«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 669-Ն
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 33-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարաբերությունները և ջրօգտագործման գերակայությունները:
2. Սույն կարգի իմաստով որսորդական տնտեսությամբ զբաղվող է համարվում ջրային ռեսուրսներում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, բազմացման, վերարտադրության, կլիմայավարժեցման և որսի զարգացման համար ջրօգտագործող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, ֆիզիկական և իրավաբանական անձը (այսուհետ՝ անձ)։
3. Յուրաքանչյուր անձ որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսներն օգտագործում է ջրօգտագործման թույլտվությամբ՝ բացառությամբ անձնական կարիքների համար օգտագործման դեպքերի՝ չխախտելով ջրերի ստանդարտները:
4. Սույն կարգով սահմանված թույլտվությունները տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով։
5. Անձը որսորդական տնտեսության կարիքների համար ջրային համակարգերն օգտագործելու դեպքում թույլտվություն է ստանում ջրային համակարգեր օգտագործող կազմակերպությունից՝ տեղյակ պահելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնին։
6. Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսներից ջրօգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված կարգով՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված ռեժիմները:
7. Կենդանական աշխարհի անհետացող կամ անհետացման եզրին գտնվող տեսակների բազմացմամբ զբաղվող անձն ունի ջրի բաշխման գերակայություն որսորդական տնտեսություն վարող ջրօգտագործող այլ անձանց նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածի։
8. Որսորդական տնտեսություն վարող անձը ջրային ռեսուրսներն օգտագործելիս պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերն ու կանոնները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |