Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2003-23.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.405
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2003 թվականի N 388-Ն

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 388-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշմամբ՝ «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման միջոցով, և հանդիսանում է նրա իրավահաջորդը:

2. Կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական ոլորտի անտառատնտեսավարող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):

5. Կազմակերպության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:

6. Կազմակերպությունը կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք ստեղծվում են լիազորված պետական մարմնի որոշմամբ:

7. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ՝ Государственная некоммерческая организация «Армлес»,

ռուսերեն կրճատ՝ ГНО «Армлес»,

անգլերեն լրիվ՝ State Non-Commercial Organization «Hayantar»,

անգլերեն կրճատ՝ SNCO «Hayantar»:

9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոսկովյան 35:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի (այսուհետ՝ անտառային ֆոնդ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումն է:

11. Կազմակերպությունն անտառային ֆոնդի տարածքներում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է՝

ա) անտառային ֆոնդի հաշվառման աշխատանքների իրականացումը և անտառային կադաստրի վարմանը մասնակցությունը.

բ) անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության ու գործարկման պայմանների վերաբերյալ առաջարկություններ լիազորված պետական մարմին ներկայացնելը.

գ) անտառային ֆոնդի տեղամասերի ժամանակավոր օգտագործման հատկացումը, անտառօգտագործման պայմանագրեր կնքելը, անտառահատման, անտառային տոմսերի և արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերի տրամադրումը, կողմնակի անտառօգտագործման թույլտվություններ տալը՝ բացի գյուղատնտեսական հողատեսքերից.

դ) անտառաշինական աշխատանքների իրականացումը.

ե) անտառաշինության տվյալների հիման վրա հաշվարկային հատատեղի ծավալներն ամփոփելը և սահմանված կարգով հաստատման ներկայացնելը, ինչպես նաև հաշվարկային հատատեղում ուղղումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ մշակելը.

զ) տարեկան հատատեղային ֆոնդի նախապատրաստման աշխատանքների իրականացումը.

է) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական, ինչպես նաև բոլոր տեսակի այլ անտառահատումներից և թափուկից բնափայտի մթերումը.

ը) անտառահատման աշխատանքների ավարտից հետո հատատեղերի տեղազննումը և աշխատանքների ընդունումը.

թ) անտառային տնտեսության վարման հետ կապված արտադրական և դրանց օժանդակ օբյեկտների կառուցումը.

ժ) անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ժա) անտառային պաշարների արդյունավետ օգտագործման միջոցառումների իրականացումը.

ժբ) անտառային ֆոնդի տարածքներում հրդեհների մարման օպերատիվ միջոցառումների իրականացումը.

ժգ) անտառատնտեսական նշանակության ճանապարհների բացումը, անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակների սարքավորումը, ժամանակավոր արտադրական և տնտեսական կառուցվածքների կառուցումը, ավտոտրանսպորտի կանգառման տեղերի կազմակերպումը.

ժդ) անտառային ֆոնդի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև անտառների սանիտարական վիճակի՝ վնասատուների ու հիվանդությունների զանգվածային բազմացումների կանխման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացումը, հատատեղերի մաքրումը հատման մնացորդներից, անտառօգտագործման հետևանքով անտառային ֆոնդի խախտված հատվածների օգտագործման համար պիտանի վիճակի բերումը.

ժե) գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ գիտության նվաճումների և առաջավոր փորձի ներդրմանը մասնակցությունը.

ժզ) անտառային տնտեսության ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման աշխատանքների կատարումը.

ժէ) իր կողմից հիմնադրված անտառամշակույթների հանձնումը հատկապես լիազորված պետական մարմնին.

ժը) իր իրավասության սահմաններում ներդրումային ծրագրերով սահմանված գործառույթների իրականացումը:

12. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) անտառային տնտեսություն և ծառայությունների մատուցում.

բ) փայտասղոցման և ռանդման արտադրություն, բնափայտի տոգորում.

գ) անտառային տնտեսության կարիքների համար հատկացված գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքների արտադրություն և դրանց իրացում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) և գործադիր մարմինը:

14. Կազմակերպության հիմնադիրն ունի նրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

15. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝

ա) կազմակերպության հիմնադրումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխություններ կատարելը.

դ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

16. Նախարարությունը՝

ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.

բ) սահմանում է կազմակերպության կառավարման համակարգը.

գ) նշանակում և հաստատում է կազմակերպության լուծարման հանձնաժողովի լուծարման հաշվեկշիռը.

դ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

ե) սահմանված կարգով ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները.

զ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.

է) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

ը) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ժ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժբ) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

17. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետ՝ նախարար): Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով ու նախարարության կողմից ընդունված իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների կամ նախարարության կողմից ընդունված իրավական ակտերի, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է նախարարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները նախարարության, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ օրենքով՝ նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

19. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից: Տնօրենի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասի հատուցման պարտականությունները չկատարելու համար:

20. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նրա կողմից պետական կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի համար կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:

21. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

22. Տնօրենի բացակայության դեպքում, նրան այդ պաշտոնում նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ

 

23. Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:

24. Տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

բ) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելը.

գ) որը նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

25. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե՝

ա) նա դիմում է դրա մասին.

բ) լրացել է նրա 65 տարին.

գ) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

ե) նա ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի.

զ) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն կանոնադրության 24-րդ կետով նախատեսված հանգամանքները.

է) նա իր գործառույթներն իրականացնելիս կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 5 տոկոսը.

ը) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատա-վճիռը.

ժ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ժա) նրա ղեկավարած կազմակերպությունը դատական կարգով ճանաչվել է սնանկ կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.

ժբ) կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն իր մեղքով՝ սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.

ժգ) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

26. Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են նրա մահվամբ:

27. Սույն կանոնադրության 25-րդ կետի «բ», «գ», «ը», «թ», «ժ», «ժբ» և «ժգ» ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

25-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից:

25-րդ կետի այլ ենթակետերով նախատեված դեպքերում տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

26-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են մահվան պահից:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Տնօրենը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի որոշումներով ու նախարարության կողմից ընդունված իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

թ) նշանակում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում նախարարություն.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

VII. ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

29. Խոշոր են այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են կազմակերպության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվանը նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են կազմակերպության առօրյա գործունեության ընթացքում և համարվում են կազմակերպության կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթ:

30. Խոշոր գործարքը կատարվում է նախարարության համաձայնությամբ:

31. Սույն գլխի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր՝ կազմակերպության հիմնադրի կամ նախարարության հայցի հիման վրա:

 

VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

33. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

34. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

35. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

36. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, պետական պատվերի կատարման համար հատկացված միջոցներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

37. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

 

IX. ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

38. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

39. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

X. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

40. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

Կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)՝ նախարարության կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

Կազմակերպությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

 

XI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

42. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

44. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

45. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

46. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան