Գլխավոր տեղեկություն
Համար
N 2172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.165
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2172-Ն

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 14
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2172-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2003 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝

ա) 2000 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1281 որոշմամբ հաստատված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը,

դ) 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ՀՆԱ-22 արձանագրությունը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակները և խնդիրներն են`

ա) փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում և ամրապնդում,

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտահանման հնարավորությունների ընդլայնում,

դ) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն,

ե) ՓՄՁ-ի սուբյեկտների՝ գործարար տեղեկատվության, խորհրդատվության, ուսուցման ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնում,

զ) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման կատարելագործում:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2003 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները՝

 

1. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության ընդլայնում, դրա մարզային 3 մասնաճյուղի ստեղծում

 

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) իր գործունեությունը ծավալել է ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության ու ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ծրագրերի համակարգման գործառույթը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, իրականացնելով ոլորտի զարգացման պետական ծրագիրը, աշխատանքներ է կատարել տեղեկատվական ու խորհրդատվական ծառայությունների դաշտի ընդլայնման, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման համար:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նշված ծրագրերն իրականացնում է դոնոր կազմակերպությունների հետ համատեղ՝ համաֆինանսավորման սկզբունքով:

Ներկայումս Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն, Համաշխարհային բանկ, Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն և այլն) վարում է բանակցություններ 2003 թվականին և հետագայում համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի իրականացման շուրջ:

Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության իրականացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ուսուցողական ծրագրերի մշակման ու իրականացման, այդ թվում՝ ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում (առավելապես, հեռավոր և սահմանամերձ) կստեղծվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 3 մասնաճյուղ: Այդ մասնաճյուղերի գործունեությունը կնպատակաուղղվի ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային և մարզային ու համայնքային ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկությունները և ներուժը:

 

2. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու մտավոր սեփականության պաշտպանությանն աջակցությունը

 

ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանը նպաստող առավել արդյունավետ միջոցներից է նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու և ավելացնելու արտադրվող արտադրանքի տեսականին, բարձրացնելու դրանց որակն ու կրճատելու արտադրական ծախքերը: Դա իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում:

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման խրախուսման, մտավոր սեփականության պաշտպանությանն աջակցության գործում հատկապես կարևորվում է պետության աջակցությունը, և այդ նպատակով 2003 թվականին կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝

ա) նորարարությունների, ժամանակակից տեխնոլոգիաների և դրանցում ներդրումներն ապահովող ծրագրերի տեղեկատվական բազայի ստեղծում,

բ) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների ներդրմանն աջակցություն,

գ) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից արտոնագրերի ձեռքբերման և դրանց հեղինակային իրավունքների պաշտպանությանն աջակցություն,

դ) ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի մասին տեղեկատվության տրամադրում,

ե) նորարարական ծրագրերի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև ուսուցողական ծրագրերի և դասընթացների կազմակերպում,

զ) աջակցություն ցուցահանդեսներում և տոնավաճառներում ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից առաջարկվող նորարարությունները ներկայացնելուն՝ օգտագործելով նաև ինտերնետ կապի հնարավորությունները:

 

3. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցությունը

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ընդլայնման արդյունքում այն կսկսի իրականացնել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքներ տրամադրելու գործառույթը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրները հաղթահարելու, նրանց ֆինանսական ու ներդրումային աջակցություն ցուցաբերելու նպատակով 2003 թվականին կիրականացնի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման սխեմաների և մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը հաջողությամբ կիրառվում է ինչպես զարգացած, այնպես էլ անցումային տնտեսություն ունեցող երկրներում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրային այս միջոցառման իրականացման համար փորձագիտական աջակցություն կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից:

Նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքները տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով, որը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող բանկերի հետ:

Վարկային երաշխիքներ կտրամադրվեն ՓՄՁ-ի այն սուբյեկտներին, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ճյուղերում (ոլորտներում), ինչպես նաև հիմք ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածաշրջանային քաղաքականության գերակայությունները:

 

4. ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի և շրջակա միջավայրի կառավարման միջազգային ստանդարտների (ԻՍՕ 9000 շարքի և ԻՍՕ 14000 շարքի) ներդրումը 

 

Շուկայական տնտեսավարման պայմաններում, հատկապես ՓՄՁ-ի սուբյեկտների համար, ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն ծավալելու հիմնական գրավականը թողարկվող արտադրանքի, մատուցվող ծառայությունների համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, ներքին շուկայում ամրապնդվելու և արտաքին շուկաներ մուտք գործելու կարևոր նախապայման է որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրումը:

Տնտեսավարող սուբյեկտներում որակի կառավարման համակարգերի ներդրումն էականորեն բարելավում է դրանց կառավարման արդյունավետությունը, ավելի մատչելի է դարձնում տեղեկատվությամբ ապահովումը և, վերջապես, բարձրացնում նշված սուբյեկտների մրցունակությունն ու հեղինակությունը:

Վերջին տարիներին կարևոր նշանակություն է տրվում տնտեսության կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հարցերին: Հետևաբար, տնտեսավարող սուբյեկտները, այդ թվում՝ ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ձգտեն իրենց գործունեությունը համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության (ԻՍՕ 14000 շարքի) միջազգային ստանդարտների պահանջներին:

Ներկայումս ՓՄՁ-ի սուբյեկտները որակի կառավարման համակարգերի ներդրման հետ կապված տեխնիկական ու ֆինանսական աջակցության կարիք ունեն:

Ելնելով նշված նկատառումներից և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայություններից՝ 2003 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում կցուցաբերվի աջակցություն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և շրջակա միջավայրի պաշտպանության (ԻՍՕ 14000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, ինչպես նաև կկազմակերպվեն ԻՍՕ 9000 շարքի և ԻՍՕ 14000 շարքի միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված սեմինարներ, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:

 

5. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը

 

ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվությամբ ապահովումը դրանց արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից է: ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ է ունենալ օպերատիվ տեղեկատվություն ընդհանուր տնտեսական վիճակի (կոնյունկտուրայի), արտաքին և ներքին շուկաներում, իրավաօրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի ու բարձր տեխնոլոգիաների կիրառման, պետական գնումների իրականացման ընթացքի և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների մասին: Նման տեղեկատվությունը հիմնականում տարածվում է զանգվածային լրատվության միջոցներով, որը միշտ չէ, որ ամբողջական է, և չի բավարարում գործարարների պահանջները:

Ծրագիրը նախատեսում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում)՝ ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին (ՓՄՁ-ի սուբյեկտներ, բիզնեսին աջակցող կառույցներ և ՓՄՁ-ի շահերը ներկայացնող այլ կառույցներ):

ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվությամբ ապահովումը, որը հիմնականում իրականացվում է հասարակական ու առևտրային կազմակերպությունների կողմից: Դրանք հիմնականում մատչելի չեն ՓՄՁ-ի սուբյեկտներին, և ծրագրով նախատեսվում է շարունակել պետական աջակցությունը խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման գործում: Խորհրդատվությունը կիրականացվի շուկայավարման ծառայությունների մատուցման, ներքին և արտաքին շուկաներում ապրանքների ու ծառայությունների իրացման ուղղություններով: Կիրականացվեն նաև մաքսային բրոքերի ինստիտուտի ձևավորման ու զարգացման միջոցառումներ, մասնավորապես, հեռավոր և սահմանամերձ շրջաններում:

 

6. Ուսուցումը և ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստումը 

 

Որպես տեխնիկական բնույթի առաջնահերթ հիմնախնդիր կարելի է առանձնացնել գործարարների համապատասխան գիտելիքների, ֆինանսական, հաշվապահական հաշվետվությունները գրագետ կազմելու և գործարար ծրագրեր մշակելու ունակությունների պակասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը թերի տիրապետելը և այլն:

Ուսուցողական և ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստման ծառայություններն ունեն իրենց դրական ազդեցությունը, սակայն հաճախ իրականացվում են կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում, համակարգված չեն, ինչը էապես նվազեցնում է դրանց արդյունավետությունը:

2003 թվականին ուսուցողական և ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստման դասընթացները կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման հիմնահարցերի, շուկայավարման հիմունքների, հաշվապահական հաշվետվությունների, ընկերությունների ֆինանսավորման և ֆինանսական կառավարման հնարավորությունների, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնագիտական վերապատրաստման և այլ ուսուցման թեմաներով:

 

7. ՓՄՁ-ի ոլորտի ամփոփ վիճակագրության վարումը

 

Համաձայն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվել են ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստման, ինչպես նաև այդ գործընթացի շարունակականությունն ապահովող աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից 2002 թվականին պատրաստվել են Հայաստանում տնտեսական գործունեության որոշ ոլորտների (ճյուղերի) կտրվածքով՝ ըստ տնտեսավարող սուբյեկտների աշխատողների թվի, վիճակագրական-տեղեկատվական նյութեր, որոնցում տնտեսավարող սուբյեկտները դասակարգված են՝ համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Սակայն նշված վիճակագրական տեղեկատվությունը հնարավորություն չի տալիս լիարժեք պատկերացում կազմելու Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ոլորտի վերաբերյալ, քանի որ այն չի ընդգրկում երկրի տնտեսության բոլոր ոլորտները (ճյուղերը) և չի ներկայացնում ՓՄՁ-ի ոլորտն ամբողջությամբ: Անհրաժեշտ է կազմել տարեկան հաշվետվություն ՓՄՁ-ի ոլորտի մասին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված՝ ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:

2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ի զարգացման տարեկան պետական ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի, մշակում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

4. Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համաձայնությունների շրջանակներում 2003 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են մրցութային կարգով ընտրված՝ բիզնեսին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված
փոքր և միջին ձեռնարկատիրությանը
պետական աջակցության
2003 թվականի ծրագրի

 

Ց Ա Ն Կ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1.

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության ընդլայնում, դրա մարզային 3 մասնաճյուղի ստեղծում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2003 թվականի առաջին կիսամյակ

2.

ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու մտավոր սեփականության պաշտպանությանն աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2003 թվական

3.

ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային երաշխիքների տրամադրման սխեմաների և մեխանիզմների մշակում, ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխիքների տրամադրման փորձնական ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ 

2003 թվական

4.

Փոքր և միջին ձեռնարկություններում որակի և շրջակա միջավայրի կառավարման միջազգային ստանդարտների  (ԻՍՕ 9000 շարքի և ԻՍՕ 14000 շարքի) ներդրմանն աջակցություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2003 թվական

5.

ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվական, խորհրդատվական և շուկայավարման ծառայությունների մատուցում, ներքին և արտաքին շուկաներում ապրանքների և ծառայությունների իրացմանն ու պետական գնումներին մասնակցությանն աջակցություն, տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի հրատարակում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2003 թվական

6.

Ուսուցողական և ՓՄՁ-ի կադրերի մասնագիտական վերապատրաստման  դասընթացների կազմակերպում ինչպես ՓՄՁ-ի սուբյեկտների, այնպես էլ ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

2003 թվական

7.

ՓՄՁ-ի ոլորտի ամփոփ վիճակագրության վարում

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համաձայնությամբ

2003 թվական

8.

Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ

2003 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան