Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
12.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

12 հունիսի 2024 թ․

ք. Երևան

 N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ ստանալու պաշտոնական պարզաբանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Դիմումատուն խնդրել է պաշտոնապես պարզաբանել, թե Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ով ունի 20 և ավելի տարվա ծառայության ստաժ և առնվազն արդարադատության երրորդ դասի խորհրդականի (մայոր) դասային աստիճան, զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում իրավունք ունի արդյոք ձեռք բերել մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը գրությամբ ներկայացնում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ձևավորվել է 2014 թվականին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ։ Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համակարգ են փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները՝ իրենց բոլոր հաստիքներով ու գործառույթներով, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, որպես ինքնուրույն պետական մարմնի, լիազորություններն էական փոփոխությունների չեն ենթարկվել։ Նշվում է նաև, որ դեռևս 1998 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ վերը նշված պետական կառավարման համակարգի մարմինները հանդիսացել են պետական ռազմականացված կազմակերպություններ և, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող (զբաղեցրած) անձինք, որոնք նախկինում պաշտոններ են զբաղեցրել վերոգրյալ պետական ռազմականացված կազմակերպություններում, ունենալով 20 տարվա ծառայության ստաժ ու առնվազն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ մայորի կոչում, իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով»:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն՝ պետական ռազմականացված կազմակերպություններն են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, պետական սուրհանդակային ծառայությունը։

«Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումները, քրեակատարողական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները և պետական սուրհանդակային ծառայությունը սահմանվել են որպես պետական ռազմականացված կազմակերպություններ։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի համաձայն՝ ծառայողական է համարվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների) կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կրել, պահել և օգտագործել այդ զենքը ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:

Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում Օրենքով սահմանված կարգով:

Հարկ է նշել, որ Օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից, որի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով սահմանված են այն պետական մարմինները, որոնք Օրենքի իմաստով հանդիսանում են պետական ռազմականացված կազմակերպություններ։ Միաժամանակ, Օրենքով հետադարձություն չի նախատեսվել նախկինում ռազմականացված կազմակերպություն չհանդիսացած մարմինների ծառայողների ստաժի հաշվարկման վերաբերյալ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով։

Թեև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն համեմատաբար վերջերս է ընդգրկվել պետական ռազմականացված կազմակերպությունների ցանկում, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի լիազորությունները մինչ այդ և դրանից հետո էական փոփոխություններ չեն կրել, ինչը, քննարկվող հարցի իմաստով, չի հանգեցնում համապատասխան ստաժի նշանակության փոփոխության։

Ուստի գտնում ենք, որ Օրենքով սահմանված պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև՝ վերոգրյալ օրենքների համակարգային ուսումնասիրությունը և վկայակոչված նորմերի համակողմանի վերլուծությունը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքի ձեռքբերման համար ստաժի հաշվարկը պետք է կատարվի պետական ռազմականացված կազմակերպություններում ընդհանուր ծառայության ստաժի հաշվարկմամբ՝ անկախ դրանց՝ պետական ռազմականացված կազմակերպություն ճանաչվելու պահից։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան