Գլխավոր տեղեկություն
Համար
N 2182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47(502) Հոդ.209
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 2182-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՊԱՀՊԱՆՎՈՂ, ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող որոշ ապրանքների նկատմամբ տնօրինման գործողությունների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 476 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 2182-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՊԱՀՊԱՆՎՈՂ, ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող՝ շուտ փչացող ապրանքների (այդ թվում՝ այն ապրանքների, որոնց պիտանիության ժամկետը մոտենում է ավարտին) (այսուհետ՝ ապրանքներ) նկատմամբ մաքսային մարմինների կողմից տնօրինման գործողությունների իրականացման կարգը:

2. Ապրանքների տնօրինման ժամանակ իրականացվում են հետևյալ գործողությունները՝

ա) ապրանքների տեղափոխում, բեռնում և բեռնաթափում,

բ) ապրանքների պահեստավորում,

գ) ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովում,

դ) ապրանքներն առանձին խմբաքանակների մասնատում (բաժանում),

ե) ապրանքների տեսակավորում, այդ թվում՝ ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացում,

զ) ապրանքների իրացում,

է) ապրանքների իրացումը կազմակերպելիս, անհրաժեշտության դեպքում, ապրանքների փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, նշագրում, դրոշմավորում (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով) և այլն,

ը) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման պետական մարմնի եզրակացության հիման վրա՝ ապրանքների խմբաքանակներից առանձնացված՝ փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների մասին ակտի կազմում, այդ ապրանքների իրացում՝ երկրորդային նշանակության օգտագործման պիտանիության դեպքում, կամ ոչնչացում:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործողությունները մաքսային մարմինների կողմից իրականացվում են ապրանքներ տեղափոխող անձանց գրավոր համաձայնության հիման վրա և վերջիններիս միջոցների հաշվին: Համաձայնության ձևը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:

4. Վերադաս մաքսային մարմինը կարող է սույն որոշմամբ սահմանված կարգով տնօրինել նաև մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող՝ սույն կարգի 1-ին կետում չնշված ապրանքները, եթե դրա մասին առկա է այդ ապրանքները տեղափոխող անձանց գրավոր համաձայնությունը:

5. Մաքսային մարմինները սույն կարգի 2-րդ կետում նշված գործողությունները պարտավոր են սկսել դրա մասին ապրանքներ տեղափոխող անձանց համաձայնությունն ստանալուց անմիջապես հետո:

6. Ապրանքների տնօրինման ընթացքում առաջացած ծախսերը հաշվարկվում են բացառապես տնօրինման հետ կապված գործողություններից ելնելով, ընդ որում, տնօրինման յուրաքանչյուր գործողության իրականացման ընթացքում կատարված բոլոր ծախսերը պարտադիր պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:

7. Ապրանքների տնօրինման հետ կապված առանձին գործողություններ՝ ապրանքների պահեստավորում, ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացում, ապրանքների փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, նշագրում, դրոշմավորում, իրացում, իրականացվում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, այդ թվում՝

ա) ապրանքների պահեստավորումը՝ մաքսային հսկողության ներքո մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների միջոցով,

բ) ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված հավատարմագրման խորհրդի կողմից հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների կողմից,

գ) ապրանքների փաթեթավորումը, վերափաթեթավորումը, մակնշումը, նշագրումը, դրոշմավորումը՝ նշված գործողություններով կամ համապատասխան ապրանքատեսակի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների միջոցով,

դ) ապրանքների իրացումը՝ աճուրդային կարգով ապրանքներ իրացնող մասնագիտացված կազմակերպությունների միջոցով կամ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:

8. Ապրանքների իրացումը կատարվում է դասական աճուրդի եղանակով: Դասական աճուրդի ընթացքում ապրանքների իրացման մեկնարկային գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների շուկայական գներից, և դրանք որոշվում են ապրանքները տեղափոխող անձի կամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությամբ:

