Գլխավոր տեղեկություն
Համար
N 882-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2003-31.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.739
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2003 թվականի N 882-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 92 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նախորդ ամսվա ընթացքում հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի վաճառքի մասին տեղեկատվությունը` նշելով վաճառքի ձևը, գույքի կազմը, հաշվեկշռային ու գնահատված արժեքները, վաճառքից ստացված գումարի չափը և գնորդների ստանձնած պարտավորությունները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում համատեղ սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգում նշված` օտարման որոշման վերաբերյալ եզրակացություն տալու սկզբունքները:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 882-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական կառավարչական հիմնարկներին (այսուհետ` հիմնարկ) ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարումը:

2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով, մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձևով` սույն կարգի համաձայն ընդունված որոշման հիման վրա:

Հիմնարկին կամ կազմակերպությանն ամրացված գույքի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքի օտարումից ստացված միջոցները տնօրինվում են կազմակերպության կողմից:

Հիմնարկի կամ կազմակերպության լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

 

II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

3. Հիմնարկներին ամրացված, կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված` օտարման ենթակա գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) եզրակացությամբ:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

ա) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

բ) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին,

գ) հիմնական միջոցն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսից ավելի լինել),

դ) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող պետական գույքի վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին,

ե) այլ տվյալների մասին:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կազմակերպության ղեկավարի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:

7. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը:

Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:

8. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-25 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու վարչության եզրակացությամբ:

9. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի 25 մլն դրամից ավելի գնահատված արժեք (արժեքների գումար) ունեցող հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ և վարչության եզրակացությամբ:

10. Սույն կարգի 6-9-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները:

 

V. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Սույն կարգի 4-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

12. Սույն կարգի 6-8 կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում է օտարման մասին որոշմամբ նախատեսված մարմինը, իսկ այդպիսին նախատեսված չլինելու դեպքում` վարչությունը:

13. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում (սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում` համապատասխան որոշման հետ միասին) վաճառվող գույքին համապատասխան հիմնարկը կամ կազմակերպությունը վարչություն են ներկայացնում`

ա) վաճառքի ենթակա գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

բ) տեղեկություններ օտարվող գույքի տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց հետ աճուրդի (մրցույթի) մասնակիցներին ծանոթացնելու օրերի, ժամերի և վայրի մասին.

գ) այլ տեղեկություններ` հիմնարկի կամ կազմակերպության հայեցողությամբ:

14. Սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով գնահատված արժեքը համարվում է գույքի`

ա) առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային գին.

բ) առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գին:

15. Սճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է օտարման մասին որոշմամբ) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:

16. Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

17. Աճուրդի (մրցույթի) կազմակերպիչը գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդը (մրցույթը) անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից ոչ շուտ:

18. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

ա) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում.

բ) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

19. Գույքը չվաճառվելու դեպքում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե օտարման մասին որոշմամբ նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է օտարման մասին որոշմամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսի չափով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան