«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2003 թվականի N 385-Ն
ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒ «ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 5-րդ ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) նախատեսված լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ բացառությամբ ընդերքն օգտակար հանածոների շահագործման (արդյունահանման) նպատակով տրամադրելու լիազորության, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` սույն որոշման 2-րդ կետով սահմանված իրավասությունների սահմաններում:
2. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված իրավասությունների:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը վերապահել օրենքով սահմանված ուսումնասիրության և ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով հավաստվող հանքային իրավունքների տրամադրման, ընդերքի օգտագործման ու պահպանության համար սահմանված նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ երկրաբանական ու բնապահպանական պետական վերահսկողության իրականացման, ինչպես նաև օրենքի «VII. Շրջակա միջավայրի պահպանությունը» բաժնով սահմանված լիազորությունները:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը հանքարդյունահանման լիցենզառուի և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի հետ օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ընդերքօգտագործման լիցենզային պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ:
5. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված լիազորված մարմիններն ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառում ապահովում են հետևյալ գործառույթների իրականացումը`
ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը`
հանքարդյունաբերության զարգացման քաղաքականության (ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում.
կայունացման և կոնցեսիոն պայմանագրերի կնքում.
լեռնահատկացման ակտի և պայթեցման աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրում.
օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական ու տեխնոլոգիական փորձաքննություն.
լեռնային աշխատանքների կատարման, անվտանգության կանոնների պահպանման, օգտակար հանածոների կորուստների և աղքատացման, լեռնային փորվածքների, հորատանցքերի ու պոչամբարների լուծման և սառեցման (կոնսերվացման) աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողություն.
իր իրավասության սահմաններում հանքարդյունաբերության զարգացման բնագավառում միջազգային համագործակցություն.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`
ընդերքի պահպանության և օգտագործման քաղաքականության (հանքահումքային հենքի զարգացման ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում.
երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքօգտագործման, ինչպես նաև պահուստային հանքավայրերի մակերեսների կառուցապատման իրավունքի` թույլտվությունների (լիցենզիաների, համաձայնությունների) տրամադրում, այդ թվում` երկրաբանական հատկացումների տրամադրում, պետական գրանցում և պայմանագրերի կնքում.
ընդհանուր տարածում ու ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկերի մշակում.
օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում, օգտակար հանածոների պաշարների հաստատում.
ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական փորձաքննություն,
ընդերքօգտագործման պետական ֆոնդերի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրների վարում.
ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման (ջրօգտագործման) թույլտվությունների տրամադրում և ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիների համաձայնեցում.
ընդերքօգտագործման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննություն.
իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն:
6. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալություն` «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
7. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը.
բ) մեկամսյա ժամկետում՝ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը.
գ) երկամսյա ժամկետում՝ օրենքից և սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև համապատասխան կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ.
դ) մինչև 2003 թվականի հունիսի 1-ը՝ օրենքի V բաժնի 1-ին գլխից բխող իրավական ակտերի նախագծերը:
8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենքի 65-րդ հոդվածով սահմանված՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը:
9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և հաստատել սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը վերապահված իրավասությունների իրականացման ընթացքում նրանց միջև փոխհարաբերությունների կանոնակարգումն ապահովող համապատասխան իրավական ակտեր:
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունները սահմանազատելու մասին» N 1037 որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.04.2012, N 507-Ն | 11.05.2012, N 385-Ն | |
15.05.2008, N 653-Ն | 10.07.2008, N 385-Ն | |
10.03.2005, N 729-Ն | 07.07.2005, N 385-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|