Գլխավոր տեղեկություն
Համար
N 2050-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2050-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2050-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1565-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը:

2. Պատվիրատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

3. Աշխատանքների նպատակները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ տարածաշրջանների, հիմնականում սահմանամերձ և բարձր լեռնային գոտում գտնվող մոտավորապես 2,4 հազ. քառ. կմ տարածքի տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացումը, դրանց հիման վրա 1:10000 մասշտաբի տեղագրական բազային քարտեզների ստեղծումը, ինչպես նաև կադաստրի համակարգի գործունեության հետագա զարգացման ու տեղագրական բազային քարտեզների ինքնուրույն արտադրության համար տիեզերական հանութագրման ժամանակակից տեխնոլոգիաների, սարքավորումների, ուսուցման և փորձի ձեռքբերումը:

Տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ի տարբերություն օդալուսանկարահանման աշխատանքների, անհրաժեշտություն չկա սահմանամերձ պետությունների հետ պետական սահմանի երկայնքով, միջազգային նորմերին համապատասխան, նվազագույնը 5-6 կմ ոչ թռիչքային գոտու ապահովումը համապատասխան սահմանների երկայնքով:

4. Նախատեսվող աշխատանքներ՝ աշխատանքները բաժանվում են 2 բաղադրիչի՝

ա) տեխնիկական բաղադրիչ, որը վերաբերում է տիեզերական լուսանկարահանման իրականացմանը, ինչպես նաև համապատասխան համակարգչային սարքավորումների ու ծրագրային փաթեթների ձեռքբերմանը.

բ) ուսումնական բաղադրիչ, որը վերաբերում է կադաստրային և բազային քարտեզագրման ոլորտում համապատասխան գիտելիքների ու փորձի ձեռքբերմանը:

Կատարողը պետք է ապահովի տիեզերական լուսանկարահանումը նախատեսված տարածքներում, 2 լիցենզավորված ծրագրային փաթեթի և 2 համակարգչի տրամադրումը՝ անհրաժեշտ պիտույքներով (աքսեսուարներ), որոնք պետք է հարմարեցված լինեն այդ ծրագրային փաթեթները շահագործելու համար: Ուսուցումն իրականացվելու է 3 ամիս ժամկետով՝ կադաստրի համակարգի 8 մասնագետ պատրաստելու համար:

5. Տիեզերական լուսանկարահանման տարածք՝ ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Շիրակի ու Արմավիրի մարզերի սահմանամերձ գոտիները և Արագածոտնի ու Կոտայքի մարզերի որոշ տարածքներ՝ մոտավորապես 2,4 հազ. քառ. կմ ընդհանուր մակերեսով: Այն բաղկացած է 2 հատվածից, որոնց աշխարհագրական կոորդինատներն են՝

հատված 1. երկայնությունը՝ L - 440 37'30'' և 440 52'30''

 լայնությունը՝ B - 400 25'00'' և 400 37'30''

հատված 2. երկայնությունը՝ L - 430 37'30'' և 440 00'30''

 լայնությունը՝ B - 400 00'00'' և 400 32'30''

6. Տեխնիկական առանձնահատկությունները՝ Իկոնոսի 1.0 մ ճշտությամբ (reference product suite @ < 50 m CE90, 25m RMS) ստերեո պանկրոմատիկ արբանյակային լուսանկարները պետք է ձեռք բերվեն Երևանից դեպի արևմուտք և հյուսիս տեղաբաշխված 2 հատվածի համար: Լիցենզավորումը պետք է հիմնված լինի CAG (Company/Agency License) տիպի վրա: Նկարահանումը պետք է լինի 95 տոկոսով ամպազերծ և 100 տոկոսով ձյունազերծ տարածքի համար: Որտեղ որ հնարավոր է, արխիվացված լուսանկարները պետք է ձեռք բերվեն ծրագրի սկզբից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում, եթե ընդհանուր արժեքը նվազել է, և թվարկված պայմանները բավարարված են: Լուսանկարների տեսակի վերջնական հաստատումը (լինի դա արխիվացված, թե չարխիվացված) կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ ԿՊԿ) հայեցողությամբ: Եթե նշված պայմանները չեն կարող բավարարվել չնախատեսված հանգամանքների պատճառով (ներառյալ եղանակի պատճառով չափից ավելի ուշացումները), ապա վերանայման ենթակա յուրաքանչյուր պայման պետք է հաստատվի ԿՊԿ-ի կողմից՝ մինչև դրանց հանձնումը:

7. Ծրագրերի և սարքավորումների առանձնահատկությունները՝ լուսանկարահանման համար անհրաժեշտ սարքավորումների առանձնահատկություններն են.

 

Բաղադրիչը

Պահանջվող սարքավորումը

Միա-
վորը

Հնարավորությունը
(առանձնահատկությունը)

Արբանյակային լուսանկարահանում

PCI OrthoEngine
Satellite Edition
(կամ համարժեքը)

 2

- օրթոռեկտիֆիկացված արբանյակային լուսանկարների արտադրություն
- տեղագրական-քարտեզագրական
արտադրանքի գեներացիա
- ռադիոմետրիկ ուժեղացում
- նկարների դասակարգում
- անգլերեն և ռուսերեն ձեռնարկներ

Սարքավորում

անհատական համակարգիչ

 2

Intel Pentium PIV-1.3GHz/
1.0Gb RAM/100Gb HDD /
CD-ROM/ Lan10/100/FDD/ Keyboard (with
Armenian, English and Russian keys and
fonts) Mouse/ 19’Monitor /
Preinstalled Win2k or XP (license)
+Office2000(license) + virus protection.

տպիչ

 2

Laser  A3, Color, >600 dpi  >6 ppm
RAM 16Mb parallel interface 5 spare
cartridges

UPS

 2

Suitable for above.

 

8. Ուսումնական բաղադրիչ՝ ուսուցումը պետք է ներառի հետևյալ հիմնական ուղղությունները՝

ա) ժամանակակից համակարգչային տեխնիկայի ու ծրագրերի վրա հիմնված տեղագրական քարտեզագրման հայեցակարգերի և մեթոդիկայի մշակումը՝ ներառյալ նորմատիվ-տեխնիկական ստանդարտներն ու քարտեզների հատկորոշումը և դասակարգումը, աշխատանքների իրականացումը, գնահատումն ու պահպանումը.

բ) թվային պատկերների ստացման և համակարգչային քարտեզագրման հայեցակարգերի մշակումը (ներառյալ լուսանցագիրը, մասշտաբը, ճշտությունը և այլն).

գ) թվային ֆոտոգրամետրիայի հայեցակարգերի և մեթոդիկայի մշակումը՝ ներառյալ օրթոֆոտոյի ստեղծումը, բարձրությունների (հորիզոնականների) ընտրությունը, կադաստրային քարտեզների թարմացումը և բազային քարտեզների արտադրությունը՝ օգտագործելով ձեռք բերված ծրագրային փաթեթը.

դ) արբանյակային հեռահար զոնդավորման հայեցակարգի և մեթոդիկայի մշակումը՝ ներառյալ օրթոպատկերների գեներացիայի, բարձրությունների (հորիզոնականների) ընտրությունը, բազային քարտեզների արտադրությունը, ռադիոմետրիկ ուժեղացումը և պատկերների դասակարգման մեթոդիկան՝ օգտագործելով ձեռք բերված ծրագրային փաթեթը.

ե) կիսաավտոմատացված թվայնացման հայեցակարգ և մեթոդիկա՝ ներառյալ վեկտորիզացիան և ալգորիթմի մշակումն ու ուժեղացումը:

Իրականացվող ուսուցումը պետք է կենտրոնանա արբանյակային պատկերներից տեղագրական քարտեզների ստացման գործընթացի ուսուցման վրա: Աշխատանքների ինքնուրույն իրականացման կարողությունը պետք է հանդիսանա ուսուցման նպատակակետը: Ուսուցման ամբողջական ձեռնարկը, որն ուսուցումն ավարտվելուց հետո կարող է օգտագործվել որպես տեղեկատու ուղեցույց, պետք է ներկայացվի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով՝ ի լրումն ուսումնական ծրագրի:

Հարկ է նշել, որ սովորողներից քչերն են ի վիճակի հաղորդակցվել անգլերենով, բայց ռուսերենը նրանց համար երկրորդ լեզու է: Նյութերը և ինտերֆեյսը պետք է լինեն անգլերենով, եթե հայերենով հնարավոր չէ:

9. Իրականացման ապահովում՝ ակնկալվում է, որ խորհրդատուն, որպես ներկայացվող փաստաթղթերի մաս, տրամադրի սարքավորումների, ծրագրային փաթեթների ու պատկերների լրիվ ցանկը և իրականացվելիք ուսուցման ամբողջական ծրագիրը: Ակնկալվում է, որ միայն մեկ միջազգային խորհրդատու է պահանջվելու ուսուցումն իրականացնելու համար, սակայն կարող են առաջարկվել նաև այլընտրանքային լուծումներ: Պայմանագիրը կնքվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատվիրատուի հետ համաձայնեցվելու է աշխատանքային պլանը:

Ուսուցումն սկսվելու է սարքավորումները, ծրագրերը և պատկերները ԿՊԿ հանձնելուց հետո: Խորհրդատուն պատասխանատու է սարքավորումների, ծրագրային փաթեթների ու պատկերների ձեռքբերման և տեղադրման համար, որպես պայմանագրի մաս: Պայմանագրի ավարտից հետո սարքավորումները կմնան ԿՊԿ-ում: Ուսուցումը պետք է սկսվի սարքավորումների տեղակայումից հետո ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից 3 ամիս հետո և պետք է տևի 3 ամիս:

Շվեյցարիայի տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի (ՏԴԳ) ծրագրից, որը մատուցում է օդային լուսանկարահանման ծառայություններ, ակնկալվում է, որ այն կգործի մինչև 2002 թվականի վերջին եռամսյակը, և պետք է համատեղ ջանքեր գործադրվեն տեխնոլոգիական իրականացման ու գիտելիքների փոխանցման ոլորտներում:

10. Պատվիրատուի կողմից տրամադրվող ռեսուրսներ՝ ԿՊԿ-ն կտրամադրի հարմարավետ գրասենյակային տարածք՝ սարքավորումների տեղակայման և ուսուցման կազմակերպման համար: Ծրագրի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) կտրամադրի ամբողջ անհրաժեշտ նյութատեխնիկական օժանդակությունը՝ ներառյալ մաքսազերծումը և օդանավակայանից գրասենյակ տեղափոխումը: ԿՊԿ-ն կտրամադրի 8 հարմար թեկնածուի ուսուցման համար:

11. Խորհրդատուի կողմից տրամադրվող ռեսուրսներ՝ խորհրդատուն ուղղակիորեն ԿՊԿ-ին պետք է տրամադրի՝

ա) նոր բարձր ճշգրտությամբ արբանյակային լուսանկարներ, որոնք անհրաժեշտաբար կծածկեն համապատասխան տարածքը.

բ) արբանյակային լուսանկարներից բազային քարտեզների ստեղծման և պահպանման, օրթոֆոտո արտադրության, նկարների ռեկտիֆիկացիայի ու ռադիոմետրիկ ուժեղացման նպատակով տեղեկատվության մշակման և ստացման համար անհրաժեշտ տեխնոլոգիա և փորձ.

գ) ԿՊԿ-ի խնդրանքով ընտրված հողօգտագործման պլանավորման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և այլ անհրաժեշտ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ:

Խորհրդատուն պետք է պատասխանատու լինի սարքավորումների և ծրագրային փաթեթների ձեռքբերման, Երևան առաքելու ու անհրաժեշտ պաշտոնական թույլտվություններ ստանալու, ուսուցումը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ձեռնարկների կամ տեղեկատուների արտադրության, անհրաժեշտ՝ գրավոր և բանավոր թարգմանությունների համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան