Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.07/38(170) Հոդ.410
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2003 թվականի N 393-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման հավելվածի 141-րդ և 329-րդ կետերի, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող կառուցվածքային բարեփոխումների հինգերորդ վարկային ծրագրի նախապայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի և գանձապետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցման նպատակով շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ նախաձեռնել բանակցություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 10-ի N 393-Ն որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի և գանձապետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է վեց տարվա ընթացքում (2003-2009 թթ. ժամանակահատվածում) իրականացնել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի և գանձապետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումները:

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումները ենթադրում են այդ հատվածում դեռևս խորհրդային ժամանակներից գործող հաշվապահական հաշվառման համակարգից անցում կատարել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգի, որը համահունչ և համադրելի կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հաստատված` կառավարության ֆինանսական վիճակագրության 2001 թ. ձեռնարկի և Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում ներդրված հաշվապահական հաշվառման ստանդարտներին:

Գանձապետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումները հիմնվում են 1996-2002 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված գանձապետական համակարգի առաջին սերնդի բարեփոխումների ամփոփված արդյունքների վրա և հանդիսանում են պետական ծախսերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման շարունակությունը:

Ծրագիրը մշակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ և հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահության բարեփոխումների վերաբերյալ 2002 թվականի հոկտեմբերի հաշվետվության վրա:

Ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքները կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, որն այդ նպատակով կսահմանի ղեկավար հանձնաժողով:

 

ԾՐԱԳՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները կկատարվեն Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների վրա:

Վերոհիշյալ բարեփոխումներին զուգահեռ, ծրագրի շրջանակներում, նախատեսվում է հանրային հատվածի ֆինանսական կառավարման ինֆորմացիոն համակարգի ներդրում, որը կընդգրկի գանձապետական համակարգը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց ենթակա հիմնարկները: Նշված համակարգի ներդրումը հնարավորություն կտա ավտոմատացնել (համակարգչայնացնել) այդ սուբյեկտների միջև ֆինանսական բնույթի տեղեկատվական հոսքերի կառավարումը:

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ կարվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների ուղղությամբ և եթե ծրագրի արդյունքներով որոշում չկայացվի այդ կազմակերպությունների կողմից վարվող հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների ուղղությամբ, ապա այդ կազմակերպությունները կշարունակեն կիրառել Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում ներդրված հաշվապահական հաշվառման ստանդարտները: Չնայած վերը նշվածին` ծրագրի շրջանակներում կիրականացվեն այդ կազմակերպությունների համապատասխան մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաև կմշակվեն այդ կազմակերպությունների ֆինանսատնտեսական (հաշվապահական) բնույթի տեղեկատվությունը բյուջետային հատվածի համանման տեղեկատվության հետ համախմբման մեխանիզմներ:

 

 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ծրագիրը նախատեսված է իրականացնել վեց տարվա ընթացքում, վեց հաջորդական փուլերով, յուրաքանչյուրը մեկ տարի տևողությամբ:

Ծրագրի հետ կապված ծախսերը նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի և դոնոր այլ կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին: Համաձայն ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկների ծրագրի նախահաշվային արժեքը 12 729 000 ԱՄՆ դոլար է:

Ծրագրի մի մասի իրականացման համար, Համաշխարհային բանկի կողմից, 2003 թվականին Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է դրամաշնորհ` 360 000 ԱՄՆ դոլար գումարի չափով, ըստ որի պայմանականորեն ծրագրի սկսման ժամկետ է համարվում 2003 թվականը, իսկ ծրագրի ամբողջական իրականացումն ընդգրկում է 2003-2009 թթ. ժամանակահատվածը:

Ծրագրի իրականացման ժամկետները և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների հաջորդականությունը կարող են ենթարկվել փոփոխությունների` ելնելով ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրների հստակեցված պայմաններից:

 

1. Փուլ N 1

 

Նպատակը`

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի և գանձապետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումների փորձնական ծրագրի հաստատում և իրականացում: Փորձնական ծրագրի նպատակն է մեկ պետական մարմնում իրականացվելիք փորձնական բարեփոխումների արդյունքներով տեղեկատվություն կուտակել ողջ ծրագրի բաղադրիչների մասին` նպատակ ունենալով կրճատել ծրագրի ինքնարժեքը և ռիսկերը:

 

Տևողությունը` 2003-2004 թթ.

 

Նախահաշվային արժեքը` 360 000 ԱՄՆ դոլար

 

Միջոցառումները`

 

Փորձնական ծրագրի

 

1. Իրագործման ուսումնասիրության իրականացում

2. Փորձնական ծրագրի խորհրդատուների ընտրություն

3. Հաշվապահական ստանդարտների մշակում

4. Հաշվային պլանի մշակում

5. Օգտագործողների կարիքների սահմանում

6. Հաշվապահական հրահանգների մշակում

7. Ֆինանսական կառավարման այլ գործընթացների սահմանում

8. Գործառույթային պահանջների բնութագրի մշակում

9. Ծրագրային ապահովման ձեռքբերում և (կամ) մշակում

10. Իրականացման նպատակով համակարգիչների ձեռքբերում

11. Փորձնական համակարգի ներդրում

12. Փորձնական համակարգի գծով ուսուցումների իրականացում

13. Փորձնական համակարգի գործարկում

14. Փորձնական համակարգի գնահատում

15. Հիմնական ծրագրի իրագործման ծրագրի մշակում

 

2. Փուլ N 2

 

Նպատակը`

Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա հիմնական ծրագրի նախապատրաստում

 

Տևողությունը` 2004-2005 թթ.

 

Նախահաշվային արժեքը` 2 675 000 ԱՄՆ դոլար

 

Միջոցառումները`

 

1. Հիմնական ծրագրի խորհրդատուի ընտրություն

2. Հիմնական ծրագրի կատարման միջոցառումների գնահատում

3. Հաշվապահական ստանդարտների վերջնական տեսքի բերում (փաստաթղթավորում)

4. Հաշվային պլանի վերջնական տեսքի բերում (փաստաթղթավորում)

5. Հաշվապահական սկզբունքների վերջնական տեսքի բերում (փաստաթղթավորում)

6. Ֆինանսական կառավարման այլ գործընթացների վերջնական տեսքի բերում

  (փաստաթղթավորում)

7. Հանրային հատվածի ֆինանսական կառավարման ինֆորմացիոն համակարգի մշակման

  սկզբունքների վերջնական տեսքի բերում (փաստաթղթավորում)

8. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների մշակում

9. Բյուջետային հատվածի և ոչ առևտրային կազմակերպությունների

  վերապատրաստման ռազմավարության մշակում

10. Հանրային հատվածի ֆինանսական կառավարման ինֆորմացիոն համակարգի

  համակարգչային նախագծի մշակում

 

3. Փուլ N 3

 

Նպատակը`

Հանրային հատվածի ֆինանսական կառավարման ինֆորմացիոն համակարգի մշակում և ներդրում

 

Տևողությունը` 2005-2006 թթ.

 

Նախահաշվային արժեքը` 3 320 000 ԱՄՆ դոլար

 

Միջոցառումները`

 

1. Հանրային հատվածի ֆինանսական կառավարման ինֆորմացիոն համակարգի գործառույթային

  պահանջների բնութագրի սահմանում

2. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հաստատում

3. Հիմնական ծրագրի իրագործման առաջին փուլի միջոցառումների մշակում

4. Համակարգի ապարատային ապահովման (համակարգչային) պահանջների սահմանում

5. Ծրագրային ապահովման մշակում (ձեռքբերում)

6. Համակարգիչների ձեռքբերում

7. Բյուջետային հատվածում օգտագործողի հրահանգների հաստատում

8. Պետական ոչ առևտրային կազմակերպություններում օգտագործողի հրահանգների պատրաստում

9. Բյուջետային հատվածի մասնագետների վերապատրաստում

10. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասնագետների վերապատրաստում

11. Համակարգիչների և ծրագրային ապահովման տեղադրում

12. Հիմնական ծրագրի իրագործման առաջին փուլի միջոցառումների հաստատում

 

4. Փուլ N 4

 

Նպատակը`

Հիմնական ծրագրի իրագործման առաջին փուլի իրագործում

 

Տևողությունը` 2006-2007 թթ.

 

Նախահաշվային արժեքը` 2 784 000 ԱՄՆ դոլար

 

Միջոցառումները`

 

1. Հիմնական ծրագրի իրագործման առաջին փուլի կատարման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2. Հիմնական ծրագրի իրագործման առաջին փուլի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում

3. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի կատարման պլանի վերագնահատում

4. Հաշվապահական հրահանգներում փոփոխությունների իրականացում

5. Ֆինանսական կառավարման այլ գործընթացներում փոփոխությունների իրականացում

6. Օգտագործողի կարիքների վերագնահատում

7. Փոփոխությունների իրականացում գործառույթային պահանջների բնութագրերում

8. Փոփոխությունների իրականացում ծրագրային ապահովման մեջ

9. Փոփոխությունների իրականացում ապարատային ապահովման համակարգում

10. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների պատրաստում

11. Փոփոխությունների իրականացում օգտագործողի հրահանգներում

12. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի ուսուցում

13. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հաստատում

14. Հիմնական ծրագրի իրագործման առաջին փուլի արդյունքների և երկրորդ փուլի

միջոցառումների հաստատում

 

5. Փուլ N 5

 

Նպատակը`

Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի իրագործում

 

Տևողությունը` 2007-2008 թթ.

 

Նախահաշվային արժեքը` 2 221 000 ԱՄՆ դոլար

 

Միջոցառումները`

 

1. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի կատարման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում

3. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի կատարման միջոցառումների վերագնահատում

4. Հաշվապահական հրահանգներում փոփոխությունների իրականացում

5. Ֆինանսական կառավարման այլ գործընթացներում փոփոխությունների իրականացում

6. Օգտագործողի կարիքների վերագնահատում

7. Փոփոխությունների իրականացում գործառույթային պահանջների բնութագրերում

8. Փոփոխությունների իրականացում ծրագրային ապահովման մեջ

9. Փոփոխությունների իրականացում ապարատային ապահովման համակարգում

10. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների պատրաստում

11. Փոփոխությունների իրականացում օգտագործողի հրահանգներում

12. Հիմնական ծրագրի իրագործման երրորդ փուլի ուսուցում

13. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հաստատում

14. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի արդյունքների և երրորդ փուլի միջոցառումների

հ աստատում

 

 6. Փուլ N 6

 

Նպատակը`

Հիմնական ծրագրի իրագործման երրորդ փուլի իրագործում

 

Տևողությունը` 2008-2009 թթ.

 

Նախահաշվային արժեքը` 1 369 000 ԱՄՆ դոլար

 

Միջոցառումները`

 

1. Հիմնական ծրագրի իրագործման երրորդ փուլի կատարման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2. Հիմնական ծրագրի իրագործման երրորդ փուլի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփում

3. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի կատարման միջոցառումների վերագնահատում

4. Հաշվապահական հրահանգներում փոփոխությունների իրականացում

5. Ֆինանսական կառավարման այլ գործընթացներում փոփոխությունների իրականացում

6. Օգտագործողի կարիքների վերագնահատում

7. Փոփոխությունների իրականացում գործառույթային պահանջների բնութագրերում

8. Փոփոխությունների իրականացում ծրագրային ապահովման մեջ

9. Փոփոխությունների իրականացում ապարատային ապահովման համակարգում

10. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների պատրաստում

11. Փոփոխությունների իրականացում օգտագործողի հրահանգներում

12. Օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հաստատում

13. Հիմնական ծրագրի իրագործման երկրորդ փուլի և ընդհանուր ծրագրի արդյունքների

հաստատում

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան