Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.12.1999
Ստորագրման ամսաթիվ
10.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2004

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 76-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ 1999 ԹՎ.ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի 54/109 ԲԱՆԱՁԵՎԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(Վեցերորդ հանձնաժողովի զեկույցի հիման վրա A154/615)

 

Գլխավոր ասամբլեան,

վկայակոչելով իր բոլոր համապատասխան բանաձևերը, ներառյալ 1991 թ. դեկտեմբերի 9-ի 46/51 և 1994 թ. դեկտեմբերի 9-ի 49/60 բանաձևերը, որոնցով ընդունել է Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին հռչակագիրը, և 1996 թ. դեկտեմբերի 17-ի 51/210 և 1998 թ. դեկտեմբերի 8-ի 53/108 բանաձևերը,

քննարկելով Գլխավոր ասամբլեայի 1996 թ. դեկտեմբերի 17-ի 51/210 բանաձևով ստեղծված Ad Hoc հանձնաժողովի և Վեցերորդ հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված Ահաբեկչության ֆինանսավորումն արգելելու մասին միջազգային կոնվենցիայի նախագծի տեքստը՝

1. ընդունում է սույն Բանաձևին կից՝ Ահաբեկչության ֆինանսավորումն արգելելու մասին միջազգային կոնվենցիան և հանձնարարում է Գլխավոր քարտուղարությանը բացել այն ստորագրման համար Նյու Յորքում՝ Միավորված ազգերի գլխավոր գրասենյակում՝ 2000 թ. հունվարի 10-ից մինչև 2001 թ. դեկտեմբերի 31-ը.

2. բոլոր Պետություններին կոչ է անում ստորագրել և վավերացնել, ընդունել, հաստատել Կոնվենցիան կամ միանալ դրան:

Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 1999թ. դեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 54/109 բանաձևով


Ն ա խ ա բ ա ն

Սույն Կոնվենցիայի Մասնակից Պետությունները,

նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության նպատակները և սկզբունքները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանությանը և Պետությունների միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների և համագործակցության խրախուսմանը,

խորապես մտահոգված լինելով աշխարհում ահաբեկչական գործողությունների բոլոր ձևերի և դրսևորումների համընդգրկուն ուժեղացմամբ,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1995 թ. հոկտեմբերի 24-ի 50/6 բանաձևով Միավորված ազգերի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ ընդունված հռչակագիրը,

վկայակոչելով նաև այդ հարցի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բոլոր համապատասխան բանաձևերը, ներառյալ 1994 թ. դեկտեմբերի 9-ի 49/60 բանաձևը և դրան կից հավելվածը, որտեղ շարադրված է Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին հռչակագիրը, որով Միավորված ազգերի անդամ պետությունները պաշտոնապես վերահաստատել են իրենց կողմից ահաբեկչության բոլոր գործողությունների և մեթոդների կիրառման միանշանակ դատապարտումը՝ որպես հանցավոր և անարդար, որտեղ և ում կողմից էլ որ դրանք կատարվեն, ներառյալ այն արարքները, որոնք վտանգում են Պետությունների և մարդկանց միջև բարեկամական հարաբերությունները և սպառնում են Պետությունների տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը,

նշելով, որ Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին հռչակագիրը առաջարկում է Պետություններին անհապաղ վերանայել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների կանխման, խափանման և բացառման վերաբերյալ գործող միջազգային իրավական նորմերի շրջանակը՝ նպատակ ունենալով երաշխավորել, որ բազմակողմանի իրավական համագործակցությունը ներառի հարցի բոլոր կողմերը,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1996 թ. դեկտեմբերի 17-ի 51/210 բանաձևի 3-րդ կետի «զ» ենթակետը, որով Ասամբլեան կոչ է անում բոլոր Պետություններին համապատասխան ազգային միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կանխելու և հակազդելու ահաբեկիչների և ահաբեկիչ կազմակերպությունների ֆինանսավորմանը՝ անկախ նրանից, թե նման ֆինանսավորումն ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացվում է բարեգործական, հասարակական կամ մշակութային նպատակներ ունեցող կազմակերպությունների միջոցով, կամ նրանք ներգրավված են այնպիսի անօրինական գործողություններում, ինչպիսիք են զենքի ապօրինի առևտուրը, թմրադեղերի վաճառքը և շորթումը, ներառյալ անձանց օգտագործումն ահաբեկչության ֆինանսավորման նպատակներով և, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում ընդունել ահաբեկչությանը նպատակամղված կասկածելի դրամական միջոցների տեղաշարժը կանխելու և դրան հակազդելու կարգավորման միջոցներ՝ առանց խանգարելու դրամական միջոցների օրինական, ազատ տեղաշարժը, և արդյունավետ դարձնել նման միջոցների միջազգայի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը,

վկայակոչելով նաև Գլխավոր ասամբլեայի 1997 թ. դեկտեմբերի 15-ի 52/165 բանաձևը, որով Ասամբլեան կոչ է անում Պետություններին հաշվի առնել, մասնավորապես, իր 51/210 բանաձևի 3-րդ կետի «ա»-«զ» ենթակետերում շարադրված միջոցների իրագործման վերաբերյալ հարցը,

այնուհետև վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1998 թ. դեկտեմբերի 8-ի 53/108 բանաձևը, որով Ասամբլեան որոշել է, որ 1996 թ. դեկտեմբերի 17-ի 51/210 բանաձևով ստեղծված Հատուկ հանձնաժողովը պետք է մշակի Ահաբեկչության ֆինանսավորումն արգելելու մասին միջազգային կոնվենցիայի նախագիծ՝ լրացնելով դրա վերաբերյալ գործող միջազգային փաստաթղթերը,

հաշվի առնելով, որ ահաբեկչության ֆինանսավորումը միջազգային հանրության համար լուրջ մտահոգության հարց է,
      նշելով, որ միջազգային ահաբեկչության ծավալը և լրջությունը կախված է ահաբեկիչների կողմից ստացված ֆինանսավորումից,
      նշելով նաև, որ գոյություն ունեցող բազմակողմ իրավական փաստաթղթերն ուղղակիորեն չեն անդրադառնում նման ֆինանսավորմանը,
       համոզված լինելով, որ անհրաժեշտ է Պետությունների միջև անհապաղ ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու համար արդյունավետ միջոցներ գտնելու և ընդունելու, ինչպես նաև դրա արգելման համար հանցագործություն կատարած անձանց հետապնդելու և պատժելու միջոցով,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Միջոցներ»՝ ցանկացած իրական կամ ոչ իրական միջոց՝ շարժական կամ անշարժ, անկախ դրանց ձեռքբերման աղբյուրից, ինչպես նաև իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային կամ թվային, որոնք նման միջոցների ապացույց են հանդիսանում, ներառյալ, բայց չսահմանափակելով բանկային վարկերը, ճանապարհորդական, բանկային վճարագրերը, դրամական վճարագրերը, բաժնետոմսերը, ապահովագրությունները, պարտատոմսերը, վարկային վճարագրերը և վարկագրերը:

2. «Պետական կամ կառավարական օբյեկտ»՝ ցանկացած մշտական կամ ժամանակավոր գործող օբյեկտ կամ տրանսպորտային միջոց, որն օգտագործվում կամ զբաղեցվում է Պետության ներկայացուցիչների, Կառավարության, օրենսդիր կամ դատական մարմինների անդամների կամ պետական պաշտոնյաների կամ պետական ծառայողների կամ որևէ այլ պետական մարմնի կամ միջկառավարական կազմակերպության աշխատակիցների կամ պաշտոնյաների կողմից՝ կապված նրանց պաշտոնեական պարտականությունների հետ:

3. «Եկամուտ»՝ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում ստացված կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք բերված ցանկացած միջոց:

 

Հոդված 2

 

1. Սույն Կոնվենցիայի իմաստով հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը որևէ ձևով՝ ուղղակիորեն կամ անուղղակի, ապօրինի և կամովին միջոցներ է հավաքում կամ տրամադրում, որոնք կօգտագործվեն, կամ գիտակցում է, որ կօգտագործվեն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ կատարելու համար.

ա) արարք, որը Կոնվենցիայի հավելվածում թվարկված պայմանագրերի կիրառման ոլորտի և դրանց սահմանման համաձայն՝ հանցագործություն է համարվում.

բ) որևէ այլ արարք, որն ուղղված է քաղաքացիական անձին կամ զինված հակամարտությունների ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին մահ կամ ծանր մարմնական վնասվածք առաջացնելուն, երբ այդպիսի արարքի նպատակն իր բնույթով և համատեքստով հասարակությանն ահաբեկելը կամ Կառավարությանը կամ միջազգային կազմակերպությանն ստիպելն է կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից:

2. ա) Այն Կողմ Պետությունը, որը չի հանդիսանում հավելվածում նշված որևէ պայմանագրի կողմ, կարող է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ հայտարարել, որ սույն Կոնվենցիան իր նկատմամբ կիրառելիս չի համարի, որ այդ պայմանագիրն ընդգրկված է 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հավելվածում: Այդ հայտարարությունը դադարում է գործել, երբ այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ Մասնակից Պետության համար, որն այդ մասին ծանուցում է ավանդապահին.

բ) հավելվածում թվարկված պայմանագրի գործողությունը Մասնակից Պետության համար դադարելու դեպքում վերջինս, սույն հոդվածով նախատեսված կարգով, դրա վերաբերյալ կազմում է հայտարարագիր:

3. Որպեսզի արարքը դիտվի որպես 1-ին կետով նախատեսված հանցագործություն, պարտադիր չէ, որ միջոցները փաստացիորեն օգտագործված լինեն 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված հանցագործությունների կատարման համար:

4. Հանցագործություն է համարվում նաև անձի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարումը:

5. Հանցագործություն է համարվում նաև, երբ անձը.

ա) որպես հանցակից՝ մասնակցում է սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված արարքների կատարմանը.

բ) կազմակերպում կամ այլ անձանց ղեկավարում է՝ կատարելու սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը.

գ) օժանդակում է միևնույն նպատակով գործող անձանց խմբի կողմից սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված մեկ կամ մի քանի հանցագործության կատարմանը: Նման օժանդակությունը պետք է լինի դիտավորյալ և պետք է՝

i) կատարվի խմբի հանցավոր գործողությանը կամ նպատակների իրագործմանը նպաստելու համար, երբ նման գործողությունը կամ նպատակը ներառում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարումը, կամ

ii) կատարվի՝ տեղյակ լինելով խմբի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մտադրությանը:

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիան չի կիրառվում, եթե հանցագործությունը կատարվել է մեկ Պետության տարածքում, ենթադրյալ հանցագործն այդ Պետության քաղաքացի է և գտնվում է նրա տարածքում, և որևէ այլ Պետություն 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավասություններն իրականացնելու հիմքեր չունի՝ բացառությամբ, երբ համապատասխանաբար կիրառվում են 12-րդ և 18-րդ հոդվածների դրույթները:

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Մասնակից Պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են՝

ա) 2-րդ հոդվածով նախատեսված արարքներն իր ազգային օրենսդրությամբ հանցագործություններ ճանաչելու համար.

բ) հաշվի առնելով հանցագործությունների ծանրության աստիճանը՝ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար:

 

Հոդված 5

 

1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն, իր ներպետական օրենսդրության սկզբունքներին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ իր տարածքում գտնվող կամ իր օրենքներով ստեղծված իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկելու համար, երբ այդ իրավաբանական անձի կառավարման համար պատասխանատու կամ այն վերահսկող անձն իր իրավասության շրջանակներում կատարում է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները: Դա կարող է լինել քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:

2. Նման պատասխանատվությունը չպետք է վնասի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությանը:

3. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն պետք է, մասնավորապես, երաշխավորի, որ վերը նշված 1-ին կետին համապատասխան պատասխանատվություն կրող իրավաբանական անձինք կենթարկվեն արդյունավետ, համամասն և քաղաքացիական, վարչական կամ քրեական պատժամիջոցների: Դրանք կարող են ներառել նաև դրամական պատժամիջոցները:

 

Հոդված 6

 

Յուրաքանչյուր Մասնակից Պետություն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, այդ թվում, համապատասխան դեպքերում, ներպետական օրենսդրության բնագավառում, երաշխավորելով, որ սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները ոչ մի պարագայում չեն արդարացվի՝ հաշվի առնելով դրանց քաղաքական, փիլիսոփայական, գաղափարախոսական, ռասայական, ազգային, կրոնական կամ այլ նմանատիպ բնույթը:

 

Հոդված 7

 

1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վրա իր իրավասությունը տարածելու համար, երբ.

ա) հանցագործությունը կատարվել է այդ Պետության տարածքում.

բ) հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության դրոշի ներքո լողացող նավի վրա կամ հանցագործության կատարման պահին տվյալ Պետության օրենքներով գրանցված թռչող սարքում.

գ) հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության քաղաքացու կողմից:

2. Մասնակից Պետությունը կարող է իր իրավասությունը տարածել նաև ցանկացած նման հանցագործության նկատմամբ, երբ.

ա) հանցագործությունն ուղղված է եղել կամ հանգեցրել է տվյալ Պետության տարածքում կամ նրա քաղաքացիներից որևէ մեկի դեմ 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների կատարմանը.

բ) հանցագործությունն ուղղված է եղել արտասահմանում տվյալ Պետության պետական կամ կառավարական օբյեկտի, ներառյալ դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատությունների շինությունները, դեմ 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների կատարմանը.

գ) հանցագործությունն ուղղված է եղել կամ հանգեցրել է 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործությունների կատարմանը՝ փորձելով Պետությանը ստիպել կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից.

դ) հանցագործությունը կատարվել է քաղաքացիություն չունեցող այնպիսի անձի կողմից, որը սովորաբար բնակվում է տվյալ Պետության տարածքում.

ե) հանցագործությունը կատարվել է տվյալ Պետության Կառավարության կողմից շահագործվող օդանավում:

3. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն սույն Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցի 2-րդ կետին համապատասխան իր իրավասությունը տարածելու մասին: Ցանկացած փոփոխության մասին համապատասխան Մասնակից Պետությունը Գլխավոր քարտուղարությանն անհապաղ ծանուցում է դրա վերաբերյալ:

4. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն ձեռնարկում է նաև անհրաժեշտ միջոցներ՝ տարածելու իր իրավասությունը 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և նա չի հանձնում այդ անձին որևէ Մասնակից Պետության, որն իր իրավասությունը տարածել է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Երբ մեկից ավելի Մասնակից Պետություններ իրենց իրավասությունը տարածում են 2-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի նկատմամբ, ապա համապատասխան Մասնակից Պետությունները պետք է ձգտեն, համապատասխանաբար, համակարգել իրենց գործողությունները, մասնավորապես, քրեական հետապնդման կարգի և փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման պայմանների նկատմամբ:

6. Առանց վնասելու ընդհանուր միջազգային իրավունքի նորմերը, սույն Կոնվենցիան չի բացառում Մասնակից Պետության կողմից իր ազգային օրենսդրությամբ նախատեսված որևէ քրեական իրավասության իրականացումը:

 

Հոդված 8

 

1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն, իր ներպետական օրենսդրության սկզբունքներին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար օգտագործված կամ հատկացված միջոցների հետախուզման, հայտնաբերման կամ սառեցման, ինչպես նաև այդ հանցագործություններից ստացված եկամուտների հնարավոր բռնագրավման նպատակով:

2. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն, իր ներպետական օրենսդրության սկզբունքներին համապատասխան, ձեռնարկում է համապատասխան միջոցներ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար օգտագործված կամ հատկացված միջոցների և այդ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների բռնագրավման նպատակներով:

3. Յուրաքանչյուր մասանակից Պետություն մյուս Մասնակից Պետությունների հետ կանոնավոր հիմունքներով կամ պարբերաբար քննության է առնում սույն հոդվածով նախատեսված բռնագրավման արդյունքում առաջացած միջոցների բաշխման վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հարցը:

4. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն քննության է առնում այնպիսի մեխանիզմների ստեղծման հարցը, որոնց միջոցով սույն հոդվածով նախատեսված բռնագրավված միջոցները կուղղվեն 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հանցագործություններից տուժած անձանց կամ նրանց ընտանիքների անդամներին փոխհատուցում տալուն:

5. Սույն հոդվածի դրույթները չեն վնասում բարեխղճորեն գործող երրորդ անձանց իրավունքները:

 

Հոդված 9

 

1. Տեղեկատվություն ստանալով այն մասին, որ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, համապատասխան Մասնակից Պետությունը ձեռնարկում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները՝ քննության առնելով տեղեկատվության մեջ ներառվող փաստերը:

2. Համոզված լինելով, որ հանգամանքներն այդ են պահանջում, Մասնակից Պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը, ձեռնարկում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու տվյալ անձի ներկայությունը քրեական հետապնդման կամ հանձնման նպատակներով:

3. Յուրաքանչյուր անձ, որի նկատմամբ ձեռնարկվել են 2-րդ կետով նախատեսված միջոցները, իրավունք ունի.

ա) առանց հետաձգման կապվել իր քաղաքացիության Պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանել տվյալ անձի իրավունքները, կամ եթե տվյալ անձը քաղաքացիություն չունի, ապա իր մշտական բնակության Պետության ներկայացուցչի հետ.

բ) հանդիպել տվյալ Պետության ներկայացուցչի հետ.

գ) տեղեկանալ «ա» և «բ» ենթակետերով նախատեսված իր իրավունքների մասին:

4. 3-րդ կետով նախատեսված իրավունքները պետք է իրականացվեն այն Պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը՝ պայմանով, որ նշված օրենքները և կանոնակարգերն ամբողջությամբ արտացոլում են 3-րդ կետով նախատեսված իրավունքների իրականացումը:

5. 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դրույթները չեն վնասում որևէ Մասնակից Պետության իրավունքը՝ իր իրավասությունը տարածելու 7-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի կամ 2-րդ կետի «բ» ենթակետի նկատմամբ՝ հրավիրելով Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին՝ այցելել ենթադրյալ հանցագործին կամ հաղորդակցվել նրա հետ:

6. Երբ Մասնակից Պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանքի տակ է վերցրել անձի, ապա նա անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով պետք է անհապաղ ծանուցի այն Մասնակից Պետություններին, որոնք իրենց իրավասությունը տարածել են 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, և, անհրաժեշտության դեպքում, որևէ այլ շահագրգիռ Մասնակից Պետության՝ այն մասին, որ տվյալ անձը կալանքի տակ է, և այն հանգամանքների մասին, որոնք պահանջում են, որ նա կալանքի տակ գտնվի: 1-ին կետով նախատեսված քննությունն իրականացնող պետությունը պետք է անհապաղ տեղեկացնի նշված Մասնակից Պետություններին դրա արդյունքների մասին և նշի, թե արդյո՞ք իրականացնելու է իր իրավասությունը:

 

Հոդված 10

 

1. Այն Մասնակից Պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործություն կատարած անձը կամ ենթադրյալ հանցագործը, 7-րդ հոդվածի կիրառման դեպքերում, երբ չի հանձնում տվյալ անձին, պարտավորվում է առանց որևէ բացառության և անհիմն ձգձգման և անկախ նրանից՝ հանցագործությունն իր տարածքում է կատարվել, թե ոչ, գործը հանձնել իր իրավասու մարմիններին` իր օրենսդրության համաձայն դատական հետապնդման վարույթ իրականացնելու նպատակով: Այդ մարմինները որոշում են ընդունում նույն կարգով, որը տվյալ Պետության օրենքներով նախատեսված է որևէ այլ ծանր բնույթի հանցագործության դեպքում:

2. Այն դեպքում, երբ Մասնակից Պետության ներպետական օրենսդրությամբ թույլատրվում է վերադարձման պայմանով հանձնել կամ այլ կերպ փոխանցել իր քաղաքացուն, որպեսզի նա կրի դատավարության կամ վարույթի արդյունքում նշանակված պատիժը, որի համար պահանջվում է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և տվյալ Պետությունը կամ անձի հանձնումը հայցող Պետությունը համաձայն են այդ ընտրությանը և այլ անհրաժեշտ պայմաններին, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը ազատում են 1-ին կետով նախատեսված պարտավորությունից:

 

Հոդված 11

 

1. 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները, որպես հանձնման ենթակա հանցագործություններ, պետք է ընդգրկվեն Մասնակից Պետությունների միջև կնքված հանձնման վերաբերյալ համաձայնագրերում մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Մասնակից Պետությունները պարտավորվում են այդ հանցագործությունները, որպես հանձնման ենթակա հանցագործություններ, ներառել իրենց միջև հետագայում կնքվելիք բոլոր համաձայնագրերում:

2. Այն դեպքում, երբ Մասնակից Պետությունը հանձնումն իրականացնում է համաձայնագրի առկայության պայմանով և մեկ այլ Մասնակից Պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, ստանում է հանձնման վերաբերյալ խնդրանք, իր հայեցողությամբ կարող է սույն Կոնվենցիան որպես իրավական հիմք դիտել 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով հանձնում իրականացնելու համար: Հանձնումն իրականացվում է Հայցվող Կողմի օրենսդրության այլ պահանջներին համապատասխան:

3. Այն Մասնակից Պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում համաձայնագրի առկայությամբ, կարող են իրենց համար 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները դիտել որպես հանձնման ենթակա՝ Հայցվող Պետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

4. Անհրաժեշտության դեպքում 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները կդիտվեն որպես հանձնման ենթակա, եթե դրանց կատարման վայր են հանդիսանում նաև այն Պետությունների տարածքները, որոնք իրենց իրավասությունն են տարածել 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Մասնակից Պետությունների միջև հանձնման մասին բոլոր համաձայնագրերը 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ կդիտվեն փոփոխված այնքանով, որքանով դրանք համապատասխանում են սույն Կոնվենցիային:

 

Հոդված 12

 

1. Մասնակից Պետությունները միմյանց օգնություն են տրամադրելու 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն, հանձնում և այլ քրեական վարույթներ իրականացնելու ընթացքում՝ ներառյալ վարույթի համար անհրաժեշտ և իրենց տրամադրության տակ գտնվող ապացույցների ձեռքբերման օժանդակությունը:

2. Մասնակից Պետությունները չեն կարող մերժել փոխադարձ իրավական օգնության տրամադրումը բանկային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ:

3. Հայցող Կողմը, առանց Հայցվող Կողմի նախնական համաձայնության, չպետք է փոխանցի կամ օգտագործի Հայցվող Կողմի կողմից իրեն տրամադրված տեղեկատվությունն այնպիսի հետաքննություն, դատական հետապնդում կամ այլ վարույթ իրականացնելու համար, որոնք այլ են, քան խնդրանքում նշվածներն են:

4. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն քննության է առնում մյուս Մասնակից Պետությունների հետ այնպիսի տեղեկատվության կամ ապացույցների փոխանակման մեխանիզմների ստեղծման հարցը, որոնք անհրաժեշտ են, 5-րդ հոդվածին համապատասխան, քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն սահմանելու համար:

5. Մասնակից Պետությունները 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրենց պարտավորություններն իրականացնում են իրենց միջև գործող փոխադարձ իրավական օգնության կամ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերին համապատասխան: Նման համաձայնագրերի կամ պայմանավորվածության բացակայության դեպքում Մասնակից Պետությունները միմյանց օգնություն են տրամադրում իրենց ազգային օրենսդրության համապատասխան:

 

Հոդված 13

Հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից ոչ մեկը չի կարող դիտվել որպես ֆինանսական հանցագործություն: Մասնակից Պետությունները չեն կարող մերժել հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը միայն այն հիմքով, որ դա վերաբերում է ֆինանսական հանցագործությանը:

 

Հոդված 14

 

Հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից ոչ մեկը չի կարող դիտվել որպես քաղաքական կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործություն: Հետևաբար, այդ հանցագործությունների վերաբերյալ գործերով հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ դա կապված է քաղաքական կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության հետ:

 

Հոդված 15

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել որպես պարտավորեցնող հանձնման կամ փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու համար, եթե Հայցվող Կողմը ծանրակշիռ հիմքեր ունի ենթադրելու, որ 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը տրվել է անձին դատական կարգով հետապնդելու կամ նրան պատժելու համար՝ ելնելով նրա ռասայից, կրոնից, ազգությունից, էթնիկական ծագումից կամ քաղաքական համոզմունքներից, կամ եթե խնդրանքի կատարումը կարող է վատթարացնել տվյալ անձի վիճակը:

 

Հոդված 16

 

1. Մասնակից Պետություններից մեկի տարածքում կալանքի տակ գտնվող կամ պատիժ կրող անձը, որի ներկայությունը մյուս Մասնակից Պետության տարածքում պահանջվում է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն կամ դատական հետապնդում իրականացնելիս ճանաչման, ապացուցման կամ այլ կերպ ապացույցների ձեռքբերման նպատակով օգնություն տրամադրելու համար, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների առկայության դեպքում: Եթե՝

ա) այդ անձը լրիվ տեղեկության հիման վրա տվել է իր համաձայնությունը.

բ) երկու երկրների իրավասու մարմինները համաձայնության են գալիս այնպիսի պայմանների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են համարում:

2. Սույն հոդվածի նպատակներով՝

ա) այն Պետությունը, որին փոխանցվել է անձը, իրավասու և պարտավոր է փոխանցված անձին պահել կալանքի տակ, եթե միայն այդ անձին փոխանցող Պետությունը այլ բան չի խնդրել կամ չի սանկցիավորել.

բ) այն Պետությունը, որին փոխանցվել է անձը, պետք է առանց հապաղման կատարի նրան փոխանցող Պետության կալանքի տակ վերադարձնելու իր պարտավորությունը երկու Պետությունների իրավասու մարմինների միջև նախնական կամ այլ պայմանավորվածություններին համապատասխան.

գ) այն Պետությունը, որին փոխանցվել է անձը, չպետք է փոխանցող Պետությունից պահանջի, որ նա այդ անձին վերադարձնելու համար կիրառի հանձնման ընթացակարգ.

դ) փոխանցող Պետության կողմից փոխանցվող անձը պետք է երաշխավորվի, որ այն Պետության տարածքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, որին ինքը փոխանցվել է, հաշվարկվելու է պատիժը կրելու ժամկետի մեջ:

3. Սույն հոդվածի համաձայն փոխանցվող անձը, անկախ իր ազգությունից, չի կարող այն Մասնակից Պետության կողմից, որին ինքը փոխանցվել է, ենթարկվել դատական կարգով հետապնդման կամ կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ սահմանափակման այն արարքների կամ համոզմունքների համար, որոնք նախորդել են փոխանցող Պետության տարածքից այդ անձի մեկնելուն՝ առանց փոխանցող Պետության համաձայնության:

 

Հոդված 17

 

Կալանքի տակ գտնվող յուրաքանչուր անձ կամ այն անձը, որի նկատմամբ կիրառվել են սույն Կոնվենցիայով նախատեսված վարույթ կամ այլ միջոցներ, ենթակա է արդարացի վերաբերմունքի, ներառյալ՝ իր գտնվելու Պետության օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների միջազգային նորմերին համապատասխան՝ բոլոր իրավունքներից և երաշխիքներից օգտվել:

 

Հոդված 18

 

1. Մասնակից Պետությունները համագործակցություն են իրականացնելու 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման բնագավառում՝ ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ իրենց օրենսդրության փոփոխման միջոցով, կանխելու և հակազդելու իրենց տարածքներում կամ դրանցից դուրս հանցագործություններ նախապատրաստելը, ներառյալ՝

ա) միջոցները, որոնք իրենց տարածքներում կարգելեն անձանց և կազմակերպությունների անօրինական գործունեությունը, որն ուղղված է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների խրախուսմանը, դրդմանը, կազմակերպմանը կամ դրանցում ներգրավմանը.

բ) միջոցները, որոնք ֆինանսական գործարքներում ներգրավված ֆինանսական մարմիններին և այլ կազմակերպություններին պարտավորեցնում են իրենց տրամադրության տակ եղած միջոցներից կիրառել ամենաարդյունավետները` հայտնաբերելու իրենց մշտական կամ ժամանակավոր հաճախորդներին, ինչպես նաև այն հաճախորդներին, որոնց համար հաշիվներ են բացվել, և հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի կասկածելի ֆինանսական գործարքներին, որոնք ենթադրվում է, որ բխում են հանցավոր գործունեությունից: Այդ նպատակով Մասնակից Պետությունները քննության են առնում հետևյալը.

i) ընդունել այնպիսի հաշիվների բացումն արգելող կանոններ, որոնց հաշվետերերը կամ շահառուներն անհայտ են, և միջոցներ՝ ապահովելու նման մարմինների կողմից իրական հաշվետերերի ինքնության բացահայտումը.

ii)  իրավաբանական անձանց հայտնաբերման նպատակով, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական մարմիններին պահանջներ ներկայացնել՝ ստուգելու հաճախորդի իրավաբանական կարգավիճակը և կառուցվածքը՝ պետական գրանցող մարմնից կամ հաճախորդից ստանալով իրավաբանական անձի գրանցման վերաբերյալ ապացույց, ներառյալ հաճախորդի անվանումը, կազմակերպական ձևը, տնօրենների և իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող օրենսդրությունը.

iii) ընդունել կանոններ՝ ֆինանսական մարմիններին պարտավորեցնելով իրավասու մարմիններին անհապաղ տեղեկացնել բոլոր համալիր, անսովոր խոշոր չափերի ֆինանսական փոխանցումների մասին, որոնք ունեն ոչ ակնհայտ տնտեսական կամ ակնհայտ անօրինական նպատակ՝ չկրելով քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն տեղեկատվության գաղտնիությունը խախտելու համար, երբ նրանք իրենց կասկածների մասին բարեխղճորեն հայտնում են.

iv) ֆինանսական մարմիններից պահանջել, որ նրանք պահեն առնվազն հինգ տարվա ազգային և միջազգային ֆինանսական փոխանցումների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ արձանագրությունները:

2. Մասնակից Պետությունները 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխմանն ուղղված համագործակցությունն իրականացնելու են հետևյալ ձևերով.

ա) վերահսկողության միջոցներ դրամական փոխանցումներ իրականացնող բոլոր գործակալությունների, ներառյալ, օրինակ՝ դրանց լիցենզավորումը.

բ) իրագործվող միջոցների ձեռնարկում՝ հայտնաբերելու և վերահսկելու կանխիկ գումարների ֆիզիկական տեղաշարժերը և դրանց վերաբերյալ փաստաթղթերը՝ ապահովելով տեղեկատվության պատշաճ օգտագործումը և առանց խանգարելու ֆինանսական ազատ փոխանցումներին:

3. Մասնակից Պետությունները 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխմանն ուղղված համագործակցությունն իրականացնում են իրենց ներպետական օրենսդրության համապատասխան՝ փոխանակելով հավաստի և ստուգված տեղեկատվություն և համակարգելով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման համար ձեռնարկված վարչական և այլ միջոցները, մասնավորապես՝

ա) իրենց իրավասու մարմինների և ծառայությունների միջև ստեղծում և պահպանում են հաղորդակցության ուղիներ՝ հեշտացնելով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ապահով և արագ փոխանակումը,

բ) համագործակցում են 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունների անցկացման ընթացքում, որոնք վերաբերում են.

i) այն անձանց ճանաչմանը, գտնվելու վայրի հայտնաբերմանը և գործունեությանը, որոնց նկատմամբ հիմնավոր կասկածներ կան, որ ներգրավված են նման հանցագործություններում.

ii) նման հանցագործությունների կատարման հետ կապված ֆինանսական տեղաշարժերին:

4. Մասնակից Պետությունները կարող են տեղեկատվություն փոխանակել Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) միջոցով:

 

Հոդված 19

 

Մասնակից Պետությունը, որտեղ քրեական հետապնդման է ենթարկվում ենթադրյալ հանցագործը, իր ներպետական օրենսդրության կամ կիրառվող ընթացակարգերին համապատասխան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հաղորդում է վարույթի վերջնական արդյունքների մասին, որն այդ տեղեկատվությունը փոխանցում է մյուս Մասնակից Պետություններին:

 

Հոդված 20

 

Մասնակից Պետությունները սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորություններն իրականացնում են ինքնիշխանության հավասարության, տարածքային ամբողջականության և մյուս Պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան:

 

Հոդված 21

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ազդում Պետությունների և անձանց՝ միջազգային իրավունքով նախատեսված այլ իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության, միջազգային մարդասիրական իրավունքի և այլ համապատասխան կոնվենցիաների նպատակների վրա:

 

Հոդված 22

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում Մասնակից Պետությանն իրավունք չի վերապահում մյուս Մասնակից Պետության տարածքում իրականացնել այնպիսի իրավազորություն կամ գործառույթներ, որոնք բացառապես վերապահված են տվյալ Մասնակից Պետության մարմիններին՝ համաձայն նրա ներպետական օրենսդրության:

 

Հոդված 23

 

1. Հավելվածը կարող է փոփոխվել դրանում համապատասխան համաձայնագրեր ավելացնելու միջոցով, որոնք՝

ա) բաց են բոլոր Պետությունների մասնակցության համար.

բ) ուժի մեջ են մտել.

գ) վավերացվել, ընդունվել, հաստատվել են, կամ որոնց միացել են սույն Կոնվենցիայի առնվազն քսաներկու Մասնակից Պետություններ:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր Մասնակից Պետություն կարող է առաջարկել նման փոփոխություն:

Փոփոխության վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն գրավոր ուղարկվում է ավանդապահին: Ավանդապահը բոլոր Մասնակից Պետություններին ծանուցում է 1-ին կետի պահանջները բավարարող առաջարկների մասին և հայցում է նրանց կարծիքը՝ առաջարկվող փոփոխությունն ընդունելու մասին:

3. Առաջարկված փոփոխությունը համարվում է ընդունված, բացառությամբ եթե Մասնակից Պետությունների 1/3-ը առարկում է դրա դեմ՝ դրա շրջանառությունից ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում գրավոր ծանուցելով:

4. Հավելվածի վերաբերյալ ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդպիսի փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց 30 օր հետո՝ բոլոր այն Մասնակից Պետությունների համար, որոնք ի պահ են հանձնել նման փաստաթուղթը: Յուրաքանչյուր Մասնակից Պետության համար, որը վավերացրել, ընդունել կամ հաստատել է փոփոխությունը քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ Մասնակից Պետության կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

Հոդված 24

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Մասնակից Պետությունների միջև ծագող յուրաքանչյուր վեճ, որը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով ողջամիտ ժամկետում, կարող է, նրանցից մեկի խնդրանքով, ներկայացվել արբիտրաժի: Եթե արբիտրաժային դատավարության մասին խնդրանքը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում Կողմերը արբիտրաժային մարմնի վերաբերյալ համաձայնության չեն գալիս, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է վեճը հայցի միջոցով հանձնել Միջազգային դատարանին՝ նրա կանոնադրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր Պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս հայտարարել, որ իր նկատմամբ չի կիրառվում 1-ին կետը: Մյուս Մասնակից Պետությունները ևս չեն պարտավորվում 1-ին կետով յուրաքանչյուր նման վերապահում կատարած Մասնակից Պետության նկատմամբ:

3. Յուրաքանչյուր Պետություն, որը 2-րդ կետի համաձայն՝ վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

 

Հոդված 25

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է բոլոր Պետությունների համար՝ 2000 թվականի հունվարի 10-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է բոլոր Պետությունների համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 26

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր Պետության համար, որը վավերացրել, ընդունել, հաստատել է Կոնվենցիան կամ միացել է դրան Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, այն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

Հոդված 27

 

1. Յուրաքանչյուր Մասնակից Պետություն կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:

 

Հոդված 28

 

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը հաստատված պատճեններն ուղարկում է բոլոր Պետություններին:

 

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, դրա համար պատշաճորեն լիազորված լինելով իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում՝ 2000 թվականի հունվարի 10-ից:

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

1. Օդանավերի անօրինական զավթումների մասին կոնվենցիա. կատարված է 1970 թվ. դեկտեմբերի 16-ին, Հաագայում.

2. Քաղաքացիական Ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիա. կատարված է 1971 թվ. սեպտեմբերի 23-ին, Մոնրեալում.

3. Կոնվենցիա Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում դիվանագիտական գործակալների դեմ ուղղված հանցագործությունների կանխման և պատժման մասին. ընդունվել է 1973 թ. դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից.

4. Միջազգային Կոնվենցիա պատանդներ վերցնելու դեմ. ընդունվել է 1979 թ. դեկտեմբերի 17-ին Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից.

5. Կոնվենցիա միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության  մասին. ընդունվել է 1980 թ. մարտի 3-ին, Վիեննայում.

6. Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների արգելման մասին Կոնվենցիային կից Լրացուցիչ արձանագրություն միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների դեմ ուղղված բռնի, անօրինական գործողությունների արգելման մասին. կատարված է 1988 թ.  փետրվարի 24-ին, Մոնրեալում.

7. Կոնվենցիա ծովային նավատորմի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների արգելման մասին. կատարված է 1988 թ. մարտի 10-ին, Հռոմում.

8. Արձանագրություն մայրցամաքային շելֆին տեղակայված երկաթգծերի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների արգելման մասին. կատարված է 1988 թ. մարտի 10-ին, Հռոմում.

9. Միջազգային կոնվենցիա ահաբեկչական ռմբահարումների արգելման մասին. կատարված է 1997 թ. դեկտեմբերի 15-ին Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեայի կողմից:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլիի 15-ից: