Գլխավոր տեղեկություն
Համար
N 786-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2003-01.07.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.24/4(37) Հոդ.678
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1173 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 11-րդ հոդվածի 1-ին մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող` Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալություն` պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի աշխատողների թվի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կառուցվածքի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալություն»:

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Տարածք հանձնելու մասին» N 1173 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 30
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 786-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ կապի և տեղեկատվայնացման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (այսուհետ` պետական մարմիններ) գործունեության ապահովման համար հեռահաղորդակցության ցանցերի (այսուհետ` գերատեսչական ցանցեր) ստեղծումն ու շահագործումը.

բ) պետական մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) գերատեսչական ցանցերի ստեղծում և շահագործման ապահովում.

բ) գերատեսչական ցանցի լծորդում` հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի հետ.

գ) պետական մարմիններից հրապարակման ենթակա տեղեկատվության ստացում, տեղեկատվային բազաների ստեղծում, դրանց շահագործման և պետական մարմիններին տեղեկատվության հասանելիության ապահովում.

դ) հրապարակման ենթակա տեղեկատվության արխիվային համակարգի պահպանում.

ե) հրապարակման ենթակա տեղեկատվության որոնման համակարգի վարում.

զ) օտար լեզուներից (անգլերեն, ռուսերեն) հայերեն և հայերենից օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն) ծրագրային թարգմանչի մշակում և ներդրում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, գործակալության պետին փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 786-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Հեռահաղորդակցության բաժին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման բաժին


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.06.2010, N 756-Ն 01.07.2010, N 786-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան