Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2003-01.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.170
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2003 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականի պատրաստման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 20
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 9-ի N 12-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.3-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց ժամանակավոր ապաստանի վկայական տալու կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է:

3. Վկայականը տրվում է 1 տարի ժամկետով (կարող է երկարաձգվել):

4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նոր վկայականով փոխանակման:

5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

6. Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ) սեռը,

դ) ազգությունը,

ե) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը),

զ) բնակության վայրը,

է) հաշվառման վայրը:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼԸ, ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

7. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորած վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ` վարչություն) կողմից:

8. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձը վկայական ստանալու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում` վկայական ստանալու համար,

բ) վարչության որոշումը` անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու մասին,

գ) անձնագիր,

դ) 35x45մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),

ե) սույն կետի «գ» ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ:

9. Վկայականը վարչության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ, կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, մաշվածության կամ որևէ այլ պատճառով օգտագործելու համար այն ոչ պիտանի է դարձել:

10. Վկայականի փոխանակման համար վարչություն ներկայացվում է փոխանակման ենթակա վկայականը և 2 գունավոր լուսանկար:

Եթե վկայականի փոխանակման հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխվելը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

11. Վկայականը կորցնելու դեպքում վկայական ստացած անձը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին և վարչությանը:

Վարչությունը կորած վկայականի փոխարեն կարող է նոր վկայական տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել:

Նոր վկայական տալու դեպքում կորած վկայականը անվավեր է ճանաչվում:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ

 

12. Վկայականը ենթակա է հանձնման վարչությանը, եթե`

ա) վկայականի գործողության ժամկետը լրացել է.

բ) անձը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի դադարեցման համար.

գ) անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.

դ) վկայական ստացած անձը մահացել է:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը հանձնվում է վարչություն` դրա տիրոջ կամ նրա` սահմանված կարգով լիազորած անձի կողմից:

Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո սահմանված ժամկետներում վկայականն ուղարկում է վարչություն:

13. Վերադարձված, գտնված, անվավեր ճանաչված վկայականները պահպանվում են վարչությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

14. Վարչությունն իր կողմից սահմանված կարգով իրականացնում է վկայականների հաշվառումը, ինչպես նաև վարում է տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյաններ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 9-ի N 12-Ն որոշման


Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի վկայականը (այսուհետ` վկայական) 88 x125 մմ չափսի և 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:

Վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, զինանշանի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ շապիկի ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը տպագրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Վկայականի 1-ին էջի ձախ մասում «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:

Վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8-12 էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

Վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

Վկայականներն ունեն մեկ սերիա: Սերիան նշագրվում է հայերեն «ԺԱ» գլխատառերով: Վկայականների համարակալումն սկսվում է 000001 թվանշանով:

Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:

Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կնիքով:

Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան