«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2003 թվականի N 254-Ն
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ի N 684 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1822 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձին հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 684 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանվում է անձին հաշմանդամ ճանաչելու կարգը, որն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները) և կառուցվածքային ստորաբաժանումը (փորձաքննական բաժինը):
2. Անձին հաշմանդամ ճանաչելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, խեղում կամ վնասվածք) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից:
3. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմիններն անձին հաշմանդամ ճանաչելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներով, հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներով և կենսագործունեության տվյալ աստիճանի սահմանափակման համար սահմանված ժամկետով:
4. Հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` հաշմանդամ երեխայի կարգավիճակ:
5. Օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան` վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:
6. Անձը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում իր հաշվառման կամ մշտական բնակության վայրն սպասարկող բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից, համապատասխան մարմնի ղեկավարին ուղղված գրավոր դիմումով (որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը)` ներկայացնելով իր անձնագիրը, մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը և ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, և առողջապահական կազմակերպության ուղեգիրը: Փորձաքննությունը կարող է իրականացվել նաև հիվանդանոցում, տնային պայմաններում կամ հեռակա (եթե հիվանդը չի կարող ներկայանալ փորձաքննության)` քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` առաջնորդվելով հիվանդությունը հավաստող բժշկական փաստաթղթերով:
7. Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել համապատասխան մասնագետի:
8. Փորձաքննություն անցկացնող բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը պարտավոր է քաղաքացուն ծանոթացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին:
9. Իրենց լիազորությունների սահմաններում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների ընդունած որոշումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար ենթակա են պարտադիր կատարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԱՆՁԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ
10. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տևական խանգարման առկայության դեպքում առողջապահական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Առողջապահական կազմակերպության ուղեգրում նշվում է քննվող անձի ախտորոշումն ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդությունների միջազգային դասակարգման և կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքների` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալներ (օբյեկտիվ, օժանդակ և լաբորատոր), նշելով ֆունկցիայի խանգարման աստիճանը:
11. Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` հաշվառում չունեցող անձինք կարող են բժշկասոցիալական փորձաքննություն անցնել` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Որոշակի բնակության վայր չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են բժշկասոցիալական փորձաքննություն անցնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի թույլտվությամբ:
12. Առողջապահական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու են անձին բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նպատակով տրված ուղեգրում նշված տվյալների հավաստիության և լիարժեքության համար:
III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումով և առողջապահական կազմակերպության ուղեգրով, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Առողջապահական կազմակերպությունների կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելը մերժվելու դեպքում անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի ինքնուրույն գրավոր դիմելու գործակալության պետին` ներկայացնելով հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումը հաստատող բժշկական փաստաթղթերը:
14. Անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների և արատների հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումը (ինքնասպասարկելը, ինքնուրույն տեղաշարժվելը, կողմնորոշվելը, սեփական վարքը վերահսկելը, հաղորդակցվելը, ուսումնառությունը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` նաև խաղալու) ունակությունը), որն առաջացրել է սոցիալական անբավարարություն և պաշտպանության անհրաժեշտություն:
15. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնող իրավասու պետական մարմնի ղեկավարը, ուսումնասիրելով ներկայացված դիմումը և համապատասխան փաստաթղթերն ու պարզելով փաստաթղթերի լիարժեքությունը, նշանակում է անձին բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու օրը, վայրը և ժամը` դրա մասին տեղեկացնելով քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին: Ղեկավարը նշանակված նիստի օրը ներկայացված փաստաթղթերը և տվյալները (կլինիկա-ֆունկցիոնալ, մասնագիտական, աշխատանքային, հոգեբանական, սոցիալ-կենցաղային) ներկայացնում է համապատասխան մասնագետների, որոնք զննում են անձին, ախտորոշում, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և ղեկավարի հետ համատեղ ընդունում որոշում:
16. Բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմինները որոշում ընդունելիս դժվարանալու դեպքում անձի քննման ակտը մեկշաբաթյա ժամկետում գրավոր հարցմամբ ներկայացնում են գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ իրականացվում է խորհրդատվական փորձաքննություն` տալով խորհրդատվական եզրակացություն:
17. Փորձաքննական բաժնի խորհրդատվական եզրակացության հետ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի կամ փորձագետներից մեկի համաձայն չլինելու դեպքում քննման ակտում կատարվում է համապատասխան գրառում (նշվում է` «Հատուկ կարծիք»), և գործը եռօրյա ժամկետում ներկայացվում է գործակալության պետին, որի հանձնարարությամբ գործակալության փորձաքննական բաժինն ընդունում է որոշում:
18. Գործակալության փորձաքննական բաժինը փորձաքննական որոշումն ընդունում է ձայների 2/3-ով:
19. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ղեկավարը փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետների ներկայությամբ բժշկասոցիալական փորձաքննությունն անցած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին հայտնում է փորձաքննական որոշման մասին և անհրաժեշտ պարզաբանումներ տալուց հետո հանձնում սահմանված ձևի տեղեկանք:
20. Ախտորոշման ճշտման, հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար կազմվում է լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ղեկավարն ու դրա մասին տեղեկացնում անձին կամ նրա օրինական ներկայացուցչին: Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն ստանալուց հետո` ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն ընդունում է փորձաքննական որոշում:
21. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում անձի կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր դիմումի և առողջապահական կազմակերպության կողմից տրված ուղեգրի` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին մուտքագրման օրը:
Հաշմանդամությունը սահմանվում է մինչև բժշկասոցիալական վերափորձաքննության ժամկետի հաջորդ ամսվա 1-ը:
Բժշկասոցիալական վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում մահացած անձի հարազատների կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը տալիս է համապատասխան եզրակացություն նրա հաշմանդամության մասին:
22. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան:
Հաշմանդամության պատճառ կարող են լինել`
ա) մանկուց հիվանդությունը,
բ) ընդհանուր հիվանդությունը,
գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը,
դ) մասնագիտական հիվանդությունը,
ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը,
զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը,
է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը,
ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը,
թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը,
ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը,
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը:
23. Համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձը ճանաչվում է հաշմանդամ: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է այն դեպքում, երբ հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և փաստաթղթերում նշված հիվանդության միջև առկա է անմիջական կապ կամ հետևանք:
24. Այն դեպքում, երբ փաստաթղթերում բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալները, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությունը:
25. Այն դեպքում, երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, հաշմանդամության պատճառական կապը որոշվում է հիվանդի ընտրությամբ: Հաշմանդամության պատճառի մասին նոր դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ:
26. Անձի բժշկասոցիալական փորձաքննության մասին տվյալները և ընդունված որոշումը գրանցվում են անձի քննման ակտում և համապատասխան մատյանում, որոնք ստորագրվում են բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետների կողմից և նույն օրը վավերացվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կնիքով: Բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած խորհրդատուի եզրակացությունը գրանցվում է քննման ակտում, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող տվյալներն ու փաստաթղթերը կցվում են գործին:
27. Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը մեկամսյա ժամկետում կազմում է անհատական վերականգնողական ծրագիր, որը հաստատվում է տվյալ մարմնի ղեկավարի կողմից, վավերացվում կնիքով և տասնօրյա ժամկետում ուղարկվում Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական և (կամ) սոցիալական վերականգնում իրականացնող համապատասխան մարմիններ:
28. Հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության մասին փորձաքննական որոշումից քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:
Հաշմանդամ ճանաչված անձին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրվում է հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանք և վերականգնողական անհատական ծրագիր:
29. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիմած ժամանակավոր անաշխատունակ անձին հաշմանդամ կամ կրկին ժամանակավոր անաշխատունակ ճանաչելու դեպքում տվյալ մարմնի ղեկավարի կողմից կատարվում է գրանցում` ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որը վավերացվում է կնիքով:
30. Փորձաքննական որոշումը և խորհրդատվական եզրակացությունը կայացվում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին դիմելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
IV. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
31. Հաշմանդամի բժշկասոցիալական վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, կամ նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
32. Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի բժշկասոցիալական վերափորձաքննությունը կատարվում է նրա բժշկասոցիալական փորձաքննության համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում, ինչպես նաև նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
V. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում կարող է այն բողոքարկել վերադասության կամ դատական կարգով: Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումն ստանալիս բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ղեկավարը փորձաքննվողի փաստաթղթերը մեկ շաբաթվա ընթացքում դիմումի հետ միասին ներկայացնում է գործակալություն, որտեղ ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում կազմակերպվում է բժշկասոցիալական վերափորձաքննություն և ընդունվում որոշում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.03.2006, N 276-Ն | 03.04.2006, N 254-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|