Գլխավոր տեղեկություն
Համար
N 01
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2024
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2024
Ստորագրման ամսաթիվ
12.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 փետրվարի 2024 թ․

ք. Երևան

 N 01

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն գրությամբ դիմել է «ԳՐԻՆ ԳՈՒԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մ․ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մեջ ինտենսիվ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի հետ կապված հարցի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել ծրագրի շրջանակում ինտենսիվ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի վերաբերյալ հարցմանը մասնավորապես՝ «Ծրագրի շրջանակում կառուցվող ինտենսիվ այգու սպասարկման գոտին, որն անբաժան կապ ունի ոռոգման, հակակարկտային համակարգերի, փաստացի այգետնկված հատվածի հետ, ինտենսիվ այգու տարածքի որքա՞ն մակերես կարող է զբաղեցնել ինտենսիվ այգու մակերեսի ընդհանուր հաշվարկի մեջ»:

Դիմումատուն ներկայացնում է, որ ծրագրի շրջանակում կառուցվող ինտենսիվ այգու տարածքը ներառում է փաստացի այգետնկված տարածքը, ինչպես նաև սպասարկման գոտին, ոռոգման և հակակարկտային համակարգերը և պարզաբանման կարիք ունեցող վերոնշյալ հարցի վերաբերյալ ընկերության պարզաբանման տարբերակը այն է, որ ծրագրի պայմաններին համապատասխանելու համար կառուցվող ինտենսիվ այգու սպասարկման գոտու մակերեսը կարող է կազմել ինտենսիվ այգու ընդհանուր մակերեսի մինչև 20%-ը։

Վերոնշյալ իրավիճակում առաջացած հարցի պարզման և ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով՝ ծրագրի պայմաններին բավարարող ինտենսիվ այգու նախագծման համար ընկերությունը ցանկանում է ստանալ նախարարության պաշտոնական պարզաբանումը։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների» ծրագրի 5-րդ կետի ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ընթացակարգը նախատեսված է 23-րդ կետում։ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1301-Լ որոշմամբ այգեհիմնման մասով փոխհատուցման բաղադրիչը հանվել է։ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 198-Լ որոշմամբ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ավարտը։

Միաժամանակ, այգեհիմնման համար ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող այգիների տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 500 հա-ը, ինչպես նաև ծրագրի 12-րդ կետով սահմանված են այգեհիմնման համար պարտադիր մի շարք պայմաններ․ մասնավորապես՝

● այգեհիմնումն իրականացնել N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով.

● այգեհիմնումն իրականացնել ցածրաճ (թզուկային և կիսաթզուկային, թույլ աճող) պատվաստակալների վրա պատվաստված սորտերի տնկիներով (խաղողի այգիների դեպքում այս պահանջը պարտադիր չէ).

● այգեհիմնման (բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու հիմնման) և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման և (կամ) ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը, և այգիներում (բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու) պարտադիր ներդնել ոռոգման արդիական համակարգեր (կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, խորքային հորի և ջրավազանների կառուցումը կամ ընդլայնումը պարտադիր չէ).

● այգեհիմնումն ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 2 տարվա ընթացքում։ Ընդ որում, գարնանն այգետնկումը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը, իսկ աշնանը՝ մինչև դեկտեմբերի 1-ը.

Ծրագրով ինտենսիվ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի վերաբերյալ դրույթներ սահմանված չեն։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող այգիների տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 500 հա, ինչպես նաև 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է այգեհիմնման իրականացման համար 1 հա այգում տնկիների նվազագույն քանակը, իսկ այգու սպասարկման գոտու տարածքի մակերեսի վերաբերյալ դրույթներ ծրագրով սահմանված չեն։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

Ներմուծեք նկարագրությունը_19954 ինտենսիվ այգու սպասարկման գոտին՝ կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան (այդ թվում՝ լարային) համակարգերը, այգու մշակման և խնամքի համար նախատեսվող այգեմիջյան ճանապարհների համար հատկացվող տարածքը, որն անմիջապես գտնվում է այգու տարածքում, պետք է լինի 15-18 %-ի սահմաններում։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Այգու սպասարկման համար նախատեսվող ջրավազանը, պոմպակայանը և այլ ենթակառուցվածքները չեն դիտարկվում որպես ծրագրով նախատեսվող ինտենսիվ այգու փաստացի տարածք։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան