Գլխավոր տեղեկություն
Համար
N 2175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2003-21.07.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.167
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2175-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. »Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործ.

զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

6. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան:

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վերակազմակերպումից հետո ներառվում են «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 27
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2175-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է մանկավարժական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն):

2. Ինստիտուտի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որն ինստիտուտի խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, սահմանված կարգով, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

4. Ինստիտուտն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

6. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, մեդալ, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն լրիվ` «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ԳՊՄԻ, ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` “Гюмрийский государственный педагогический институт имени М. Налбандяна” государственная некоммерческая организация,

 ռուսերեն կրճատ` ГГПИ, ГНО,

անգլերեն լրիվ` «State Pedagogical Institute of Gjumri after M. Nalbandian» state non-commercial organization,

անգլերեն կրճատ` SNPI, SNCO:

8. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, 377526, Պարույր Սևակի 4:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

10. Ինստիտուտի խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը.

բ) բնական, ճշգրիտ և հումանիտար գիտությունների բնագավառում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:

11. Առաջադրված խնդիրներին համապատասխան ինստիտուտն իրավասու է`

ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով.

գ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ.

դ) սահմանված կարգով կազմակերպելու ասպիրանտների, դոկտորանտների ու հայցորդների ընդունելությունը ինստիտուտ.

ե) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

12. Իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար ինստիտուտը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.

դ) հրատարակչական գործ.

ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի ինստիտուտի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ինստիտուտի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

14. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն ինստիտուտի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

15. Նախարարությունը`

ա) ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

դ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.

ե) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս ինստիտուտի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

զ) հաստատում է ինստիտուտի պահպանման ծախսերի նախահաշիվը:

16. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 140-ը: Խորհրդի անդամների առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական անձնակազմը, 25 տոկոսը` ուսանողները և մինչև 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը (խորհրդակցական ձայնի իրավունքով), պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ինստիտուտի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են ինստիտուտի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

17. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամանով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

18. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) կազմակերպում և անցկացնում է ինստիտուտի ռեկտորի ընտրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

դ) ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ինստիտուտի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

ե) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում ինստիտուտի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

զ) սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ.

է) քննարկում ու հաստատում է ինստիտուտի տարեկան հաշվապահական և այլ հաշվետվություններ.

ը) քննարկում է ինստիտուտի ռեկտորի հաշվետվությունն ինստիտուտի տարեկան գործունեության մասին և հաստատում այն:

19. Ինստիտուտի գիտական խորհուրդը ինստիտուտի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

20. Ինստիտուտի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով, ըստ մասնագիտությունների, ընդունելության տեղերը.

գ) քննարկում է ինստիտուտի օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և ինստիտուտի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.

դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծերը և դրանք ներկայացնում նախարարություն.

ե) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները և ներքին կարգապահական կանոնները.

է) քննարկում է ինստիտուտի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.

թ) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) հաստատում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունները.

ժա) շնորհում է ինստիտուտի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է ինստիտուտի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.

ժբ) իրականացնում է ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:

21. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:

22. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը, պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև ինստիտուտի ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

23. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

24. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով:

25. Գիտական խորհրդին կից, գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով, 3-5 տարի ժամանակով ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կազմերը հաստատում է ինստիտուտի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնադրությամբ:

26. Ռեկտորատը ինստիտուտի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է ինստիտուտի գործունեությանը վերաբերող հարցեր:

27. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը, պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամանով:

28. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումը, իր իրավասության սահմաններում, իրականացնում է գործադիր մարմինը` ինստիտուտի ռեկտորը, որն ընտրվում է խորհրդի կողմից սահմանված կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել գիտամանկավարժական փորձ ունեցող գիտությունների դոկտորը: Ինստիտուտի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

29. Ինստիտուտի ռեկտորը`

ա) ղեկավարում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.

բ) ներկայացնում է ինստիտուտը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) սահմանում է ինստիտուտի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում է նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

է) հրավիրում է ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

թ) ինստիտուտի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է հավելյալ աշխատավարձի և հաստիքների վարձատրության չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.

ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները: Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով:

31. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

32. Ինստիտուտի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ինստիտուտի ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:

33. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի ռեկտորի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվություններն ու գնահատում նրա գործունեությունը:

34. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

35. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.

գ) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է ֆակուլտետի ուսումնական պլանները` ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

36. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն:

Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` հինգ տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Ֆակուլտետի խորհրդի նիստն իրավազոր է նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Ինստիտուտի ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` դեկանի ընտրությունների արդյունքների հիման վրա` մինչև 5 տարի ժամկետով:

37. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) ինստիտուտի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

դ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու և համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

38. Ամբիոնները, բաժինները, լաբորատորիաներն ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից ու դասախոսներից:

39. Ինստիտուտի ամբիոնների, բաժինների, լաբորատորիաների պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով` պայմանագրային հիմունքներով:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

40. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

41. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

42. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

43. Ինստիտուտում սահմանվում է ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություններ, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, մանկավարժական, արտադրական պրակտիկաներ, խորհրդատվություններ, ստուգողական աշխատանքներ:

44. Ինստիտուտում կարող են կիրառվել ինչպես բարձրագույն կրթության եռաստիճան, այնպես էլ երկաստիճան համակարգեր: Ինստիտուտի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

45. Ինստիտուտում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ ու սեմինարներ:

46. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

47. Ինստիտուտի աշխատողները պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողներն են:

48. Ինստիտուտի սովորողները ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդներն են:

49. Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ինստիտուտի այլ ակտերով:

50. Ինստիտուտի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհեստակցական և այլ հասարակական կազմակերպություններում.

դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական գրադարանի և այլ ծառայություններից:

51. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

52. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

53. Ինստիտուտի աշխատողները և սովորողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականներ.

բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը.

զ) հոգալ ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:

54. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է նախարարության կողմից սահմանված կարգով:

55. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`

ա) մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

56. Ինստիտուտի ուսանողներ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

57. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն:

58. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմերում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ 2 արձակուրդ:

59. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

60. Արգելվում է սովորողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

61. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման` ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ինստիտուտի կանոնադրության պահանջները և ներքին կարգապահության կանոնները.

դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը.

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսանողներն ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում կարող են հեռացվել ինստիտուտից:

63. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ինստիտուտի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:

64. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

65. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

66. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

67. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

68. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

69. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ու նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

70. Ինստիտուտի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

71. Ինստիտուտի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից` նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

72. Ինստիտուտն իրավունք ունի`

ա) օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.

բ) իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` նախարարության համաձայնությամբ: Ինստիտուտը կարող է որպես սեփականություն իրեն հանձնված գույքն օտարել կամ հանձնել վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

73. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթը և դրա հաշվին ձեռք բերված գույքն օգտագործվում են ինքնուրույն` ինստիտուտի կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

74. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

75. Ինստիտուտը վերակազմակերպվում և լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

76. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան