Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2023
Ընդունող մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության

Էկոնոմիկայի նախարար

_______________ Վ. Քերոբյան

20 հունիսի 2023 թ.

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության 

 սննդամթերքի անվտանգության

տեսչական մարմնի ղեկավար

______________ Ա. Հայրապետյան

08 հունիսի 2023 թ.

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

Պաշտոնական պարզաբանում տրամադրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգավորումների կիրառության ժամանակ առաջանում են տարընկալումներ։

Մասնավորապես, վերջին շրջանում օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտատուի կողմից չի ներկայացվում տվյալ արտադրողի կողմից արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների այլ երկրում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկատվություն։ Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրյա պետությունում կարող են գրանցվել նաև մայր ընկերության կամ դուստր ընկերության կամ միևնույն ընկերությունների խմբի մեջ մտնող ընկերության կամ պատվիրող ընկերության կամ պայմանագրային հիմունքներով կամ այլ կերպ փոխկապակցված արտադրող ընկերության կողմից։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

«Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների համար պահանջվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրող ֆիրմայի վերաբերյալ տեղեկատվություն։

«Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում են նաև գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնապես պարզաբանում ենք՝

 

անկախ այն հանգամանքից, որ օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար կարևոր պայման է արտադրող ֆիրման և գրանցվում է միայն այդ ֆիրմայի կողմից արտադրված պեստիցիդները կամ ագրոքիմիկատները՝

«Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված պահանջը ապահովված է համարվում, եթե ներկայացվում է փաստացի արտադրող ֆիրմայի կամ մայր ընկերության կամ դուստր ընկերության կամ միևնույն ընկերությունների խմբի մեջ մտնող ընկերության կամ պատվիրող ընկերության կամ պայմանագրային հիմունքներով կամ այլ կերպ փոխկապակցված արտադրող ընկերության կողմից օտարերկրյա որևէ պետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցված լինելու փաստը հավաստող հետևյալ տեղեկատվությունը՝

ա․ երկրի անվանում, որտեղ գրանցված է պեստիցիդները կամ ագրոքիմիկատները կամ թույլատրված է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունը․

բ․ գրանցման տարեթիվը և համարը կամ արտադրության թույլատվական փաստաթղթի տարեթիվը և համարը, ինչպես նաև դրանց ուժի մեջ գտնվելու ժամկետը, եթե այդպիսիք կան․

գ․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման ժամանակ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջով ներկայացվող փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկատվություն օտարերկրյա պետություններում այդ ապրանքների գրանցված չլինելու վերաբերյալ, նույնպես համարվում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի պահանջը ապահովված, ուստի հիմք չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում այդ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու համար։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան