«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2003 թվականի N 237-Ն
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շարքը չդասվող օբյեկտներն ընդհանուր նշանակության օբյեկտներ են։
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացնել համակարգի սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հատուկ նշանակության օբյեկտները պետության բնականոն գործունեությունը և աղետների կառավարումն ապահովող օբյեկտներն են, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների:
Հատուկ նշանակության օբյեկտներն են`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերն ու շինությունները.
բ) Հայկական ատոմային էլեկտրակայանը.
գ) «Նաիրիտ-Ռանսաթ» փակ բաժնետիրական ընկերությունը.
դ) խոշոր ջրամբարները, որոնց պատվարի բարձրությունը 15 ու ավելի մետր է, և ունեն մեկ մլն ու ավելի խոր. մետր տարողություն.
ե) «Որոտան-Արփա-Սևան» թունելը.
զ) այն օբյեկտները, որոնցում արտադրվում, օգտագործվում կամ պահպանվում են վտանգավոր նյութեր՝ 500 կգ և ավելի քանակով.
է) «Զվարթնոց», «Շիրակ» և «Ստեփանավան» օդանավակայանները.
ը) Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը.
թ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի շենքերն ու շինությունները.
ժ) պետական սեփականություն հանդիսացող հեռուստառադիոկենտրոնները և հեռուստաաշտարակները, կապի համակարգի շենքերն ու շինությունները.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող շենքերն ու շինությունները.
ժբ) դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերն ու շինությունները.
ժգ) բանկերը, դատարանները:
2. Կարևոր նշանակության օբյեկտները բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովող օբյեկտներն են, ինչպես նաև՝ այն օբյեկտները, որոնցում կարող են միաժամանակ գտնվել 100 և ավելի մարդ:
Կարևոր նշանակության օբյեկտներն են`
ա) հիդրոէլեկտրակայանները, ջերմաէլեկտրակայանները՝ 25 ՄՎտ և ավելի հզորությամբ.
բ) էներգետիկայի և ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների շենքերն ու շինությունները.
գ) հանրապետական, միջպետական և մարտավարական նշանակության ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները, կամուրջները, ուղեանցերը, թունելները, ինչպես նաև երկաթուղային ու ավտոտրանսպորտային կայանները.
դ) բարձր ճնշման գազատարները, գազապահեստները, օրվա կարգավորման ջրամբարները՝ 500 խոր. մետր և ավելի ծավալով, մեկ և ավելի խոր. մ/վրկ ջրի թողունակություն ունեցող ջրանցքներն ու թունելները, ջրհավաք կառույցները (կապտաժներ), խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, քաղաքների ջրամատակարարումն ապահովող պոմպակայանները, ջրային համակարգերը (ակվեդուկներ, դյուկերներ, թունելներ, խոշոր ջրհան կայաններ, բարձր ճնշումային խողովակաշարեր և այլն).
ե) ալրաղացները՝ 50 տ/օր և ավելի արտադրողականությամբ, հացաթխման գործարանները՝ 5000 կգ/օր և ավելի արտադրողականությամբ.
զ) շրջանային ջերմակայանները և 10 գկալ/ժամ արտադրողականությունից բարձր ջերմամատակարարման կաթսայատները.
է) արդյունաբերության, ընդերքօգտագործման, ագրոարդյունաբերության և այլ արտադրական նշանակության շենքերն ու շինությունները.
ը) հիվանդանոցները, առողջարանները, հանգստի և զբոսաշրջության շենքերն ու շինությունները՝ 300 և ավելի մահճակալով.
թ) ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ դպրոցները, մանկատները, հաշմանդամների տուն-ինտերնատները՝ 300 և ավելի տեղով.
ժ) հյուրանոցները, մոթելները և այլն՝ 300 ու ավելի տեղով.
ժա) մարզադաշտերը՝ 5000 և ավելի տեղով, ունիվերսալ մարզադահլիճները, փակ լողավազանները.
ժբ) առևտրի կենտրոնները, հանրախանութները և տոնավաճառները՝ 2000 քառ. մետր ու ավելի մակերեսով.
ժգ) հանրային սննդի օբյեկտները` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 200 ու ավելի տեղով.
ժդ) թանգարանները, պատկերասրահները, ցուցահանդեսային շենքերը՝ 1000 քառ. մետր և ավելի մակերեսով.
ժե) գրադարանները, արխիվները՝ մեկ մլն և ավելի միավորով.
ժզ) մշակույթի կենտրոնները, թատրոնները, կրկեսները, կինոթատրոնները՝ 300 և ավելի նստատեղերով.
ժէ) բազմահարկ (4 և ավելի հարկ) բնակելի շենքերը.
ժը) արտադրական շինությունները, որտեղ միաժամանակ աշխատում են 300-ից ավելի աշխատողներ.
ժթ) եկեղեցիները և վանական համալիրները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |