Գլխավոր տեղեկություն
Համար
N 1916-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2003-03.10.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1346
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1916-Ն

«ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Ստեղծել «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները բույսերի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացումն է, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ սահմանված կարգով, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման ու արտահանման համար եզրակացություն տալն է, հանրապետությունում չգրանցված և օգտագործումից հանված բույսերի պաշտպանության միջոցների վաճառքի ու օգտագործման կանխարգելմանն աջակցելն է:

5. Թույլատրել «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննություն.

բ) բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում:

6. «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

7. Սահմանել, որ՝

ա) «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկի վերակազմակերպման արդյունքում վերջինիս տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սահմանած չափով, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սահմանած չափով, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվում է «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի և դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկի պահպանման ծախսերի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1916-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակեպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ՝ «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն) կլոր կնիք և դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Պետական կազմակերպության անվանումն է՝

հայերեն՝ «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն՝ «Служба защиты растений» государственная некоммерческая организация։

8. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 22:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

9. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը բույսերի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացումն է, իրավաբանական ու ֆիզիկական անձնաց՝ սահմանված կարգով բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման համար եզրակացություն տալն է:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Կազմակերպությունը՝

ա) վերլուծում է գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակը, կանխատեսում և ախտորոշում է վնասատուների ու հիվանդությունների զարգացումը, անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրազեկում վնասակար օրգանիզմների հայտնաբերման, տարածվածության և դրանց դեմ պայքարի գիտականորեն հիմնավորված համալիր միջոցառումների կիրառման մասին.

բ) բույսերի պաշտպանության նպատակով իրականացնում է առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումներ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ փորձաքննության միջոցով տալիս է եզրակացություն ներկրվող և արտահանվող բույսերի պաշտպանության միջոցների մասին.

դ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային ու պահեստային տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման գործում.

ե) կազմակերպությունն իր կարիքների համար գնումները կատարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

զ) կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝

ա) հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

բ) լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,

գ) գործադիր մարմինը (տնօրենը)։

12. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նրա բացառիկ լիազորություններն են՝

ա) կազմակերպության ստեղծումը և կանոնադրության հաստատումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

13. Լիազորված պետական մարմինը՝

ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.

բ) ստեղծում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, վաղաժամկետ դադարեցնում նրանց լիազորությունները.

ե) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.

է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում նրա գործունեության վերստուգման արդյունքները.

ը) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

14. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

15. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

16. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագիր:

17. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

18. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

19. Կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու և պարտականությունները չկատարելու համար:

20. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։

21. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում, նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, կազմակերպության տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:

Կազմակերպության տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

22. Կազմակերպության տնօրենը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում պայմանագրեր.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ե) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

զ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

է) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության պետական կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.

ժ) հաստատում է կազմակերպության ներկայացուցչությունների կանոնադրությունները.

ժա) պաշտոնի է նշանակում ներկայացուցչությունների ղեկավարներին և տալիս համապատասխան լիազորություններ:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Կազմակերպությունն ունի ներկայացուցչություններ։ Կազմակերպության ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն և գործում են սույն կանոնադրությանը համապատասխան:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

25. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

26. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

27. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

28. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

29. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:

30. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

31. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից վարձակալության հանձնելու: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

32. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են:

33. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

34. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

35. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

37. Կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը:

 

IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

38. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

39. Կազմակերպության լուծարմամբ դադարում է նրա գործունեությունը առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

40. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:

41. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

42. Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1916-Ն որոշման

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Երևանի «Մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների զարգացման կանխարգելման և ախտորոշման լաբորատորիա» ներկայացուցչություն

 

Երևանի «Հսկիչ թունաբանական լաբորատորիա» ներկայացուցչություն

 

Արագածոտնի մարզային ներկայացուցչություն

 

Արարատի մարզային ներկայացուցչություն

 

Արմավիրի մարզային ներկայացուցչություն

 

Գեղարքունիքի մարզային ներկայացուցչություն

 

Լոռու մարզային ներկայացուցչություն

 

Կոտայքի մարզային ներկայացուցչություն

 

Շիրակի մարզային ներկայացուցչություն

 

Սյունիքի մարզային ներկայացուցչություն

 

Վայոց ձորի մարզային ներկայացուցչություն

 

Տավուշի մարզային ներկայացուցչություն

 

Երևանի մարզային ներկայացուցչություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան