնել կամ շարունակել պահել (պատանդներ վերցնելը) այլ անձանց (այսուհետ՝ պատանդ)` նպատակ ունենալով ստիպել երրորդ կողմին, մասնավորապես՝ պետությանը, միջազգային միջկառավարական կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անձանց խմբին՝ կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից` պատանդին ազատելը դնելով որպես ակնհայտ կամ ոչ ակնհայտ պայման:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը՝
ա) որը փորձում է կատարել պատանդ վերցնելու գործողություն, կամ.
բ) հանցակից է որևէ անձի, որը կատարում է կամ փորձում է կատարել պատանդ վերցնելու գործողություն, մասնակցում է դրան:
Հոդված 2
Յուրաքանչյուր Կողմ պետություն համապատասխան պատժամիջոցներ է սահմանում 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար՝ հաշվի առնելով դրանց ծանր բնույթը:
Հոդված 3
1. Այն Կողմ պետությունը, որի տարածքում հանցագործը պահում է պատանդին, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք նպատակահարմար կհամարի, որպեսզի թեթևացնի պատանդի վիճակը, մասնավորապես՝ ապահովի նրա ազատումը և ազատվելուց հետո դյուրացնի համապատասխան դեպքում նրա մեկնումը:
2. Եթե պատանդներ վերցնելու արդյունքում հանցագործի կողմից ձեռք բերված ցանկացած առարկա հայտնվում է Կողմ պետության տիրապետության ներքո, ապա նա որքան հնարավոր է շուտ այն վերադարձնում է պատանդին կամ 1-ին հոդվածով նախատեսված երրորդ կողմին կամ՝ ելնելով հանգամանքներից, համապատասխան մարմիններին:
Հոդված 4
Կողմ պետությունները պետք է համագործակցեն 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման գործում, մասնավորապես՝
ա) իրենց համապատասխան տարածքներում ձեռնարկելով գործնական բոլոր միջոցները այդ տարածքներում կամ դրանցից դուրս հանցագործությունների կատարման նախապատրաստումը կանխելու համար, ներառյալ՝ այն միջոցները, որոնք իրենց տարածքներում արգելում են այն անձանց, խմբերի և կազմակերպությունների կողմից անօրինական գործողությունները, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում կամ մասնակցում են պատանդ վերցնելու գործողությունների կատարմանը.
բ) փոխանակելով տեղեկատվություն և համակարգելով այդ հանցագործությունների կանխմանն ուղղված համապատասխան վարչական և այլ անհրաժեշտ միջոցառումները:
Հոդված 5
1. Յուրաքանչյուր Կողմ պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար, երբ հանցագործությունները կատարվում են՝
ա) իր տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված օդանավում կամ նավում.
բ) տվյալ պետության քաղաքացու կողմից կամ՝ եթե պետությունը նպատակահարմար է գտնում, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից, որոնք մշտապես բնակվում են նրա տարածքում.
գ) տվյալ պետությանը հարկադրելով կատարել ցանկացած գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կամ
դ) տվյալ պետության քաղաքացի հանդիսացող պատանդի նկատմամբ, եթե տվյալ պետությունը նպատակահարմար է գտնում:
2. Յուրաքանչյուր Կողմ պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում՝ 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը նաև այն դեպքերում տարածելու համար, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում և նա այդ անձին չի հանձնում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված որևէ Կողմ պետության:
3. Սույն Կոնվենցիան չի բացառում ներպետական օրենսդրությանը համապատասխան ցանկացած քրեական իրավազորության իրականացումը:
Հոդված 6
1. Համոզված լինելով, որ հանգամանքները դա են պահանջում, ցանկացած Կողմ պետություն, որի տարածքում է գտնվում ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրությանը համապատասխան նրան կալանքի է վերցնում կամ անհրաժեշտ այլ միջոցներ է ձեռնարկում քրեական հետապնդում կամ հանձնման վարույթ հարուցելու նպատակով տվյալ անձի ներկայության համար: Տվյալ Կողմ պետությունն անհապաղ իրականացնում է փաստերի նախաքննություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կալանքի կամ այլ միջոցների կիրառման մասին՝ ուղղակիորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով, անհապաղ ծանուցվում են՝
ա) այն պետությունը, որտեղ կատարվել է հանցագործությունը.
բ) այն պետությունը, որի դեմ ուղղված կամ նախաձեռնված է եղել հարկադրանքը.
գ) այն պետությունը, որի քաղաքացու կամ իրավաբանական անձի դեմ է ուղղված կամ նախաձեռնված եղել հարկադրանքը.
դ) այն պետությունը, որի քաղաքացի է հանդիսանում պատանդը, կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է.
ե) այն պետությունը, որի քաղաքացի է հանդիսանում ենթադրյալ հանցագործը, կամ՝ եթե քաղաքացիություն չունեցող անձ է, պետությունը, որի տարածքում նա մշտապես բնակվում է.
զ) միջազգային միջկառավարական կազմակերպությունը, որի դեմ է ուղղված կամ նախաձեռնված եղել հարկադրանքը.
է) բոլոր այլ շահագրգիռ պետությունները:
3. Յուրաքանչյուր անձ, որի նկատմամբ ձեռնարկվել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, իրավունք ունի՝
ա) առանց հետաձգման կապվել իր քաղաքացիության պետության ամենամոտ համապատասխան ներկայացուցչի կամ այն պետության ներկայացուցչի հետ, որն այլ ձևով իրավասու է նման կապ հաստատել, կամ՝ եթե տվյալ անձը քաղաքացիություն չունի, ապա այն պետության, որի տարածքում նա մշտական բնակության վայր ունի.
բ) տվյալ պետության ներկայացուցչի այցելության:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքները իրականացվում են այն պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը՝ պայմանով, սակայն, որ նշված օրենքները և կանոնակարգերը նպաստեն այն նպատակների ամբողջական իրագործմանը, որոնց համար տրամադրվել են սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքները:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չպետք է վնասեն 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրավազորություն ստանալու իրավունք ունեցող որևէ Կողմ պետության իրավունքին` հրավիրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ենթադրյալ հանցագործին այցելելու կամ նրա հետ հաղորդակցվելու համար:
6. Պետությունը, որն իրականացնում է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նախաքննությունը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված պետություններին կամ կազմակերպությանը անհապաղ հայտնում է վարույթի արդյունքները և նշում, թե ինքը մտադիր է արդյոք իրավազորություն իրականացնել:
Հոդված 7
Կողմ պետությունը, որի տարածքում հետապնդվում է ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրությանը համապատասխան, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնում է վարույթի վերջնական արդյունքների մասին, որն այդ տեղեկատվությունը փոխանցում է այլ շահագրգիռ պետություններին և շահագրգիռ միջազգային միջկառավարական կազմակերպություններին:
Հոդված 8
1. Եթե Կողմ պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, չի հանձնում տվյալ անձին, ապա պարտավորվում է առանց որևէ բացառության և անկախ նրանից՝ հանցագործությունն իր տարածքում է կատարվել, թե ոչ, գործը հանձնել իր իրավասու մարմիններին՝ իր օրենսդրությանը համապատասխան դատավարության միջոցով դատական հետապնդում իրականացնելու համար: Այդ մարմինները որոշում են ընդունում նույն կարգով, ինչ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված է որևէ այլ ծանր տեսակի հանցագործության դեպքում:
2. Անձի համար, որի առնչությամբ դատաքննություն է իրականացվում 1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունների կատարման համար, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք դատաքննության բոլոր փուլերում, ներառյալ՝ բոլոր իրավունքներից և երաշխիքներից օգտվելը այն պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ նա գտնվում է:
Հոդված 9
1. Հայցվող Կողմ պետության կողմից, սույն Կոնվենցիային համապատասխան, ենթադրյալ հանցագործի հանձնման վերաբերյալ խնդրանքը չպետք է կատարվի, եթե նա էական հիմքեր ունի ենթադրելու, որ՝
ա) անձին հետապնդելու կամ նրան պատժելու համար 1-ին հոդվածում սահմանված հանցագործությունների կատարման վերաբերյալ հանձնման մասին խնդրանքը տրվել է, ելնելով նրա ռասայական, կրոնական, ազգային կամ էթնիկական պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից, կամ
բ) տվյալ անձի վիճակին կարող է վնաս հասցվել՝
i) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պատճառներից մեկով, կամ
ii) նրա պաշտպանությունն իրականացնելու իրավունք ունեցող պետության համապատասխան մարմինները չեն կարող կապվել նրա հետ:
2. Սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների նկատմամբ հանձնման վերաբերյալ Կողմ պետությունների միջև գործող բոլոր համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները այդ պետությունների հարաբերություններում կդիտվեն փոփոխված այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են Կոնվենցիային:
Հոդված 10
1. 1-ին հոդվածում նշված հանցագործությունները՝ որպես հանձնման ենթակա հանցագործություններ, պետք է համարվեն ընդգրկված հանձնման վերաբերյալ Կողմ Պետությունների միջև գործող ցանկացած պայմանագրում: Կողմ Պետությունները պարտավորվում են այդ հանցագործությունները՝ որպես հանձնման ենթակա հանցագործություններ, ներառել իրենց միջև կնքվող հանձնման վերաբերյալ յուրաքանչյուր պայմանագրում:
2. Եթե Կողմ պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման վերաբերյալ խնդրանքն ստանում է մեկ այլ Կողմ պետությունից, որի հետ հանձնման մասին պայմանագիր չունի, իր հայեցողությամբ կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես իրավական հիմք 1-ին հոդվածում սահմանված հանցագործություններով հանձնում իրականացնելու համար: Հանձնումն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան, որին հանձնման մասին խնդրանք է ուղարկվել:
3. Կողմ պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, կարող են 1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունները միմյանց միջև դիտել որպես հանձնման ենթակա՝ այն պետության օրենսդրության պայմաններին համապատասխան, որին խնդրանքն ուղարկվել է:
4. 1-ին հոդվածում սահմանված հանցագործությունները կդիտվեն որպես հանձնման ենթակա, եթե դրանց կատարման վայր են հանդիսանում նաև այն պետությունների տարածքները, որոնք 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատել են իրենց իրավազորությունը:
Հոդված 11
1. Կողմ պետությունները միմյանց առավել ամբողջական օգնություն են տրամադրելու 1-ին հոդվածով նշված հանցագործությունների վերաբերյալ գործերով քրեադատավարական գործողությունների իրականացման կապակցությամբ, ներառյալ՝ դատավարության համար անհրաժեշտ և իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների տրամադրումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն ազդում փոխադարձ իրավական օգնության մասին որևէ այլ պայմանագրով նախատեսված պարտավորությունների վրա:
Հոդված 12
Այն դեպքում, երբ զինված հակամարտությունների ժամանակ կատարված պատանդներ վերցնելու հանցագործությունների նկատմամբ կիրառվում են Պատերազմից տուժած անձանց պաշտպանության մասին Ժնևի 1949թ. Կոնվենցիան կամ դրա լրացուցիչ արձանագրությունները, որոնցով Կողմ պետությունները պարտավորվում են դատական կարգով հետապնդել կամ փոխանցել պատանդներ վերցնող անձանց, ապա սույն Կոնվենցիան չի տարածվում դրանց նկատմամբ: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ 1977թ. N 1 Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն ժողովուրդները պայքարում են գաղութատիրության, օտար զավթիչների և ռասիստական ռեժիմի դեմ՝ իրականացնելով իրենց ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ և դրան համապատասխան ընդունված՝ պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանն առնչվող Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրով:
Հոդված 13
Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է մեկ պետության շրջանակներում, պատանդը և ենթադրյալ հանցագործն այդ պետության քաղաքացիներ են և ենթադրյալ հանցագործը գտնվում է այդ պետության տարածքում:
Հոդված 14
Ոչինչ սույն Կոնվենցիայում չի մեկնաբանվում որպես որևէ պետության տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախության խախտումը արդարացնող` ի հակադրում Միավորված ազգերի կազմակերպություն Կանոնադրության:
Հոդված 15
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդում սույն Կոնվենցիայի ընդունման ժամանակ գործող ապաստանի մասին պայմանագրերի կիրառման վրա՝ այդ պայմանագրերի Կողմ պետությունների միջև. սակայն սույն Կոնվենցիայի Կողմ պետությունը չի կարող դիմել այդ պայմանագրերի Կողմ այլ պետությունների օգնությանը, ինչպես նաև այդ պայմանագրերի մասնակից չհանդիսացող պետություններին:
Հոդված 16
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Կողմ պետությունների միջև ծագող ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով կարող է ներկայացվել արբիտրաժ: Եթե արբիտրաժի մասին խնդրանքը ներկայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերը համաձայնության չեն գալիս արբիտրաժի կազմավորման վերաբերյալ, ապա Կողմերից որևէ մեկի խնդրանքով վեճը կարող է ներկայացվել Միջազգային դատարան՝ նրա Կանոնադրությանը համապատասխան:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս հայտարարել, որ պարտավորված չէ սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս Կողմ պետությունները նույնպես պարտավորված չեն սույն հոդվածի 1-ին կետով՝ նման վերապահում կատարած ցանկացած Կողմ պետության նկատմամբ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է բոլոր պետությունների համար մինչև 1980թ. դեկտեմբերի 31-ը՝ Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է յուրաքանչյուր պետության համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Հոդված 18
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին վավերացման կամ միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեսուն օր հետո:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը Կոնվենցիան վավերացրել է կամ դրան միացել է Կոնվենցիայի վավերացման կամ դրան միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո, այն ուժի մեջ կմտնի նման պետության կողմից վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից երեսուն օր հետո:
Հոդված 19
1. Յուրաքանչյուր Կողմ պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:
Հոդված 20
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը սույն Կոնվենցիայի հաստատված պատճեններն ուղարկում է բոլոր պետություններին:
Ի հավաստումն որի, ներքոստորագրյալները՝ դրա համար պատշաճորեն լիազորված լինելով իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը ստորագրման համար բացվել է 1979 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Նյու Յորքում:
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլիի 15-ից
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|