Ապրանքի պիտանիության ժամկետներում՝ դրա նախօրոք համաձայնեցված գներով, դասական աճուրդի եղանակով չիրացման դեպքում վերադաս մաքսային մարմինը, այդ ապրանքները տեղափոխող անձի կամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությամբ, իրավունք ունի ընդունելու որոշում ապրանքների իրացումը հոլանդական աճուրդի եղանակով կազմակերպելու մասին:

9. Ապրանքների տնօրինման գործողությունների հետ կապված ծախսերը կատարվում են վերադաս մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների իրացումից ստացված գումարից կատարված ծախսերը վերականգնելու պայմանով: Վերադաս մաքսային մարմնի կողմից ապրանքների տնօրինման գործողությունների հետ կապված ծախսերը փոխհատուցվում են ապրանքների իրացումից հետո 5-օրյա ժամկետում:

10. Ապրանքների իրացումից ստացված գումարները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված վերադաս մաքսային մարմնի կողմից կատարված ծախսերի, մուտքագրվում են այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

11. Ապրանքների իրացման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ ապրանքները բաց են թողնվում առանց նոր գնորդի կողմից մաքսային հայտարարագիր ներկայացվելու՝ աճուրդում հաղթող ճանաչվելու փաստը հիմնավորող փաստաթղթի հիման վրա:

12. Մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և տնօրինման մասին համաձայնություն ներկայացրած՝ ապրանքներ տեղափոխող անձի կողմից մաքսային մարմիններից ապրանքները հետ ստանալու մասին դիմում ներկայացվելու դեպքում մաքսային մարմինները կասեցնում են տնօրինման հետ կապված գործողությունները և ապրանքներ տեղափոխող անձին, վերադաս մաքսային մարմնի կողմից կատարված ծախսերի փոխհատուցումից ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումից հետո, վերադարձնում մաքսային մարմինների պատասխանատու պահպանության ներքո գտնվող ապրանքների չիրացված մասը:

13. Մաքսային կանոնների խախտման համար վարչական տուգանքի ենթարկելու մասին որոշման և ապրանքներ տեղափոխող անձի համաձայնության առկայության դեպքում ապրանքների իրացումից ստացված գումարները տնօրինվում են հետևյալ առաջնահերթությամբ՝

ա) փոխհատուցվում են վերադաս մաքսային մարմնի կողմից ապրանքների տնօրինման հետ կապված ծախսերը,

բ) վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տույժերն ու տուգանքները,

գ) վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ վճարման ենթակա մաքսային վճարները,

դ) տարբերության գումարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է ապրանքներ տեղափոխող անձին:

14. Մաքսային կանոնների խախտման համար վարչական տուգանքի ենթարկված անձի կողմից սույն կարգի 13-րդ կետի համաձայն ապրանքների իրացումից ստացված գումարի տնօրինման անհամաձայնության դեպքում այդ գումարը տնօրինվում է դատարանի վճռի համաձայն:

15. Մաքսանենգության գործերով դատավճիռն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

16. Մաքսային կանոնների խախտումների և մաքսանենգության փաստի բացակայության կամ տուգանքներն ու մաքսային վճարները բռնագանձելու վերաբերյալ հայցապահանջները դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով չբավարարվելու դեպքում ապրանքների իրացումից ստացված գումարը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ՝

ա) փոխհատուցվում են վերադաս մաքսային մարմնի կողմից ապրանքների տնօրինման հետ կապված՝ դեռևս չփոխհատուցված ծախսերը,

բ) տարբերության գումարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է ապրանքներ տեղափոխող անձին:

17. Վերադաս մաքսային մարմնի կողմից սույն կարգի 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշիվներին և տնօրինման համապատասխան գործողություններ իրականացնող անձանց փոխանցելուց հետո, գումարների մնացած մասը համապատասխան որոշման կամ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում փոխանցվում է ապրանքներ տեղափոխող անձին:

18. Եթե վերահաշվարկման արդյունքում պարզվում է, որ ապրանքների իրացումից ստացված գումարները չեն բավականացնում մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ տնօրինման գործողությունների իրականացման հետ կապված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների մարման համար, ապա վերադաս մաքսային մարմինը, նշված պարտավորությունների մարումն ապահովելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջներ է ներկայացնում ապրանքներ տեղափոխող անձին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան