Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2003-12.01.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2003 թվականի N 176-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

ա) ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) ոստիկանության բժշկական հանձնաժողովի լիազորությունները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 176-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ոստիկանության բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ոստիկանության բժշկական հաստատության կազմում գործող ծառայություն է, որը ոստիկանության համակարգում իրականացնում և ղեկավարում է ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները: Հանձնաժողովին ռազմաբժշկական փորձաքննության հարցերով ենթարկվում է հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ ստորադաս հանձնաժողով):

2. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և անկյունային դրոշմակնիք: Հանձնաժողովը համալրվում է հետևյալ բժիշկ-մասնագետներով՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, նարկոլոգ, հոգեբույժ, հոգեբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկավեներաբան, ատամնաբույժ:

3. Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ ոստիկանության պետ) կողմից՝ ոստիկանության բժշկական հաստատության պետի ներկայացմամբ: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից։ Հանձնաժողովի գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում նշանակումները կատարվում են ոստիկանության պետի կողմից։

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, իսկ ոստիկանության զորքերի զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնելիս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով:

Ոստիկանության զորքերի զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնելիս հանձնաժողովը ղեկավարվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով:

5. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություններ իրականացնում է ոստիկանության կադրային ստորաբաժանման, ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։

6. Ուղեգրում նշվում են ռազմաբժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերը, փորձաքննության անցկացման նպատակը, ինչպես նաև փորձաքննության ներկայացված անձի կարգավիճակը (ոստիկանությունում ծառայության ընդունվող, ոստիկանության համակարգում այլ ծառայության տեղափոխվող, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվող, ոստիկանությունից ազատվող)։

7. Մինչև ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը պահանջվում է հանձնաժողով ներկայացնել ոստիկանությունում ծառայության ընդունվողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորելու համար դիմած անձին վերաբերող հետևյալ փաստաթղթերը՝

ա) զինվորական գրքույկ (պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից օգտվողների համար՝ կցագրման վկայական),

բ) ամբուլատոր քարտից քաղվածք՝ վերջին 5 տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի),

գ) տեղեկանքներ՝ նարկոլոգիական, հոգենյարդաբանական, հակատուբերկուլյոզային դիսպանսերներից։

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ։

8. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնում է թերապևտ, վիրաբույժ, հոգեբույժ, մաշկավեներաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ատամնաբույժ, նյարդաբան, նարկոլոգ բժիշկ-փորձագետների կազմով։ Ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ իրականացվում է նաև արյան և մեզի ընդհանուր քննություն, կրծքավանդակի օրգանների ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, հոգեֆիզիոլոգիական հետազոտություն։ Կանայք հետազոտվում են նաև գինեկոլոգի կողմից։

9. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, ձայների մեծամասնությամբ, կոլեգիալ կազմով ընդունում է որոշում։ Հետազոտվողի՝ ոստիկանությունում ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատական գնահատման եղանակով։ Եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի առանձին անդամ համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, ապա վերջինիս եզրակացությունը հիվանդության վկայագրում կամ տեղեկանքում գրանցվում է որպես մասնավոր կարծիք։

10. Հանձնաժողովը բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

ա) ոստիկանությունում ծառայության ընդունվողների վերաբերյալ՝

«Պիտանի է ծառայության համար՝ որպես ________________________________»,
                                                                               (նշել պաշտոնը)

«Պիտանի չէ ծառայության համար՝ որպես _______________________________».
                                                                               (նշել պաշտոնը)
 
բ) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների վերաբերյալ՝
 
«Պիտանի է ընդունման ______________________________________________ »,
                                                      (նշել ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը)
 
«Պիտանի չէ ընդունման _____________________________________________ ».
                                                                    (նշել ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը)
 
գ) ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների վերաբերյալ՝
 
«Պիտանի է ուսանելու _______________________________________________ »,
                                                                                 (նշել ուսումնական հաստատության անվանումը)
 
«Պիտանի չէ ուսանելու ______________________________________________ ».
                                                                                (նշել ուսումնական հաստատության անվանումը)

 

դ) ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ՝

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի է»,

«Պիտանի է ոստիկանությունում ոչ շարային ծառայության համար՝ խաղաղ ժամանակ, 1-ին աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ»,

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի չէ խաղաղ ժամանակ,

2-րդ աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ»,

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի չէ՝ հանելով հաշվառումից»,

«Ժամանակավոր անաշխատունակության պատճառով ենթակա է ոստիկանությունում ծառայությունից երկարատև ազատման»:

11. Բժշկական փորձաքննության ընթացքում ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ հիվանդությունների, վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) հայտնաբերման բոլոր դեպքերում որոշվում է դրանց և ոստիկանությունում ծառայության անցման միջև առկա պատճառական կապը:

12. Հանձնաժողովը սույն կարգի և պայմանների 11-րդ կետում նշված որոշումներն ընդունում է հավաստի տվյալների առկայության դեպքում. ոստիկանության ծառայողի հիվանդություններ, վնասվածքներ ստանալու հանգամանքների վերաբերյալ կադրային ստորաբաժանման կամ ծառայողի անմիջական ղեկավարի կազմած ակտի հիման վրա։ Ակտը կազմվում է ծառայողական քննության, հետաքննության, նախաքննության նյութերի, ատեստացիայի, ծառայողական բնութագրերի, բժշկական հիմնարկներից տրված տեղեկանքների, հիվանդության պատմագրերի, հիվանդության վկայագրության, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումների հիման վրա, եթե դրանք լրացվել են վնասվածքներն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։ Ակտը հաստատվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից։

13. Հիվանդությունների, վնասվածքների և ոստիկանությունում ծառայության անցման միջև պատճառական կապը որոշելիս հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) «Հիվանդությունն ստացել է ոստիկանությունում ծառայության ընթացքում»՝ եթե այն առաջացել է ոստիկանությունում ծառայության ընթացքում կամ, եթե հիվանդությունն ունեցել է մինչև ոստիկանությունում ծառայության անցնելը, սակայն ծառայության ընթացքում հիվանդությունը խորացել է այն աստիճան, որ սահմանափակել է պիտանությունը: Այս կետին են վերաբերում նաև այն դեպքերը, երբ մինչև ծառայությունն ստացած հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով՝ ոստիկանությունում ծառայության ընթացքում զարգացել են պաթոլոգիական փոփոխություններ, որոնք էլ հանգեցրել են ոստիկանությունում ծառայության պիտանության սահմանափակման:

Սույն ձևակերպմամբ են նաև ընդունվում որոշումներ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց փորձաքննության մասին՝ այն դեպքերում, երբ նրանց մոտ հայտնաբերվում են ոստիկանությունում ծառայության ընթացքում ստացած հիվանդությունների, վնասվածքների հետևանքներ, սակայն դրանց ստացման մասին հավաստի տեղեկությունները բացակայում են.

բ) «Հիվանդությունը կապված չէ ոստիկանությունում ծառայության հետ»՝ եթե այն առաջացել է ոչ թե ոստիկանությունում ծառայության ընթացքում, այլ՝ մինչև ոստիկանությունում ծառայության անցնելը, և ոստիկանությունում ծառայությունը չի ազդել արդեն իսկ ունեցած հիվանդության և ոստիկանությունում ծառայության համար պիտանության վրա:

14. Հիվանդությունը կամ վնասվածքը համարվում է ոստիկանությունում ծառայության ընթացքում առաջացած, եթե ոստիկանությունում ծառայողը հիվանդացել կամ վնասվածքն ստացել է`

ա) ծառայության գնալիս կամ ծառայությունից վերադառնալիս, գործուղման մեկնելիս կամ գործուղումից վերադառնալիս,

բ) ոստիկանության ստորաբաժանման տարածքում կամ աշխատանքի (ուսուցման) վայրում աշխատանքի (ուսուցման) ժամանակ՝ ներառյալ ընդմիջումը, եթե ծառայողի կողմից չեն խախտվել ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները,

գ) հատկապես վտանգավոր համաճարակների օջախում ծառայություն իրականացնելիս,

դ) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ռադիոակտիվ ճառագայթներով, այլ իոնիզացնող ճառագայթներով, ինչպես նաև թունավոր նյութերով ախտահարվելիս,

ե) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցրտահարվելու կամ այրվածքներ ստանալու հետևանքով: 

15. Վնասվածքը կամ վիրավորումը չի համարվում ոստիկանությունում ծառայության ընթացքում առաջացած, եթե ծառայողն այն ստացել է՝

ա) դժբախտ պատահարի,

բ) ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև ինքնավնասման հետևանքով։

16. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց փորձաքննության ընթացքում, եթե նրանց մոտ հիվանդությունների հետ համատեղ առկա են վնասվածքների հետևանքներ, ապա հիվանդությունների, վնասվածքների և ոստիկանությունում ծառայության անցնելու միջև պատճառական կապի մասին որոշումն ընդունվում է առանձին՝ սույն կարգի և պայմանների 14-րդ կետով նախատեսված ձևակերպումներով:

17. Ռազմաբժշկական փորձաքննության ենթարկվածների առողջական վիճակի մասին տեղեկությունները և հանձնաժողովի որոշումները գրանցվում են՝

ա) բժշկական վկայագրության ակտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում, տեղեկանքում կամ հիվանդության վկայագրում, եթե փորձաքննության են ենթարկվել ոստիկանությունում ծառայության ընդունվողները և ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները,

բ) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական վկայագրության քարտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում և տեղեկանքում, եթե փորձաքննության են ենթարկվել ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ սովորելու համար դիմող անձինք:

18. Ոստիկանության բժշկական հաստատության ստացիոնարում գտնվող անձանց փորձաքննության դեպքում տեղում կազմվում է էպիկրիզ, որը ներկայացվում է հանձնաժողովին, իսկ փորձաքննության մասին որոշումը գրանցվում է հիվանդության պատմագրում:

19. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են բժշկական փորձաքննության օրը և ուղարկվում ուղեգրող ստորաբաժանում՝ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

20. Հանձնաժողովում բժշկական և փորձաքննական փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են ոստիկանության պետի հրամանով։

21. Հանձնաժողովի գործունեության իրականացման համար անհրաժեշտ բոլոր ձևաթղթերը հաստատվում են ոստիկանության պետի հրամանով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
   
 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 176-Ն որոշման

 

Լ Ի Ա Զ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Ոստիկանության բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) իրականացնում է՝

ա) ոստիկանությունում ծառայության ընդունվողների, ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերում ծառայողների, ոստիկանության ուսումնական հաստատություններ ընդունվողների և ունկնդիրների ռազմաբժշկական փորձաքննությունը՝ նրանց՝ ծառայության համար պիտանությունը որոշելու նպատակով.

բ) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերում ծառայողների, ոստիկանությունում, ոստիկանության զորքերում ծառայությունից, ինչպես նաև ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից սահմանված կարգով ազատվածների հիվանդությունների (այդ թվում՝ հոգեկան խանգարումների, ալկոհոլամոլության կամ թմրամոլության նկատմամբ հակումների), վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքի որոշումը.

գ) ոստիկանությունում ծառայության ընթացքում և ոստիկանությունից սահմանված կարգով զորացրվելուց հետո մահացած անձանց ռազմաբժշկական փորձաքննությունը՝ նրանց՝ ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) և մահվան միջև պատճառական կապը որոշելու նպատակով.

դ) ոստիկանության բժշկական հաստատության բուժկանխարգելիչ հիմնարկներում (հոսպիտալ, պոլիկլինիկա) ռազմաբժշկական փորձաքննության աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը.

ե) ստորադաս հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և նրան մեթոդական, գործնական օգնություն ցույց տալը.

զ) ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների, ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկներում արձանագրված հիվանդացության ցուցանիշների բազմակողմանի վերլուծության հիման վրա ոստիկանության ծառայողների առողջական վիճակի գնահատումը, նրանց առողջության, ծառայության համար պիտանության վրա ծառայության պայմանների ներգործության ուսումնասիրումը և ոստիկանության ծառայողների առողջության ամրապնդման վերաբերյալ առաջարկությունների, միջոցառումների մշակումը, ծրագրավորումը.

է) ռազմաբժշկական փորձաքննության հարցերով առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումը և ներդրումը գործնական աշխատանքներում.

ը) հանձնաժողովների բժիշկ-փորձագետների մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումների կազմակերպումը:

2. Հանձնաժողովի ստորադաս հանձնաժողով է հանդիսանում հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը։

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը ձևավորվում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի կողմից՝ ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալի պետի ներկայացմամբ։

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովն ընդունում է որոշումներ ռազմաբժշկական փորձաքննության հարցերով, հոսպիտալում հետազոտության և բուժման մեջ գտնվող անձանց մասին:

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը ռազմաբժշկական փորձաքննության հարցերով ենթարկվում է հանձնաժողովի նախագահին։

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումները ենթակա են քննարկման և հաստատման՝ հանձնաժողովի կողմից։

3. Հանձնաժողովի լիազորություններն են՝

ա) հանձնաժողովի իրավասության մեջ մտնող հարցերի մասին որոշումների ընդունումը.

բ) ստորադաս հանձնաժողովի եզրակացությունների քննարկումը, հաստատումը կամ ժխտումը.

գ) իր և ստորադաս հանձնաժողովի որոշումների վերանայումը.

դ) ստորադաս հանձնաժողովի գործունեության ստուգումը.

ե) ոստիկանության բուժկանխարգելիչ և քաղաքացիական բժշկական հիմնարկներում ոստիկանության հիվանդ ծառայողների հետազոտման, բուժման ընթացքի և փորձաքննության որակի՝ ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից ուսումնասիրումը.

զ) անհրաժեշտության դեպքում փորձաքննության ենթարկվողին ստուգիչ հետազոտման ուղարկելը.

է) փորձաքննության ենթարկվողի անձնական գործից տվյալներ, բժշկական, թոշակավորման փաստաթղթեր, բնութագրեր, արխիվային տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը.

ը) ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից բարդ, վիճահարույց դեպքերում, ինչպես նաև բժշկական փորձաքննության մարմինների գործունեությունը կատարելագործելու նպատակով՝ աշխատանքներում ոստիկանության և քաղաքացիական բժշկական հիմնարկների առաջատար մասնագետների ներգրավումը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան