Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2003-09.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.29/24 Հոդ.467
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 467-Ն

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել որ՝

ա) «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են`

Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպումը և իրականացումը,

մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների տնտեսական արդյունավետության բարձրացման նպատակով գիտափորձարարական աշխատանքների կատարումը,

մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառի մասնագետների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների և ուսուցման կազմակերպումը,

տեխնիկական միջոցների (հրթիռահրետանային, զինամթերքի, ռադիոլոկացիոն ու ռադիոկապի համակարգերի) շահագործման և ընթացիկ նորոգման ապահովումը,

շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մթնոլորտային երևույթների հետևանքով տնտեսությանը հասցված վնասների չափերի ուսումնասիրման աշխատանքներին մասնակցությունը,

իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպությունների հետ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ասպարեզում համագործակցությունը.

բ) «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև նրան հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի, իսկ հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին.

գ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ 33781529 դրամ ընդհանուր արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները՝ 14041919 դրամ ընդհանուր արժեքով, և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-պատիկից ավելի արժողությամբ գույքը, որի կազմը հաստատում է պետական լիազորված մարմինը, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացում և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում.

բ) մթնոլորտային երևույթների կառավարման, դրանց վրա ակտիվ ներգործության, այդ թվում` նաև գիտափորձարարական բնույթի աշխատանքների կատարում.

գ) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր մեթոդների մշակումն ու պայմանագրային հիմունքներով ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

դ) կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի, հիմնական միջոցների, այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցների վարձակալությամբ տրամադրում.

ե) բնագավառին վերաբերող հրատարակչական գործունեության իրականացում.

զ) բնագավառին վերաբերող այլ վճարովի ծառայությունների մատուցում:

4. «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, դրա հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականին պետական կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկի պահպաման համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հաշվեկշռից առանձնացնել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին՝

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.

բ) կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հաշվեկշռից «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի առանձնացումից հետո մեկամսյա ժամկետում՝ հաստատել նրան սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 30
Երևան