Գլխավոր տեղեկություն
Համար
N 825-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2003-30.05.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.705
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2003 թվականի N 825-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ հոդվածի 3-րդ և 52-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 825-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը (այսուհետ՝ կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, իրավական ակտերի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) և 1944 թվականի Միջազգային օդային հաղորդակցությունների տրանզիտ համաձայնագրի դրույթների հիման վրա:

2. Սույն կարգը սահմանում է խաղաղ ժամանակ օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի միջոցով ռազմաքաղաքացիական համագործակցությունը, օդային տարածքի կազմակերպման սկզբունքները, քաղաքացիական ու ռազմական օդանավերի և օդային տարածքի՝ այլ օգտագործողների կողմից արդյունավետ օգտագործման, օդանավերի ապահովության և երկրի անվտանգության ու պաշտպանունակության ապահովումը:

3. Սույն կարգի դրույթները տարածվում են օդային տարածքն օգտագործողների և օդային երթևեկության սպասարկման ու թռիչքների կառավարման մարմինների վրա:

Օդային երթևեկության կազմակերպումը, ներառյալ օդային տարածքի կազմակերպումը, օդային երթևեկության սպասարկումն ու հարակից գործառույթները Հայաստանի Հանրապետության օդային տարածքից դուրս գտնվող այն օդային տարածքներում, որոնցում դրանց ապահովման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը, իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կարգի դրույթների:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) աերոնավիգացիոն սպասարկում՝ ներառում է օդային երթևեկության սպասարկումը, ավիացիոն էլեկտրակապի ծառայությունը, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումը, վթարատեղեկատվական ապահովումը և աերոնավիգացիոն տեղեկատու ծառայությունը: Ծառայության այդ տեսակները մատուցվում են օդային երթևեկությանը` թռիչքի բոլոր փուլերում (օդային երթուղում, մոտեցման և աերոդրոմային կառավարում).

2) ավիացիոն աշխատանքներ՝ օդանավի այն թռիչքներն են, որոնց ընթացքում օդանավն օգտագործվում է հատուկ տեսակի ծառայությունների նպատակով՝ այնպիսի բնագավառներում, ինչպես, օրինակ, գյուղատնտեսությունը, շինարարությունը, լուսանկարահանումը, տոպոգրաֆիական նկարահանումը, դիտարկումն ու պարեկային հսկողությունը, որոնումն ու փրկարարությունը, օդային գովազդը և այլն.

3) արգելված տարածք (P)՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքում տեղաբաշխված՝ սահմանված չափերի օդային տարածք, որում օդանավերի թռիչքներն արգելված են.

4) երթուղիներից դուրս օդային երթևեկություն՝ ներառում է ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքները, որոնք իրականացվում են (ամբողջովին կամ մասնակիորեն) օդային երթևեկության սպասարկման երթուղիների հրապարակված ցանցից դուրս.

5) ընդհանուր բնույթի օդային երթևեկություն՝ ներառում է բոլոր թռիչքները, որոնք իրականացվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտների ու առաջարկվող գործելաձևերի հիման վրա՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանած կանոնակարգերին (կանոններ, կարգեր) ու ընթացակարգերին համապատասխան:

Ընդհանուր բնույթի օդային երթևեկության սպասարկումն իրականացվում է լիազորված մարմնից համապատասխան թույլտվություն ստացած օդային երթևեկության սպասարկման մարմինների կամ կարգավարների կողմից:

Ընդհանուր բնույթի օդային երթևեկությունը կարող է ներառել նաև ռազմական օդանավերի այն թռիչքները, որոնք իրականացվում են ընդհանուր բնույթի օդային երթևեկության ընթացակարգերի համաձայն.

6) ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքներ՝ քաղաքացիական օդանավերի թռիչքներ՝ բացառությամբ առևտրային նպատակներով իրականացվող թռիչքների և ավիացիոն աշխատանքների.

7) թռիչքային տեղեկատվության գոտի՝ սահմանված չափերի օդային տարածք, որի սահմաններում ապահովվում է թռիչքային-տեղեկատվական և վթարատեղեկատվական սպասարկում.

8) թռիչքների կառավարում՝ ռազմական ավիացիայի օդանավերի կամ օպերատիվ օդային երթևեկության մաս կազմող այլ թռիչքների կառավարման խմբի գործողություններն են, որոնք նպատակաուղղված են օդանավերի անձնակազմերի կողմից իրենց թռիչքային հանձնարարության ժամանակին և ապահով իրականացմանը.

9) ժամանակավորապես հատկացված (սեգրեգացված) տարածք (TSA)՝ սահմանափակ օգտագործման տարածքի տարատեսակ, որի սահմաններում իրականացվող գործունեությունը պահանջում է այդ տարածքի առանձին օգտագործողների կողմից որոշակի ժամանակահատվածում օգտագործման ամրագրում.

10) կառավարվող թռիչք՝ ցանկացած թռիչք, որը կատարվում է կարգավարական թույլտվության առկայության դեպքում.

11) կառավարվող օդային տարածք՝ սահմանված չափերի օդային տարածք, որը ներառում է օդային երթևեկության սպասարկման օդային տարածքների Էյ, Բի, Սի, Դի, Ի (A, B, C, D, E) դասերը, և որի սահմաններում ապահովվում է օդային երթևեկության կարգավարական սպասարկում.

12) կարգավարական գոտի (CTR)` կառավարվող օդային տարածք, որը տարածվում է՝ սկսած երկրի մակերևույթից դեպի վեր՝ մինչև սահմանված վերին սահմանը.

13) կարգավարական շրջան (CTA)` կառավարվող օդային տարածք, որը տարածվում է երկրի մակերևույթից բարձր գտնվող՝ սահմանված սահմանից դեպի վեր.

14) վտանգավոր տարածք (D)՝ սահմանված չափերի օդային տարածք, որում՝ սահմանված ժամանակահատվածներում կարող է իրականացվել օդանավերի թռիչքներին վտանգ սպառնացող գործունեություն.

15) շրջանային կարգավարական կենտրոն՝ մարմին, որն ապահովում է կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկումը՝ իրեն հատկացված կարգավարական շրջաններում.

16) պարզեցված կոորդինացման օդային տարածք՝ սահմանված չափեր ունեցող օդային տարածքի մասեր, որոնց սահմաններում՝ երթուղիներից դուրս ընդհանուր բնույթի օդային երթևեկությունը կարող է թույլատրվել կարգավարի կողմից՝ առանց օպերատիվ օդային երթևեկության կարգավարի (թռիչքների կառավարման մարմնի) հետ կոորդինացնելու.

17) սահմանափակ օգտագործման տարածք (R)` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում տեղաբաշխված սահմանված չափերի օդային տարածք, որում օդանավերի թռիչքները սահմանափակված են՝ համաձայն որոշակի պայմանների.

18) օդային երթևեկության կազմակերպում՝ վերգետնյա, ինչպես նաև օդանավերում իրականացվող գործառույթների համալիր, որն անհրաժեշտ է թռիչքի բոլոր փուլերում օդանավերի թռիչքների ապահովության և արդյունավետության համար, և որի նպատակն է հնարավորություն տալ օդանավերը շահագործողներին պահպանելու մեկնման ու ժամանման իրենց պլանավորած ժամերը և թռիչքի առավել նախընտրելի հետագիծը՝ նվազագույն սահմանափակումներով, առանց իջեցնելու թռիչքների ապահովության փոխհամաձայնեցված մակարդակը: Վերգետնյա մասը ներառում է`

ա) օդային երթևեկության սպասարկումը,

բ) օդային տարածքի կազմակերպումը,

գ) օդային երթևեկության հոսքերի կազմակերպումը.

19) օդային երթևեկության սպասարկման երթուղի՝ սահմանված երթուղի, որը նախատեսված է երթևեկության հոսքի ուղղորդման համար՝ օդային երթևեկության սպասարկումն ապահովելու նպատակով.

20) օդային երթևեկության սպասարկման օդային տարածք՝ սահմանված չափերի օդային տարածք, որը բաժանվում է Էյ, Բի, Սի, Դի, Ի, Էֆ, Ջի (A, B, C, D, E, F, G) դասերի, և որի սահմաններում կարող են իրականացվել կոնկրետ տեսակի թռիչքներ, և սահմանված են օդային երթևեկության սպասարկումն ու թռիչքային կանոնները.

21) օդային երթևեկության սպասարկում՝ ներառում է օդային երթևեկության թռիչքային-տեղեկատվական սպասարկումը, խորհրդատվական սպասարկումը, կարգավարական սպասարկումը (շրջանային կարգավարական սպասարկումը, մոտեցման կարգավարական սպասարկումը և աերոդրոմային կարգավարական սպասարկումը), և վթարատեղեկատվական սպասարկումը.

22) օդային երթևեկության կարգավարական սպասարկում (օդային երթևեկության կառավարում)՝ ծառայություն, որը մատուցվում է հետևյալ նպատակներով՝

ա) կանխարգելելու՝

օդանավերի միջև բախումները,

մանյովրման հրապարակում օդանավերի բախումը խոչընդոտներին.

բ) կարգավորելու և արագացնելու օդային երթևեկությունը.

23) օդային երթևեկության հոսքերի կազմակերպում՝ ներառում է ցանկացած կազմակերպական գործունեություն՝ նպատակաուղղված որոշակի օդային տարածքում օդային երթևեկության հոսքերի առավել արդյունավետ կազմակերպմանը, օդային երթևեկության կառավարման համակարգի թողունակությանը՝ պահանջարկի գերազանցման դեպքում.

24) օդային երթևեկություն՝ թռիչքի ընթացքում կամ աերոդրոմի մանյովրման հրապարակում բոլոր օդանավերի տեղաշարժը.

25) օդային մայրուղի՝ միջանցքի տեսքով սահմանված կառավարվող օդային տարածք (կամ դրա մաս).

26) օդային տարածքի կազմակերպում՝ ներառում է օդային տարածքն օգտագործողների կողմից առկա պահանջարկի հիման վրա օդային տարածքի առավել արդյունավետ օգտագործմանը հասնելուն նպատակաուղղված ամբողջ կազմակերպական գործունեությունը՝ հնարավորինս բացառելով մշտական հիմունքներով օդային տարածքի մասերի հատկացումն առանձին օգտագործողների՝ (բացառիկ հիմունքներով օգտագործելու համար).

27) օդային տարածքի կառուցվածք՝ հորիզոնական և ուղղաձիգ հարթություններում՝ սահմանված չափեր ունեցող օդային տարածքի տարրերի ամբողջություն, որոնք սահմանվում են այնպես, որպեսզի համապատասխանեն օդանավերի թռիչքների ապահովության պահանջներին՝ թռիչքի բոլոր փուլերում.

28) օդային տարածքի օգտագործում՝ օդանավերի թռիչքներից բացի՝ օդային տարածքում նյութական օբյեկտների տեղաշարժման հետ կապված գործունեություն (հրթիռների արձակում, օդային ռմբահարումներ, պայթեցման աշխատանքներ, բարձրաբերձ շինությունների շինարարություն, էլեկտրամագնիսական ճառագայթում և այլն), որը կարող է սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը և ապահովությանը.

29) օպերատիվ օդային երթևեկություն՝ ներառում է բոլոր թռիչքները, որոնք չեն իրականացվում ընդհանուր բնույթի օդային երթևեկության համար սահմանված ընթացակարգերի համաձայն, և որոնց իրականացման կանոնակարգերը (կանոններ, կարգեր) ընդունվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիազոր մարմնի կողմից:

Ռազմական օդանավերի թռիչքներից բացի՝ օպերատիվ օդային երթևեկությունը կարող է ներառել նաև քաղաքացիական օդանավերի որոշ թռիչքներ, ինչպես, օրինակ, փորձնական թռիչքները, որոնց խնդիրների իրականացման նպատակով լիազորված մարմնի կողմից սահմանված են հատուկ ընթացակարգեր:

 

II. ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

5. Հայաստանի Հանրապետության օդային տարածքը ներառում է Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքների վրայի օդային տարածությունը (այսուհետ՝ օդային տարածք): Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո: Արգելվում են օդային տարածք օդանավերի մուտքն ու թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնացող գործողությունները (օդային տարածքի օգտագործման գործունեությունը)՝ առանց սույն կարգի դրույթների համաձայն տրված թույլտվության:

6. Օդային երթևեկության կազմակերպումն իրականացվում է՝

ա) օդային երթևեկության սպասարկմամբ՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների հիման վրա լիազորված մարմնի սահմանած կանոնակարգերի համաձայն: Նշված իրավական ակտերի ընդունման համար հիմք են ծառայում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև Եվրակոնտրոլի և այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների փաստաթղթերի դրույթները, եթե դրանք համապատասխանում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետի պահանջներին.

բ) լիազոր մարմինների կողմից սույն կարգի դրույթներին համապատասխան օդային տարածքի կազմակերպմամբ՝ օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի միջոցով:

Օդային երթևեկության հոսքերի կազմակերպման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրանց իրականացման ընթացակարգը սահմանում է լիազորված մարմինը` օդային երթևեկության կառավարման մարմինների կողմից ներկայացվող՝ առկա պահանջարկի ու օդային երթևեկության կառավարման համակարգի թողունակության վերլուծության և կիրառվելիք ընթացակարգի վերաբերյալ առաջարկությունների հիման վրա:

7. Համաձայն սույն կարգի դրույթների՝ օդային տարածքում ռազմաքաղաքացիական համագործակցությունն իրականացվում է օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի (այսուհետ՝ միասնական համակարգ) միջոցով:

8. Միասնական համակարգն օդային երթևեկության և օդային տարածքի կազմակերպման հարցերում ռազմաքաղաքացիական համագործակցությունն ապահովող ռազմական և քաղաքացիական մարմինների ամբողջությունն է, որն օդային տարածքի կազմակերպումն իրականացնում է 3 մակարդակում՝

ա) ստրատեգիական՝ 1-ին մակարդակ,

բ) նախատակտիկական՝ 2-րդ մակարդակ,

գ) տակտիկական՝ 3-րդ մակարդակ:

Օդային տարածքի օգտագործման արդյունավետությունն ապահովելու նպատակով միասնական համակարգի մարմիններն օդային տարածքը դիտարկում են որպես մի ամբողջություն, որը հատկացվում ու օգտագործվում է առավելապես դինամիկորեն:

Միասնական համակարգի մարմինները, ելնելով օդային երթևեկության ինտենսիվությունից, անհրաժեշտ ծավալով ներդնում են Եվրակոնտրոլի՝ «Օդային տարածքի ճկուն օգտագործում» հայեցակարգը, որի համաձայն օդային տարածքը չպետք է դիտարկվի որպես ամբողջովին քաղաքացիական կամ որպես ամբողջովին ռազմական օդային տարածք, այլ՝ որպես մի ամբողջություն, որը հնարավորինս պետք է բավարարի բոլոր՝ օդային տարածքն օգտագործողների պահանջները:

9. Օդային տարածքի կազմակերպման ստրատեգիական մակարդակի (այսուհետ՝ ստրատեգիական մակարդակ) ապահովման նպատակով լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից համատեղ ստեղծվում է օդային տարածքի ստրատեգիական պլանավորման ռազմաքաղաքացիական աշխատանքային խումբ (այսուհետ՝ ստրատեգիական պլանավորման խումբ), որն իր գործունեությունն իրականացնում է՝ հաշվի առնելով օդային տարածքն օգտագործողների ինչպես ներքին, այնպես էլ միջազգային պահանջարկը: Ստրատեգիական պլանավորման խումբը՝

ա) ներկայացնում է առաջարկություն օդային տարածքի կազմակերպման բնագավառում իրականացվող ազգային քաղաքականության վերաբերյալ,

բ) անցկացնում է օդային տարածքի կառուցվածքի և օդային երթևեկության սպասարկման մայրուղիների ամենամյա վերլուծություն՝ հնարավորինս օդային տարածքի կառուցվածքի և ընթացակարգերի ճկունության ապահովման նպատակով,

գ) ներկայացնում է առաջարկություն օդային տարածքի հատկացումներ պահանջող գործունեությունների և այլ՝ օդային տարածքն օգտագործողների համար ռիսկի (վտանգի) աստիճանի վերաբերյալ,

դ) անհրաժեշտության դեպքում ներկայացնում է առաջարկություն օդային տարածքի տարրերի ներդրման վերաբերյալ,

ե) վերլուծում է վտանգավոր և սահմանափակ օգտագործման տարածքները ժամանակավորապես հատկացվող օդային տարածքով փոխարինելու հնարավորությունները և ներկայացնում է դրա վերաբերյալ առաջարկություններ,

զ) նախապատրաստում և ներկայացնում է կառավարվող օդային տարածքի սահմանման ու օդային երթևեկության սպասարկման օդային տարածքի դասակարգման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով օդային տարածքի ճկուն օգտագործման սկզբունքները,

է) ներկայացնում է առաջարկություններ աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուում օդային տարածքի տարրերի հրապարակման վերաբերյալ,

ը) նախապատրաստում և ներկայացնում է փոխհամաձայնեցված առաջարկություններ օդային տարածքի լրացուցիչ տարանջատումներ պահանջող՝ օդային տարածքի օգտագործման նախօրոք պլանավորված գործունեության, ինչպես նաև դրանց առնչվող տեղեկատվության հրապարակման վերաբերյալ,

թ) պարբերաբար վերլուծում է օդային տարածքի օգտագործման ներքին պահանջարկը, ինչպես նաև պետական սահմանի հատում նախատեսող այն գործունեությունը, որն իրականացվում է հարևան երկրի հետ համատեղ (այդպիսի գործունեության առկայության դեպքում),

ժ) վերլուծում է 2-րդ մակարդակում կիրառվող ընթացակարգերն ու գնահատում գործունեության արդյունավետությունը՝ կապված օդային տարածքն օգտագործողների իրավասու մարմինների կողմից օդային տարածքի օգտագործման նպատակով հայտեր ներկայացնելու, օդային տարածքի կազմակերպման միավորների կողմից դրանց քննարկման ու օդային տարածքի բաշխման գերակայությունների հետ և ըստ անհրաժեշտության նախապատրաստում դրանց վերանայման վերաբերյալ առաջարկություններ,

ժա) վերլուծում է 3-րդ մակարդակում կիրառվող ընթացակարգերն ու գնահատում գործունեության արդյունավետությունը՝ կապված անհրաժեշտ պլանային և ռադարային տեղեկատվության օպերատիվ փոխանակման, ռազմաքաղաքացիական համագործակցության համարժեք միջոցների ապահովման հետ, և ըստ անհրաժեշտության նախապատրաստում դրանց վերանայման վերաբերյալ առաջարկություններ:

Ստրատեգիական պլանավորման խումբը սույն կետի առաջին մասով սահմանված առաջարկությունները ներկայացնում է լիազորված մարմին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Սույն կարգում նշված՝ օդային տարածքի կազմակերպման ստրատեգիական մակարդակում ընդունվող կարգերն ու կանոնները, ինչպես նաև ստրատեգիական պլանավորման խմբի առաջարկները հաստատվում և ներդրվում են լիազորված մարմնի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

10. Օդային տարածքի կազմակերպման 2-րդ մակարդակն ապահովվում է օդային տարածքի կազմակերպման միավորների կողմից: Օդային տարածքի կազմակերպման միավորները համատեղ ռազմաքաղաքացիական մարմին են, որոնք տեղաբաշխվում են շրջանային կարգավարական կենտրոնի (կենտրոնների) հետ համատեղ կամ նրա հարևանությամբ և գործում են սույն կարգի պահանջների համաձայն ու ստրատեգիական մակարդակում սահմանված ընթացակարգերի հիման վրա:

2-րդ մակարդակը ներառում է օդային տարածքի կազմակերպման ամենօրյա գործունեության պլանավորումը, համակարգումը և օդային տարածքի ժամանակավոր հատկացումների իրականացումը: Բոլոր՝ օդային տարածքն օգտագործողների իրավասու մարմիններն անմիջականորեն կամ օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմինների միջոցով՝ ստրատեգիական մակարդակում սահմանված կարգով օդային տարածքի կազմակերպման միավորներին են ներկայացնում օդային տարածքի օգտագործման մասին հայտեր (պլաններ, կարգացուցակներ և այլն)՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Ներկայացված հայտերի ուսումնասիրության հիման վրա օդային տարածքի կազմակերպման միավորները տալիս են համապատասխան թույլտվություններ և կազմում օդային տարածքի օգտագործման օրական պլանները: Ելնելով օդային տարածքի օգտագործման անվտանգության և արդյունավետության նկատառումներից, օդային տարածքի օգտագործման գերակայությունների համակարգի հիման վրա, օդային տարածքի կազմակերպման միավորները կարող են փոփոխություններ կատարել հայտերի հիման վրա օդային տարածքի մասերի հատկացման պայմաններում:

Ընդհանուր բնույթի օդային երթևեկության, ինչպես նաև քաղաքացիական օդանավերի այլ թռիչքների մասին հայտերը ներկայացվում են օդային տարածքի կազմակերպման միավորներ: Օպերատիվ օդային երթևեկության և օդային տարածքում այլ գործունեության իրականացման մասին հայտերը ներկայացվում են օդային տարածքի կազմակերպման միավորների ռազմական մաս:

11. Օդային տարածքի կազմակերպման 3-րդ մակարդակը ներառում է 2-րդ մակարդակում պլանավորված օդային տարածքի մասերի ակտիվացումը, ապաակտիվացումն ու վերաբաշխումը ռեալ ժամանակում, օդային երթևեկության սպասարկման և թռիչքների կառավարման քաղաքացիական ու ռազմական մարմինների և (կամ) կարգավարների անմիջական համագործակցությունը՝ թռիչքների իրականացման ընթացքում օդային տարածքում առաջացող առանձին խնդիրների, հարցերի կամ իրավիճակների հանգուցալուծումն ապահովելու նպատակով: Տակտիկական մակարդակում համագործակցությունն իրականացվում է օդային երթևեկության սպասարկման ու թռիչքների կառավարման քաղաքացիական ու ռազմական մարմինների կողմից՝ ստրատեգիական մակարդակում սահմանված ընթացակարգերի հիման վրա:

 

III. ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

12. Օդային տարածքի կառուցվածքի տարրերը նրա մասերն են, որոնք սահմանվում են այնպես, որպեսզի համապատասխանեն օդանավերի թռիչքների ապահովության պահանջներին՝ թռիչքի բոլոր փուլերում: Օդային տարածքի տարրերի թվին են պատկանում կառավարվող օդային տարածքների տարրերը, օդային երթևեկության սպասարկման երթուղիները, վտանգավոր, սահմանափակ օգտագործման և արգելված տարածքները, ժամանակավորապես հատկացվող տարածքները, պետական սահմանի հատման միջանցքներն ու շրջանները և այլն: Օդային տարածքի կառուցվածքի տարրերի սահմանները սահմանվում են միասնական համակարգի գործունեության ստրատեգիական մակարդակում:

Օդային տարածքի կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններն օդային տարածքն օգտագործողների կողմից ներկայացվում են լիազորված մարմին:

Օդային տարածքի տարրերը հրապարակվում են աերոնավիգացիոն տեղեկատվության փաստաթղթերում` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի N 15 հավելվածի և սույն կարգի 45-րդ ու 46-րդ կետերի պահանջների:

13. Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտին ներառում է Հայաստանի Հանրապետության ամբողջ օդային տարածքը: Հայաստանի Հանրապետության օդային տարածքից դուրս այլ օդային տարածքները ներառվում են Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտում, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ ստրատեգիական մակարդակում կարող է ընդունվել որոշում օդային տարածքի առանձին մասերում միայն օդային երթևեկության սպասարկման իրավասությունը հարևան երկրի օդային երթևեկության սպասարկման մարմնին փոխանցելու մասին: Համապատասխանաբար, ստրատեգիական մակարդակում կարող է ընդունվել որոշում հարևան երկրից նրա օդային տարածքի որոշակի մասերում օդային երթևեկության սպասարկման իրավասություն ստանալու մասին:

14. Թռիչքային տեղեկատվության գոտում օդային երթևեկության կարգավարական սպասարկումն ապահովվում է շրջանային կարգավարական կենտրոնի (կենտրոնների) կողմից, որն այդ գործունեությունն իրականացնում է իրեն հատկացված կարգավարական շրջանի սահմաններում:

Հարևան երկրի կենտրոնի հետ կարգավարական համագործակցությունն իրականացվում է փոխհամաձայնեցված ընթացակարգերի հիման վրա:

15. Օդային երթևեկության սպասարկման երթուղիները հիմնվում են ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքների կանոնակարգման, ուղղորդման և օդային երթևեկության սպասարկումն ապահովելու նպատակով:

Թռիչքների ապահովության, կանոնավորության և արդյունավետության ապահովման նպատակով ընդհանուր բնույթի օդային երթևեկության կարգավարի կողմից կարող է թույլատրվել իրականացնել կառավարվող օդային տարածքում թռիչքը (թռիչքները) կամ նրա մի մասը՝ սահմանված օդային երթևեկության սպասարկման երթուղիներից (օդային մայրուղուց) դուրս: Ռազմաքաղաքացիական համագործակցությունն այդ դեպքում իրականացվում է տակտիկական մակարդակում՝ համաձայն փոխհամաձայնեցված ընթացակարգերի (համաձայնագրերի): Պարզեցված կոորդինացման օդային տարածքների սահմաններում սույն կետում նշված թույլտվությունները կարող են տրվել առանց լրացուցիչ համաձայնեցման:

16. Օդային տարածքի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով միասնական համակարգի մարմինները՝

ա) սահմանում են տարբեր օգտագործողների կողմից օդային տարածքի համատեղ օգտագործման սկզբունքները՝ ներդնելով համապատասխան ռազմաքաղաքացիական համագործակցության և կոորդինացման ընթացակարգեր, ինչպես նաև միջոցները՝ ներառյալ կապի, թռիչքային և ռադարային տվյալների փոխանակման տեխնիկական միջոցները.

բ) ըստ անհրաժետության սահմանում են օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ և (կամ) իրականացնում դրա մասերի հատկացումներ, եթե համատեղ օգտագործման դեպքում թռիչքների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել: Սահմանափակումներն ու տարանջատումները հնարավորինս իրականացվում են դրանց սահմանման նպատակների իրականացման համար իրապես պահանջվող ժամանակահատվածից ոչ ավելի երկար ժամանակով:

Կառավարվող օդային տարածքի սահմաններում՝ օդային տարածքի հատկացվող և սահմանափակվող մասերը սահմանազատվում ու օգտագործվում են այնպես, որպեսզի ապահովվի այդ տարածքում իրականացվող գործունեության և դրանից դուրս իրականացվող օդանավերի թռիչքների միջև տարանջատման (էշելոնավորման) սահմանված նորմերը, որի նպատակով հիմնվում է բուֆերային տարածք՝ կիրառելով հետևյալ երկու մոտեցումից որևէ մեկը՝

ա) գործունությունն ընդգրկում է հատկացվող կամ սահմանափակվող տարածքն՝ իր ամբողջ հրապարակված սահմաններով, որի դեպքում համապատասխան բուֆերային տարածքը հիմնվում է նրա շուրջը, և գործունեության ու օդանավերի տարանջատումն ամբողջովին իրականացվում է այդ տարածքից դուրս՝ օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնի կողմից.

բ) բուֆերային տարածքը կիսվում է, այսինքն՝ տարանջատման մի կեսն ապահովվում է հրապարակվող տարածքի սահմաններում, իսկ մյուս կեսը՝ օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից՝ այդ տարածքից դուրս:

Սույն կետում նշված տարանջատման (էշելոնավորման) նորմերը, ինչպես նաև օդային երթուղիների պաշտպանված օդային տարածքների նորմերը սահմանում է լիազորված մարմինը:

17. Եթե օդային տարածքի սահմանափակումներ կամ մասերի հատկացում պահանջող գործունեությունը կրելու է ոչ պարբերական կամ եզակի բնույթ, ապա վտանգավոր, սահմանափակ օգտագործման կամ արգելված տարածք, որպես օդային տարածքի տարր, կարող է չհիմնվել: Այդ դեպքում օդային տարածքի կազմակերպման միավորների կողմից կարող են կիրառվել օդային տարածքի որոշակի մասերում օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ՝ ստրատեգիական մակարդակում սահմանված կարգով: Օդային տարածքի կազմակերպման միավորների կողմից կարող են այդպիսի սահմանափակումներ կիրառվել նաև օդային տարածքի օգտագործման գերակայությունների հիման վրա՝ այն դեպքերում, եթե հնարավոր չէ նախօրոք պլանավորել սահմանափակում պահանջող գործունեությունը:

18. Օդանավակայանների գործունեության ապահովման նպատակով օդանավակայաններին հատկացվում է համապատասխան օդային տարածք: Կառավարվող օդանավակայաններում սահմանվում է կառավարվող օդային տարածք: Օդանավակայանում օդային երթևեկության կառավարման կազմակերպման և իրականացման կարգը, որպես օդային երթևեկության հարակից միջոցների ապահովման կարգ, սահմանում է լիազորված մարմինը՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն:

 

IV. ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՏԱՐՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

19. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավերի թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնացող գործունեությունն իրականացվում է օդային տարածքի կազմակերպման միավորին անմիջականորեն կամ օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) մարմինների միջոցով ներկայացվող հայտերի և (կամ) կարգացուցակների ու նրանցից ստացվող թույլտվությունների հիման վրա՝ բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքերի: Նշված հայտերի ու կարգացուցակների նկատմամբ պահանջներն ու դրանք ներկայացնելու կարգը սահմանվում են ստրատեգիական մակարդակում:

20. Օդային տարածքի կազմակերպման բոլոր երեք մակարդակում՝ տարբեր օգտագործողների կողմից օդային տարածքի միաժամանակ օգտագործման պլանավորման և կոորդինացման գործընթացում կիրառվում է գերակայությունների հետևյալ հաջորդական համակարգը՝

ա) Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալը, պետական սահմանի խախտումների կանխարգելումը կամ խափանումը,

բ) տարերային և այլ աղետների ու վթարների կանխարգելումը, դրանց հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացումը կամ այդպիսի դեպքերում մարդկանց կյանքը փրկելու նպատակով օգնության ցուցաբերումը,

գ) օդային տարածքի օգտագործման կարգի խախտումների կանխարգելումը կամ խափանումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կատարվող հատուկ թռիչքները և այլ գործունեություն,

ե) զինված ուժերի պատրաստականության հանկարծակի ստուգման նպատակով իրականացվող ռազմական թռիչքները,

զ) ուղևորների կանոնավոր փոխադրումները,

է) պետական օդանավերի թռիչքները,

ը) բեռների և փոստի կանոնավոր փոխադրումները,

թ) ոչ կանոնավոր օդային փոխադրումները և ավիացիոն աշխատանքների կատարումը,

ժ) փորձնական թռիչքները,

ժա) ուսումնական, մարզական և ցուցադրական թռիչքները,

ժբ) ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչքներն ու օդային տարածքի օգտագործման այլ գործունեություն:

21. Օդային տարածքում՝ առանց օդային տարածքի կազմակերպման միավորին ներկայացվող հայտերի և նրանցից ստացված թույլտվության կարող են իրականացվել՝

ա) սույն կարգի 20-րդ կետի «ա»-«ե» ենթակետերում նշված թռիչքները.

բ) օդային տարածքի համապատասխան դասերում սահմանված կարգով կարգավարական թույլտվություն (թռիչքի կառավարում) չպահանջող թռիչքները:

22. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված գերակայությունների համակարգի «ա»-«ե» ենթակետերում նշված դեպքերում՝ առանց նախնական թույլտվության թռիչք իրականացնելու որոշման մասին անմիջապես տեղեկացվում են օդային տարածքի կազմակերպման միավորները, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմինները և հակաօդային պաշտպանության ուժերը: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով:

23. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի սահմաններում, առանց թռիչքային տեղեկատվության գոտու սահմանների հատման, ընդհանուր բնույթի օդային երթևեկության մաս կազմող թռիչքներն իրականացվում են դրանց համար լիազորված մարմնի սահմանած ընթացակարգերի համաձայն: Սահմանված կարգով ներկայացված հայտերում նշված թռիչքների մասին տեղեկատվությունը ներառվում է օդային տարածքի կազմակերպման միավորի կազմած՝ օդային տարածքի օգտագործման օրական պլաններում:

Օպերատիվ օդային երթևեկության մաս կազմող թռիչքներն իրականացվում են սահմանված տարածքներում՝ այդ թռիչքի համար պատասխանատու լիազորված մարմնի սահմանած ընթացակարգերի և համապատասխան թռիչքային հանձնարարության համաձայն: Օպերատիվ օդային երթևեկության թռիչքների (օդանավավարման տեխնիկայի մշակման, փորձարարական, գերձայնային թռիչքների, թռիչքի ընթացքում վերալցավորման, փոփոխական պրոֆիլով և այլ համանման թռիչքներ) իրականացման նպատակով կարող են հատկացվել օդային տարածքի մասեր:

Նշված թռիչքների իրականացման տակտիկական պլանավորումն իրականացվում է օդային տարածքի կազմակերպման միավորի կողմից և ներառվում նրա կազմած՝ օդային տարածքի օգտագործման օրական պլաններում: Օպերատիվ օդային երթևեկության թռիչքների անմիջական կառավարումն իրականացնող մարմիններն ուղիղ կապ են հաստատում շրջանային կարգավարական կենտրոնի հետ: Ուղիղ կապ է հաստատվում նաև օդային երթևեկության սպասարկման այլ մարմինների հետ, եթե դա անհրաժեշտ է թռիչքների ապահովության նպատակով:

Օպերատիվ օդային երթևեկության թռիչքների կառավարում իրականացնող կարգավարները կարող են իրականացնել ընդհանուր բնույթի օդային երթևեկության մաս կազմող թռիչքների կարգավարական սպասարկում` լիազորված մարմնի սահմանած պահանջների հիման վրա տրված՝ կարգավարի ատեստավորման գործող վկայականի առկայության դեպքում:

24. Բոլոր օդանավերի միջազգային չվերթներն իրականացվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվության հիման վրա, ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքների ընթացակարգերի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությանը պատկանող ռազմական օդանավերի կողմից մեկանգամյա միջազգային չվերթներ իրականացնելու թույլտվությունը (իրավունքը) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

Հայաստանի Հանրապետությունում բազավորվող օտարերկրյա ռազմական օդանավերի մեկանգամյա միջազգային չվերթ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են այդ օդանավերի տեղակայման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) դրույթների համաձայն:

Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա ազգային պատկանելության քաղաքացիական օդանավերի կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների իրականացման թույլտվությունները (իրավունքները) տրվում են լիազորված մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության և լիազորված մարմնի սահմանած ընթացակարգերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության օդային տարածքով օտարերկրյա քաղաքացիական օդանավերի տարանցիկ թռիչքները, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից ոչ առևտրային նպատակներով այդ օդանավերի թռիչքներն իրականացվում են առանց նախնական թույլտվության տրամադրման՝ հիմք ընդունելով միայն օդանավակայանի, օդային տարածքի կազմակերպման միավորի և օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները:

Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական համաձայնագրերով այլ կարգ չի նախատեսված, ապա դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքում այդ օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվող թույլտվությունների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և լիազորված մարմնի հետ համաձայնեցումից հետո:

25. Ավիացիոն աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև օդային ցուցադրական ելույթների, օդային մրցումների և քաղաքացիական օդանավերով իրականացվող այլ հատուկ թռիչքների թույլտվությունները տրվում են լիազորված մարմնի սահմանած կարգի հիման վրա:

26. Օդային տարածքի օգտագործման գործունեության այլ տեսակներն իրականացվում են այդ գործունեության իրականացման համար միասնական համակարգի մարմինների կողմից նախատեսված տարածքի սահմաններում և ժամանակահատվածում: Գործունեությունը պլանավորվում ու կոորդինացվում է անմիջականորեն օդային տարածքի կազմակերպման միավորի կողմից:

27. Պոլիգոններին (հրաձգարաններին) հատկացված օդային տարածքն օգտագործվում է այդ պոլիգոնում (հրաձգարանում) կրակոցների իրականացման հրահանգի հիման վրա, որն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ համաձայնեցվելով լիազորված մարմնի հետ:

28. Պայթեցման աշխատանքները, անկախ դրանց հզորությունից և նշանակությունից, համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և լիազորված մարմնի հետ:

29. Հակակարկտային կրակոցները, ինչպես նաև գնդաձև զոնդերի, ռադիոզոնդերի և նմանատիպ այլ նյութական օբյեկտների (այսուհետ՝ գնդաձև զոնդ) արձակումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային կրակոցների կազմակերպման ու իրականացման հրահանգի և գնդաձև զոնդերի արձակման հրահանգի հիման վրա, որոնք ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, լիազորված մարմնի պետի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից՝ համատեղ:

30. Օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սույն կարգի 27-29-րդ կետերում ներկայացված գործունեությունն իրականացնողները երկկողմանի օպերատիվ կապ են հաստատում այդ գործունեության կառավարման կենտրոնի և շրջանային կարգավարական կենտրոնի միջև:

31. Հակաօդային պաշտպանության մարմինները և օդային տարածքի կազմակերպման (կամ օդային երթևեկության սպասարկման) մարմիններն օդային տարածքի օգտագործման կարգի խախտումների հայտնաբերման կամ դրանց մասին հայտնի դառնալու դեպքում խախտումը թույլ տված օդանավերի կամ այլ թռչող սարքերի տեղաշարժերի մասին տեղեկատվությունը փոխհամաձայնեցված կարգով հայտնում են միմյանց և համագործակցում իրար հետ` մինչև խախտման վերացումը կամ մինչև տվյալ թռիչքը շարունակելու մասին որոշման ընդունումը: Նրանք միմյանց հետ համագործակցում են նաև օդային տարածքում չճանաչված թռչող սարքերի, «Աղետ» ազդանշան հաղորդող օդանավերի հայտնաբերման և այլ դեպքերում՝ փոխադարձորեն համաձայնեցված կարգով: Համագործակցության կարգը սահմանվում է օդային տարածքի կազմակերպման ստրատեգիական մակարդակում՝ լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից համատեղ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Օդանավերի կողմից օդային տարածքի օգտագործման կարգի խախտումները վերացնելու մասին օդային երթևեկության սպասարկման մարմինների պահանջի չկատարման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է հակաօդային պաշտպանության մարմիններ:

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև օդային տարածքում չճանաչված օբյեկտների հայտնաբերման և օտարերկրյա ռազմական օդանավերի կողմից պետական սահմանի խախտման դեպքում ձեռնարկվող գործողությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Օդային տարածքի օգտագործման կարգի խախտումների մասին հայտնի դառնալու դեպքում նշանակվում է մասնագիտական քննություն՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի համաձայն:

 

V. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ) ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

33. Օդանավակայանի շրջակայքում կառուցվող շենքերի, շինությունների և այլ օբյեկտների բարձրության (հարկայնության) (այսուհետ՝ արգելք) և ուղղորդիչ լուսավորության նկատմամբ, որոնք կարող են վտանգ սպառնալ օդային երթևեկությանը, իրավասու մարմինների հետ համատեղ իրականացվում է անհրաժեշտ հսկողություն:

34. Սույն կարգի իմաստով օդանավակայանի (աերոդրոմի) շրջակայք է համարվում օդային տարածքի այն մասը, որը գտնվում է օդանավակայանի (աերոդրոմի) ու դրան կից տեղանքի վրա և նախատեսված է աերոդրոմում թռիչք-վայրէջքներ կատարելու ու օդային մայրուղիներ մուտք (ելք) գործելու համար, ինչպես նաև այն հողային տեղամասը, որն ընկած է աերոդրոմի տեղորոշիչ կետից 15 կմ շառավղի սահմաններում: Աերոդրոմի տեղորոշիչ կետը որոշում է նրա աշխարհագրական դիրքը, որը գտնվում է վազքուղու կենտրոնում:

35. Սերտիֆիկացված օդանավակայանների (աերոդրոմների) շրջակայքում արգելքների բարձրության (հարկայնության) և ուղղորդիչ լուսավորության նկատմամբ սույն կարգի 33-րդ կետում նշված հսկողությունն իրականացվում է թռիչքների անվտանգության ապահովման նպատակով:

36. Օդանավակայանի (աերոդրոմի) շրջակայքն ըստ արգելքների հարթության սահմանների բաժանվում է հետևյալ գոտիների՝

ա) I գոտի՝ վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետր շառավղով աղեղների՝ վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի, որտեղ կառուցվող արգելքը՝ աեորոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ չպետք է գերազանցի 45 մետրը.

բ) II գոտի՝ վազքուղու շեմերի միջնակետերից 5.1 կիլոմետր շառավղով աղեղների՝ վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի, որտեղ կառուցվող արգելքը՝ աեորոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ, չպետք է գերազանցի 100 մետրը.

գ) III գոտի՝ աերոդրոմի տեղորոշիչ կետից 15 կիլոմետր շառավղով գոտի, որտեղ կառուցվող արգելքը չպետք է գերազանցի 150 մետրը՝ աեորոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ, և 30 մետրը՝ տվյալ տեղանքի նկատմամբ.

դ) IV գոտի՝ վազքուղու շեմերից հորիզոնական հարթության նկատմամբ 2 տոկոս թեքությամբ երկրաչափական սեղանի տեսքով հարթության՝ համապատասխանաբար 300, 4900 և 15000 մետր հիմքերով և բարձրությամբ (300 մետր լայնությամբ հիմքը համընկնում է վազքուղու շեմի հետ), հորիզոնական պրոյեկցիայում ընկած գոտի, որտեղ կառուցվող արգելքը չպետք է հատի նշված հարթությունը.

ե) V գոտի՝ աերոդրոմի տեղորոշիչ կետից 46 կիլոմետր շառավղով գոտի:

37. Թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով լիազորված մարմինը «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն իրականացնում է օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք արգելքների նկատմամբ անհրաժեշտ պետական վերահսկողություն (ավիացիոն հսկողություն)՝ սույն կարգի 36-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված գոտիներում կառուցվող արգելքների շինարարական նախագծերն ուսումնասիրելու և համաձայնություն տալու միջոցով: Սույն կարգի 36-րդ կետի «ե» ենթակետով սահմանված գոտում (V գոտի) կառուցվող 150 և ավելի մետր բարձրությամբ արգելքների մասին տեղեկացվում է լիազորված մարմինը:

38. Արգելք կառուցողը սույն կարգի 36-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով և 37-րդ կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով հայտ է ներկայացնում լիազորված մարմին: Հայտի հետ միասին ներկայացվում են կառուցվող արգելքի շինարարական նախագծերը, որոնցում պետք է արտացոլվեն տվյալներ՝

ա) արգելքի նշանակության և հիմնական բնութագրերի,

բ) արգելքի տեղադրման վայրի (աշխարհագրական դիրք, գետնի մակերևույթի բացարձակ նիշեր, ռելիեֆային քարտեզ),

գ) արգելքի կառուցման ընթացքում օգտագործվող շինարարական տեխնիկայի,

դ) կապի և էլեկտրահաղորդման գծերի համար աշտարակային հենարանների բարձրության,

ե) շինարարության սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ:

39. Անկախ բարձրությունից՝ սույն կարգի 38-րդ կետով սահմանված կարգով ենթակա են համաձայնեցման I, II, III և IV գոտիներում կառուցվող՝

ա) գազեր կամ ծուխ արտանետող կամ տեսանելի լազերային ճառագայթներ արձակող օբյեկտների նախագծերը, որոնք կարող են ազդել աերոդրոմի շրջանում տեսանելության վրա.

բ) այն օբյեկտների նախագծերը, որոնց վրա հնարավոր ազդեցություն կարող են ունենալ աերոդրոմում տեղակայված ռադարային համակարգերը և օդանավերի թռիչք-վայրէջքներից առաջացող աղմուկը:

40. Լիազորված մարմինը 25-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտի հետ միասին ներկայացված շինարարական նախագիծը և տալիս համաձայնություն (մերժում): Նշված համաձայնությունը (մերժումը) ձևակերպվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով և 5-օրյա ժամկետում գրավոր ներկայացվում հայտատուին: Հրամանով կարող են սահմանվել կառուցվող արգելքի ցերեկային մականշումների և լուսազդանշանային միջոցների վերաբերյալ դրույթներ՝ հիմք ընդունելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտները: Արգելքի կառուցման վերաբերյալ մերժումը տրվում է այն դեպքում, եթե շինարարական նախագծով սահմանված տվյալները չեն համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և սույն կարգով օդանավակայանների (աերոդրոմների) շրջակայքում արգելքներին ներկայացված նորմերին և (կամ) թռիչքային ու ավիացիոն անվտանգության ապահովման պահանջներին:

41. Համաձայնեցման ներկայացված նյութերի պատճենները պահվում են լիազորված մարմնում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Համաձայնեցման ներկայացված նյութերի բնօրինակը սույն կարգի 40-րդ կետում նշված հրամանի հետ միասին ներկայացվում է հայտատուին:

42. Օդանավակայանին (աերոդրոմին) կից տարածքներում՝ 8 կմ սահմաններում չեն կարող կառուցվել կամ տեղակայվել սննդի մնացորդների կենտրոնացված արտանետման օբյեկտներ և աղբակույտեր՝ թռչունների կուտակումները կանխելու, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

43. Արգելքների ցերեկային մականշումների և լուսազդանշանային միջոցների առկայությունն ապահովվում է Չիկագոյի կոնվենցիայի N 14 հավելվածի համաձայն:

 

VI. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ

 

44. Միջազգային չվերթների իրականացման ընթացքում օդային երթևեկությունն սպասարկող մարմինների և օդանավի անձնակազմի միջև հաղորդակցությունը՝ վերջինիս անգլերեն հարցման դեպքում իրականացվում է անգլերենով:

45. Գեոդեզիական WGS-84 համակարգում աերոնավիգացիոն սպասարկման ապահովման հետ կապված կետերի և միջոցների աշխարհագրական կոորդինատների հրապարակման ճշտությանը ներկայացվող պահանջներն են.

 

Կետի (միջոցի) աշխարհագրական լայնությունն
ու երկարությունը

Ճշտությունը

Թռիչքային տեղեկատվության գոտու սահմանի կետերը

1 րոպե

P, R, D, TSA սահմանային կետերը (CTA/CTR սահմաններից դուրս)

1 րոպե

P, R, D, TSA սահմանային կետերը (CTA/CTR սահմաններում)

1 վայրկյան

CTA և CTR սահմանների կետերը

1 վայրկյան

Երթուղում նավիգացիոն միջոցները և վերահսկման կետերը, սպասման  կետերը և ժամանման (մեկնման) ստանդարտ սխեմաները

1 վայրկյան

Երթուղում առկա խոչընդոտները

1 վայրկյան

Աերոդրոմի հսկողական կետը

1 վայրկյան

Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն միջոցները

1/10 վայրկյան

Աերոդրոմում և աերոդրոմի շրջանի սահմաններում առկա խոչընդոտները

1/10 վայրկյան

Վայրէջքի և վերելքի գոտիներում նշանակալի խոչընդոտները

1/10 վայրկյան

Վայրէջքի վերջնական փուլում վերահսկման կետերը և սարքավորումներով իրականացվող վայրէջքի սխեման կազմող այլ կարևոր կետեր

1/10 վայրկյան

Վազքուղու շեմքը

1/100 վայրկյան

Վազքուղու վերջը

1/100 վայրկյան

Ղեկուղու առանցքային գծի կետերը

1/100 վայրկյան

Օդանավերի կայանատեղերի և INS համակարգի ստուգման կետերը

1/100 վայրկյան

 

46. Համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտների՝ աերոնավիգացիոն սպասարկման ապահովման նպատակով օգտագործվող քարտեզների հրապարակման մասշտաբներն են.

 

Թռիչքային քարտեզների անվանումները

Հրատարակվող մասշտաբները

Աերոդրոմային խոչընդոտների քարտեզ

1:10000

Տարածքային քարտեզ՝ ճշգրիտ վայրէջքի համար

1:2500

Երթուղային քարտեզ

1:1000000

Շրջանային քարտեզ

1:1000000

Սարքավորումներով իրականացվող մեկնման քարտեզ

1:200000

Սարքավորումներով իրականացվող ժամանման քարտեզ

1:200000

Սարքավորումներով իրականացվող վայրէջքի քարտեզ

1:200000

Վիզուալ կերպով կատարվող վայրէջքի քարտեզ

1:200000

Աերոդրոմային քարտեզ

1:25000

Աերոդրոմային երթևեկության քարտեզ

1:25000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան