Գլխավոր տեղեկություն
Համար
N 2025-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2003-28.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.53
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.12.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2025-Ն

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԼԻԶԻՆԳ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման կարգը գործողության մեջ դնել 2003 թվականի մարտի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2002 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2025-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԼԻԶԻՆԳ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման (այսուհետ՝ պետական գրանցում) կարգը։

2. Պետական գրանցման օբյեկտ են հանդիսանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և սույն կարգով սահմանված պետական գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերից ծագող իրավունքները։

3. Պետական գրանցման սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

4. Պետական գրանցման ենթակա են ցանկացած շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերից ծագող իրավունքները՝ ներառյալ նյութական և ոչ նյութական գույքը, այդ թվում՝ ցանկացած շարժական գույք, որը կցված է այլ անշարժ կամ շարժական գույքի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ շրջանառությունից հանված կամ այնպիսի շարժական գույքի, որը չի կարող հանդիսանալ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) առարկա:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Պետական գրանցումն իրականացվում է դիմողի հայեցողությամբ, անկախ վերջինիս բնակության կամ գտնվելու վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ՝ ռեգիստր):

6. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի գրանցումն իրականացվում է միայն շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա՝ կամավորության սկզբունքով:

7. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունք ունեցող սուբյեկտները պետական գրանցման նպատակով ռեգիստր պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,

բ) գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը,

գ) պետական գրանցման վճարի անդորրագրերը:

Դիմումը մուտքագրվելուց հետո դիմողին տրվում է ստացական՝ մուտքագրված փաստաթղթերի պարտադիր նշումներով:

8. Պետական գրանցման համար դիմումի և ստացականի ձևը սահմանում է կոմիտեն:

9. Պետական գրանցման վճարների չափերը սահմանում է կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

10. Պետական գրանցումը կատարվում է շարժական գույքի նկատմամբ գրավի հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում, որոնց ձևերը սահմանում է կոմիտեն՝ էլեկտրոնային ձևով:

11. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցման միասնական մատյանը պարունակում է հետևյալ տվյալները՝

ա) տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկություններն ու այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում՝ նաև դրանց թողարկման տարեթիվը, թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում՝ գրավի, հիփոթեքի առարկայի ընդհանուր նկարագիրը.

բ) գրավատուի և գրավառուի անունները (անվանումները), բնակության վայրերը (գտնվելու վայրերը)՝

ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը (անձնագրում առկայության դեպքում՝ հայրանունը), ծննդյան թիվը, անձնագրի տվյալները,

իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը կամ ծածկագիրը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.

գ) գրավի, հիփոթեքի առարկայի պայմանագրային արժեքը (դրամ).

դ) գրավի, հիփոթեքի պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը.

ե) գրավի, հիփոթեքի պայմանագրի գործողության ժամկետը:

12. Շարժական գույքի ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման միասնական մատյանը պարունակում է հետևյալ տվյալները՝

ա) տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկությունները և այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում՝ նաև դրանց թողարկման տարեթիվը, թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) առարկայի ընդհանուր նկարագիրը.

բ) վարձատուի և վարձակալի անունը (անվանումը), հասցեն՝

ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը (անձնագրում առկայության դեպքում՝ հայրանունը), ծննդյան տարեթիվը, անձնագրի տվյալները,

իրավաբանական անձի դեպքում՝ գրանցված անվանումն ու ծածկագիրը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.

գ) ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի գործողության ժամկետը:

13. Պետական գրանցման իրականացումից հետո շարժական գույքի գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) համար կազմվում է կադաստրային գործ, որում ընդգրկված փաստաթղթերը տեսաներածվում են համակարգիչ:

14. Կադաստրային գործն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,

բ) գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը,

գ) պետական գրանցման վճարի անդորրագրերը,

դ) իրավունքի ծագումը, փոփոխումը, դադարումը հաստատող այլ փաստաթղթեր:

15. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքը համարվում է գրանցված՝ շարժական գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի և շարժական գույքի ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի գրանցման միասնական մատյաններում գրանցվելու պահից:

16. Պետական գրանցումը կատարվում է փաստաթղթերը ռեգիստր ներկայացվելու օրվանից սկսած երկրորդ աշխատանքային օրը:

17. Պետական գրանցումից հետո տրամադրվում է շարժական գույքի գրավի, հիփոթեքի և ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման վկայական:

18. Շարժական գույքի նկատմամբ գրավի հիփոթեքի իրավունքի պետական գրանցման վկայականը պարունակում է հետևյալ տվյալները՝

ա) գրավատուի և գրավառուի անունները (անվանումները), բնակության վայրերը (հասցեները)՝

ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը (անձնագրում առկայության դեպքում՝ հայրանունը), ծննդյան տարեթիվը.

իրավաբանական անձի դեպքում՝ գրանցված անվանումը, ծածկագիրը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.

բ) տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկությունները և այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում՝ նաև դրանց թողարկման տարեթիվն ու թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում՝ գրավի, հիփոթեքի առարկայի ընդհանուր նկարագիրը.

գ) գրավի, հիփոթեքի առարկայի պայմանագրային արժեքը (դրամ).

դ) գրավի, հիփոթեքի պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը.

ե) գրավի, հիփոթեքի պայմանագրի գործողության ժամկետը:

19. Շարժական գույքի նկատմամբ ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման վկայականը պարունակում է հետևյալ տվյալները՝

ա) տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկությունները և այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում նաև դրանց թողարկման տարեթիվը, թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգ) առարկայի ընդհանուր նկարագիրը.

բ) վարձատուի և վարձակալի անունները (անվանումները), հասցեները՝

ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը (անձնագրում առկայության դեպքում՝ հայրանունը), ծննդյան տարեթիվը, անձնագրի տվյալները,

իրավաբանական անձի դեպքում՝ գրանցված անվանումը, ծածկագիրը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.

գ) ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի գործողության ժամկետը.

դ) ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը։

20. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցման վկայականների ձևերը սահմանում է կոմիտեն:

21. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալներն ուղղվում են գրավատուի կամ գրավառուի, ինչպես նաև վարձակալի կամ վարձատուի դիմումների հիման վրա կամ ռեգիստրի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում՝ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն:

22. Այն սխալների ուղղումը, որոնք թույլ են տրվել ռեգիստրի կողմից, կողմերի համար կատարվում է անվճար՝ ռեգիստրի հաշվին:

23. Ռեգիստրի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ սխալների ուղղումը կատարվելուց հետո՝ նույն օրը, դրա մասին պատշաճ ձևով տեղյակ է պահվում կողմերին:

24. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը չեղյալ է համարվում՝

ա) գրավառուի դիմումի հիման վրա.

բ) շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի իրավունքը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, վճռով ու դատավճռով:

25. Շարժական գույքի նկատմամբ ֆինանսական վարձակալության (լիզինգ) իրավունքի պետական գրանցումը չեղյալ է համարվում՝

ա) վարձատուի և վարձակալի համատեղ դիմումի հիման վրա.

բ) ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծելու դեպքում.

գ) ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում:

26. Պետական գրանցումը մերժվում է, եթե՝

ա) փաստաթղթերը կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ) բացակայում են պետական գրանցման վճարի անդորրագրերը,

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր,

դ) գրավադրվել, ֆինանսական վարձակալության է տրվել այնպիսի շարժական գույք, որը հանված է շրջանառությունից կամ այնպիսի շարժական գույք, որը չի կարող հանդիսանալ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) առարկա:

Արգելվում է այլ պատճառով պետական գրանցման մերժումը (այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ):

Պետական գրանցումը մերժվելու դեպքում մեկօրյա ժամկետում դիմողին գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

27. Տեղեկատվության տրամադրումը բաց է:

28. Տեղեկատվության տրամադրումն իրականացվում է շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

29. Տեղեկատվության տրամադրումը վճարովի է:

30. Շարժական գույքի գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգ) մասին տեղեկատվությունը ներառում է՝

ա) գրավատուի, գրավառուի կամ վարձատուի, վարձակալի բնակության վայրերը (հասցեները),

բ) գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգ) առարկայի նկարագիրը,

գ) գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգ) առարկայի պայմանագրային արժեքը, վարձավճարի չափը,

դ) գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը,

ե) գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրի գործողության ժամկետը:

Նշված տեղեկատվությունը տրամադրվում է դիմելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

Հրապարակման ենթակա չեն միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տվյալները:

31. Տեղեկատվության տրամադրման վճարների չափը սահմանում է կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

32. Շարժական գույքի նկատմամբ սույն կարգով գրանցված իրավունքների մասին տվյալները ռեգիստրում պահպանվում են պետական գրանցումը սահմանված կարգով չեղյալ ճանաչված կամ ուժը կորցրած օրվանից 2 տարի ժամկետով:

33. Ռեգիստրի պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական գրանցման սուբյեկտների իրավունքները և պարտավորությունները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.10.2004, N 1678-Ն 28.12.2004, N 2025-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան