Գլխավոր տեղեկություն
Համար
N 2170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2003-07.07.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.163
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2170-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 21
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2170-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Գնահատման եղանակների հաջորդական կիրառումը

 

1.1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 87-93-րդ հոդվածներով սահմանվում է, թե ինչպես պետք է որոշվի ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը «Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ) VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) դրույթների համաձայն: Գնահատման եղանակները շարադրված են կիրառման հաջորդական կարգով: Մաքսային գնահատման առաջնային եղանակը սահմանված է օրենսգրքի 87-րդ հոդվածում, և մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը պետք է որոշվի համաձայն այդ հոդվածի դրույթների, երբ բավարարված են դրանում նկարագրված պայմանները:

1.2. Եթե մաքսային արժեքը չի կարող որոշվել օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթներով, ապա այն պետք է որոշվի՝ հաջորդաբար առաջ անցնելով հերթական հոդվածներով մինչև այն առաջին հոդվածը, որի համաձայն մաքսային արժեքը կարող է որոշվել: Բացառությամբ օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսվածի, եթե մաքսային արժեքը չի կարող որոշվել որևէ առանձին հոդվածի դրույթների համաձայն, ապա միայն այդ դեպքում կարող են օգտագործվել հերթական հաջորդ հոդվածի դրույթները:

1.3. Եթե ներմուծողը չի պահանջում փոխել օրենսգրքի 91-րդ և 92-րդ հոդվածների հերթականությունը, ապա պետք է հետևել հերթականության կանոնավոր կարգին: Եթե ներմուծողը պահանջում է այդ անել, սակայն հետագայում պարզվում է, որ անհնար է մաքսային արժեքը որոշել համաձայն օրենսգրքի 92-րդ հոդվածի դրույթների, ապա մաքսային արժեքը պետք է որոշվի օրենսգրքի 91-րդ հոդվածի դրույթների համաձայն, եթե այն կարելի է այդպես որոշել:

1.4. Երբ մաքսային արժեքը չի կարող որոշվել օրենսգրքի 87-92-րդ հոդվածների դրույթների համաձայն, ապա այն պետք է որոշվի 93-րդ հոդվածի դրույթների համաձայն (պահուստային մեթոդով):

 

2. Հաշվապահական ընդհանուր սկզբունքների օգտագործումը

 

2.1. Հաշվապահական ընդհանուր սկզբունքները վերաբերում են տվյալ պահին երկրի ներսում ընդունված ընդհանուր համաձայնությանը կամ էական պաշտոնական օժանդակությանն այն առումով, թե որ տնտեսական պաշարամիջոցներն ու պարտավորությունները պետք է գրանցվեն որպես ունեցվածք ու պարտավորություններ, թե ունեցվածքի ու պարտավորությունների որ փոփոխությունները պետք է գրանցվեն, թե ինչպես պետք է չափվեն ունեցվածքն ու պարտավորությունները և դրանց փոփոխությունները, թե որ տեղեկությունները պետք է բացահայտվեն ու ինչպես պետք է բացահայտվեն և թե ինչ ֆինանսական հաշվետվություններ պետք է պատրաստվեն: Այդ համօրինակները (ստանդարտները) կարող են ընդհանուր կիրառման ընդգրկուն ուղեցույցներ, ինչպես նաև մանրամասն գործելակերպեր և ընթացակարգեր լինել:

2.2. Համաձայնագրի նպատակներով յուրաքանչյուր ԱՀԿ անդամ պետության մաքսային վարչությունն օգտագործում է այն տեղեկությունները, որոնք պատրաստված են խնդրո առարկա հոդվածին համապատասխանող՝ երկրի հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով: Օրինակ՝ սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի որոշումը, օրենսգրքի 90-րդ հոդվածի դրույթների համաձայն, կկատարվի՝ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պատրաստված են ներմուծման երկրի հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով: Մյուս կողմից՝ սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի որոշումը, օրենսգրքի 92-րդ հոդվածի դրույթների համաձայն, կկատարվի՝ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պատրաստված են արտադրության երկրի՝ հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով: Որպես լրացուցիչ օրինակ՝ օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված՝ ներմուծման երկրում կատարված տարրի որոշումը կկատարվի՝ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պատրաստված են այդ երկրի հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով:

 

3. Օրենսգրքի 87-րդ հոդվածի մասին

 

Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը

3.1. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը ներմուծված ապրանքների համար գնորդի կողմից վաճառողին կամ վաճառողի օգտին կատարված կամ կատարման ենթակա ընդհանուր վճարումն է: Վճարումը չպետք է պարտադիր դրամի փոխանցման տեսքով լինի: Վճարումը կարող է կատարվել վարկագրերի կամ շրջանառելի գործիքների ձևով: Վճարումը կարող է կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Անուղղակի վճարման օրինակ կարող է լինել գնորդի կողմից վաճառողի ունեցած պարտքի ամբողջությամբ կամ մասամբ մարումը:

3.2. Գնորդի կողմից գնորդի սեփական հաշվին ձեռնարկված գործողությունները, որոնք այլ են, քան նրանք, որոնց համար օրենսգրքի 83-րդ հոդվածով ճշգրտում է նախատեսված, չեն համարվում անուղղակի վճարում վաճառողին, անգամ եթե դրանք կարող էին համարվել հօգուտ վաճառողին: Հետևաբար, մաքսային արժեքը որոշելիս այդ գործողությունների արժեքը չի ավելացվում փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

3.3. Մաքսային արժեքը չի ներառում հետևյալ վճարները կամ ծախքերը, եթե դրանք զատորոշված են ներմուծման ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից՝

ա) ներմուծված ապրանքների առնչությամբ, ինչպիսիք են արտադրական գործարանները, հաստոցները կամ սարքավորումները, ներմուծումից հետո կատարվող շինարարական, կառուցման, հավաքման, պահպանման աշխատանքների կամ տեխնիկական աջակցության համար վճարները.

բ) ներմուծումից հետո փոխադրման ծախքը.

գ) ներմուծման երկրի տուրքերն ու հարկերը:

3.4. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը վերաբերում է ներմուծված ապրանքների գնին: Այսպիսով, այն շահութաբաժինների կամ այլ վճարումների հոսքը գնորդից վաճառողին, որոնք չեն վերաբերում ներմուծված ապրանքներին, մաքսային արժեքի մաս չեն:

Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ

3.5. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինն անընդունելի չդարձնող սահմանափակումների թվին են պատկանում այն սահմանափակումները, որոնք էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա: Այդպիսի սահմանափակման օրինակ կարող է լինել այն դեպքը, երբ վաճառողն ավտոմեքենաներ գնողից պահանջում է չվաճառել կամ չցուցադրել դրանք՝ նախքան նախանշված օրը, որն իրենից նմուշի արտադրման տարվա սկիզբն է ներկայացնում:

Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետ

3.6. Եթե վաճառքը կամ գինը ենթակա են որոշ պայմանների կամ հատուցումների, ինչի պատճառով գնահատվող ապրանքների համար արժեք չի կարող որոշվել, ապա գործարքի արժեքն ընդունելի չէ մաքսային նպատակների համար: Դրա որոշ օրինակներ են՝

ա) վաճառողը ներմուծված ապրանքների գինը սահմանում է այն պայմանով, որ գնորդը կգնի նաև հատկորոշված քանակներով այլ ապրանքներ.

բ) ներմուծված ապրանքների գինը կախված է այն գնից կամ գներից, որով ներմուծված ապրանքների գնորդը ներմուծված ապրանքների վաճառողին այլ ապրանքներ է վաճառում.

գ) գինը սահմանվում է՝ հիմնվելով ներմուծված ապրանքների նկատմամբ կողմնակի վճարման ձևի վրա, ինչպես այն, երբ ներմուծված ապրանքները կիսավարտ ապրանքներ են, որոնք վաճառողը տրամադրել է այն պայմանով, որ վաճառողը կստանա վերջնական ապրանքի հատկորոշված քանակ:

3.7. Այնուամենայնիվ, ներմուծված ապրանքների արտադրությանը կամ շուկայահանմանը վերաբերող պայմանները կամ հատուցումները չեն հանգեցնում գործարքի արժեքի մերժմանը: Օրինակ՝ այն փաստը, որ գնորդը վաճառողին ճարտարագիտական ու նախագծման ծառայություններ է մատուցում, որոնք կատարվում են ներմուծման երկրում, չի հանգեցնում գործարքի արժեքի մերժմանը՝ օրենսգրքի 87-րդ հոդվածի նպատակներով: Նմանապես, եթե գնորդը գնորդի սեփական հաշվին ձեռնարկում է ներմուծված ապրանքների շուկայահանման հետ կապված գործողություններ, ապա այդ գործողությունների արժեքը մաքսային արժեքի մաս չէ, և ոչ էլ այդ գործողությունները հանգեցնում են գործարքի արժեքի մերժմանը, նույնիսկ եթե դա արվում է վաճառողի հետ համաձայնությամբ:

Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետ

3.8. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսվում են գործարքի արժեքի ընդունելիության հաստատման տարբեր միջոցներ:

3.9. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսվում է, որ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, ապա վաճառքին առնչվող հանգամանքները քննության են առնվում, և գործարքի արժեքն ընդունվում է որպես մաքսային արժեք, եթե փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Դրանով չի նախատեսվում, որ հանգամանքները պետք է քննության առնվեն բոլոր դեպքերում, երբ գնորդն ու վաճառողը փոխկապակցված են: Այդպիսի քննություն կպահանջվի միայն, երբ կասկածներ կան գնի ընդունելիության վերաբերյալ: Եթե մաքսային վարչությունը կասկածներ չունի գնի ընդունելիության վերաբերյալ, ապա այն պետք է ընդունվի առանց ներմուծողից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու: Օրինակ՝ մաքսային վարչությունը կարող է նախօրոք քննության առած լինել փոխկապակցվածությունը, կամ կարող է արդեն մանրամասն տեղեկություններ ունենալ գնորդի և վաճառողի վերաբերյալ, և կարող է այդ քննությամբ կամ տեղեկություններով արդեն համոզված լինել, որ փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա:

3.10. Եթե մաքսային վարչությունը չի կարող ընդունել գործարքի արժեքն առանց լրացուցիչ հարցման, ապա այն պետք է ներմուծողին հնարավորություն տա այնպիսի լրացուցիչ մանրամասն տեղեկություններ տրամադրելու, ինչպիսիք անհրաժեշտ կարող են լինել, որպեսզի հնարավորություն տան իրեն քննության առնելու վաճառքին առնչվող հանգամանքները: Այս առումով՝ մաքսային վարչությունը պետք է պատրաստ լինի քննության առնելու գործարքին առնչվող հարցերը, ներառյալ՝ թե ինչ ճանապարհով են գնորդն ու վաճառողը կազմակերպում իրենց առևտրային հարաբերությունները, և ինչ ճանապարհով է սահմանվել տվյալ գինը, որպեսզի որոշի՝ արդյոք փոխկապակցվածությունը ազդել է գնի վրա: Եթե կարելի է ցույց տալ, որ գնորդն ու վաճառողը, չնայած որ փոխկապացված են համաձայն օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթների, մեկը մյուսից գնում կամ մեկը մյուսին վաճառում են այնպես, ինչպես կանեին, եթե փոխկապակցված չլինեին, ապա դրանով ապացուցվում է, որ փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Որպես դրա օրինակ, եթե գները սահմանվել են այնպիսի ճանապարհով, որը համապատասխան է տվյալ արտադրության ճյուղում գների սահմանման սովորական գործելակերպին կամ այն ճանապարհով, որով վաճառողը սահմանում է վաճառողի հետ չփոխկապակցված գնորդներին վաճառքի գները, ապա դրանով ապացուցվում է, որ փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Որպես լրացուցիչ օրինակ՝ եթե ցույց է տրվում, որ գինը բավարար է, որպեսզի ապահովվի, որ փոխհատուցվեն բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը հատկանշական է՝ հատկանշական ժամանակահատվածի ընթացքում (օրինակ՝ տարեկան) նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից ընկերության ստացած ընդհանուր շահույթի համար, ապա դրանով ապացուցվում է, որ գինը ազդեցություն չի կրել:

3.11. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը ներմուծողին հնարավորություն է տալիս ապացուցելու, որ գործարքի արժեքը շատ մոտ է մաքսային վարչության նախկինում ընդունած «ստուգիչ» արժեքին, և հետևաբար ընդունելի է համաձայն օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթների: Եթե օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված ստուգման պահանջները բավարարվում են, ապա անհրաժեշտ չէ քննության առնել օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված ազդեցության հարցը: Եթե մաքսային վարչությունը արդեն բավականաչափ տեղեկություններ ունի՝ առանց հետագա մանրամասն հարցումների համոզված լինելու համար, որ օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված ստուգումներից որևէ մեկի պահանջները բավարարված են, ապա հարկ չկա, որ նա ներմուծողից պահանջի ապացուցել, որ ստուգման պահանջները կարող են բավարարվել: Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետում «չփոխկապակցված գնորդներ» հասկացությունը նշանակում է գնորդներ, որոնք գնորդի հետ փոխկապակցված չեն որևէ մասնավոր դեպքում:

Մի արժեքի՝ մեկ ուրիշ արժեքին «շատ մոտ լինել»-ը որոշելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ: Այդ գործոնները ներառում են ներմուծված ապրանքների բնույթը, բուն արտադրության ճյուղի բնույթը, այն տարեթիվը, երբ ապրանքները ներմուծվել են, և այն, թե արդյոք արժեքների տարբերությունն առևտրային առումով նշանակալի է: Քանի որ այդ գործոնները կարող են փոփոխվել դեպքից դեպք, անհնար կլինի յուրաքանչյուր դեպքի համար միատեսակ համօրինակ կիրառել, ինչպիսին է հատկորոշված տոկոսաչափը: Օրինակ՝ գործարքի արժեքի՝ օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետում շարադրված «ստուգիչ» արժեքին շատ մոտ լինելը որոշելիս, արժեքի փոքր տարբերությունը մի տեսակի ապրանքներին վերաբերող դեպքում կարող է անընդունելի լինել, երբ մեկ այլ տեսակի ապրանքներին վերաբերող դեպքում կարող է ընդունելի լինել մեծ տարբերությունը:

 

4. Օրենսգրքի 89-րդ հոդվածի մասին

 

4.1. Օրենսգրքի 89-րդ հոդվածը կիրառելիս մաքսային վարչությունը, երբ հնարավոր է, օգտագործում է նույն ապրանքների վաճառքը, որը կատարվել է գնահատվող ապրանքների համեմատ առևտրային նույն մակարդակում և էականորեն նույն քանակներով: Եթե պարզվում է, որ այդպիսի վաճառք չի եղել, ապա կարող է օգտագործվել նույն ապրանքների վաճառքը, որը կատարվել է հետևյալ երեք պայմաններից որևէ մեկով՝

ա) վաճառք՝ առևտրային նույն մակարդակում, բայց տարբեր քանակներով.

բ) վաճառք՝ առևտրային տարբեր մակարդակում, բայց էականորեն նույն քանակներով, կամ՝

գ) վաճառք՝ առևտրային տարբեր մակարդակում ու տարբեր քանակներով:

4.2. Այս երեք պայմաններից որևէ մեկով կատարված վաճառքի առկայությունը պարզելուց հետո տվյալ դեպքից կախված ճշգրտումներ կկատարվեն՝

ա) միայն քանակական գործոնների համար.

բ) միայն առևտրային մակարդակի գործոնների համար, կամ՝

գ) և առևտրային մակարդակի, և քանակական գործոնների համար:

4.3. «և(կամ)» արտահայտությունը թույլ է տալիս վերը նկարագրված երեք պայմաններից ցանկացածի դեպքում ճկունորեն օգտագործել վաճառքները և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ:

4.4. Օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն՝ ներմուծված նույն ապրանքների գործարքի արժեքը նշանակում է օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ճշգրտված մաքսային արժեքը, որն արդեն ընդունվել է օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն:

4.5. Առևտրային տարբեր մակարդակների կամ տարբեր քանակների հետևանքով ճշգրտում կատարելու պայման է այն, որ այդ ճշգրտումը, անկախ այն բանից՝ այն հանգեցնում է արժեքի աճին, թե նվազմանը, կատարվի միայն ապացուցված փաստերի հիման վրա, որոնցով հստակորեն հաստատվում են ճշգրտման խելամտությունն ու ստույգությունը, օրինակ՝ տարբեր մակարդակներին կամ տարբեր քանակներին վերաբերող գներ պարունակող հավաստի գնացուցակների հիման վրա: Որպես դրա օրինակ՝ եթե գնահատվող ներմուծված ապրանքները կազմում են 10 միավորից բաղկացած առաքում, և ներմուծված միակ նույն ապրանքները, որոնց համար գործարքի արժեք գոյություն ունի, վաճառվել են 500 միավոր քանակով, և հայտնի է, որ գնորդը քանակային զեղչեր է շնորհում, ապա պահանջվող ճշգրտումը կարող է կատարվել՝ դիմելով վաճառողի գնացուցակին և օգտագործելով 10 միավորի վաճառքին համապատասխան գինը: Սրանով չի պահանջվում, որ վաճառքը պետք է կատարված լիներ 10 միավոր քանակով, քանի դեռ այլ քանակներով վաճառքների միջոցով հաստատվել է, որ գնացուցակը վստահության արժանի է: Սակայն այդպիսի անաչառ միջոցի բացակայության դեպքում մաքսային արժեքի որոշումը օրենսգրքի 89-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նպատակահարմար չէ:

 

5. Օրենսգրքի 90-րդ հոդվածի մասին

 

5.1. Օրենսգրքի 90-րդ հոդվածը կիրառելիս՝ մաքսային վարչությունը, երբ հնարավոր է, օգտագործում է համանման ապրանքների՝ գնահատվող ապրանքների համեմատ առևտրային նույն մակարդակում և էականորեն նույն քանակներով կատարված վաճառքը: Եթե պարզվում է, որ այդպիսի վաճառք չի եղել, ապա կարող է օգտագործվել համանման ապրանքների վաճառքը, որը կատարվել է հետևյալ երեք պայմաններից որևէ մեկով՝

ա) վաճառք՝ առևտրային նույն մակարդակում, բայց տարբեր քանակներով.

բ) վաճառք՝ առևտրային տարբեր մակարդակում, բայց էականորեն նույն քանակներով, կամ՝

գ) վաճառք՝ առևտրային տարբեր մակարդակում ու տարբեր քանակներով:

5.2. Այս երեք պայմաններից որևէ մեկով կատարված վաճառքի առկայությունը պարզելուց հետո տվյալ դեպքից կախված ճշգրտումներ կկատարվեն՝

ա) միայն քանակական գործոնների համար.

բ) միայն առևտրային մակարդակի գործոնների համար, կամ՝

գ) և' առևտրային մակարդակի, և' քանակական գործոնների համար:

5.3. «և(կամ)» արտահայտությունը թույլ է տալիս վերը նկարագրված երեք պայմաններից ցանկացածի դեպքում ճկունորեն օգտագործել վաճառքները և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ:

5.4. Օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ ներմուծված համանման ապրանքների գործարքի արժեքը նշանակում է օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ճշգրտված մաքսային արժեքը, որն արդեն ընդունվել է օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն:

5.5. Առևտրային տարբեր մակարդակների կամ տարբեր քանակների հետևանքով ճշգրտում կատարելու պայման է այն, որ այդ ճշգրտումը, անկախ այն բանից՝ այն հանգեցնում է արժեքի աճին, թե նվազմանը, կատարվի միայն ապացուցված փաստերի հիման վրա, որոնցով հստակորեն հաստատվում են ճշգրտման խելամտությունն ու ստույգությունը, օրինակ՝ տարբեր մակարդակներին կամ տարբեր քանակներին վերաբերող գներ պարունակող հավաստի գնացուցակների հիման վրա: Որպես դրա օրինակ՝ եթե գնահատվող ներմուծված ապրանքները կազմում են 10 միավորից բաղկացած առաքում, և ներմուծված միակ համանման ապրանքները, որոնց համար գործարքի արժեք գոյություն ունի, վաճառվել են 500 միավոր քանակով, և հայտնի է, որ գնորդը քանակային զեղչեր է շնորհում, ապա պահանջվող ճշգրտումը կարող է կատարվել՝ դիմելով վաճառողի գնացուցակին և օգտագործելով 10 միավորի վաճառքին համապատասխան գինը: Սրանով չի պահանջվում, որ վաճառքը պետք է կատարված լիներ 10 միավոր քանակով, քանի դեռ այլ քանակներով վաճառքների միջոցով հաստատվել է, որ գնացուցակը վստահության արժանի է: Սակայն այդպիսի անաչառ միջոցի բացակայության դեպքում մաքսային արժեքի որոշումը օրենսգրքի 90-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նպատակահարմար չէ:

 

6. Օրենսգրքի 91-րդ հոդվածի մասին

 

6.1. «Միավորի գինը, որով ... ապրանքները վաճառվում են ամենամեծ համախառն քանակությամբ» նշանակում է այն գինը, որով միավորների մեծագույն քանակությունը վաճառվում է այն անձանց հետ կատարվող վաճառքների ժամանակ, ովքեր փոխկապակցված չեն այն անձանց, ումից նրանք այդ ապրանքները գնում են ներմուծումից հետո այն առաջին առևտրային մակարդակում, որում այդ վաճառքները կատարվում են:

6.2. Որպես դրա օրինակ՝ ապրանքները վաճառվում են՝ մեծ քանակություններով գնումների համար միավորի նպաստավոր գներ շնորհող գնացուցակով՝

 


Վաճառքի
քանակը

Միավորի
գինը

Վաճառքների թիվը

Յուրաքանչյուր գնով
վաճառվածների
ընդհանուր քանակը


1-10
միավոր

100

10 վաճառք 5 միավորով

5 վաճառք 3 միավորով

65

       

11-25
միավոր

95

5 վաճառք 11 միավորով

55

       

25
միավորից
ավելի

90

1 վաճառք 30 միավորով

1 վաճառք 50 միավորով

80


 

Մի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 80 է, հետևաբար, միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում՝ 90 է:

6.3. Որպես դրա մեկ այլ օրինակ՝ տեղի է ունենում երկու վաճառք: Առաջին վաճառքի ժամանակ վաճառվում է 500 միավոր՝ յուրաքանչյուրը 95 տարադրամի միավոր գնով: Երկրորդ վաճառքի ժամանակ վաճառվում է 400 միավոր՝ յուրաքանչյուրը 90 տարադրամի միավոր գնով: Այս օրինակում որոշակի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 500 է, հետևաբար, միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում՝ 95 է:

6.4. Երրորդ օրինակ կլինի հետևյալ իրադրությունը, որտեղ տարբեր քանակներ վաճառվում են տարբեր գներով՝

 

ա) վաճառքներ
 

 

Վաճառքի քանակը

Միավորի գինը


40 միավոր

100

30 միավոր

90

15 միավոր

100

50 միավոր

95

25 միավոր

105

35 միավոր

90

5 միավոր

100

 

 

բ) ընդամենը
 

 

Վաճառված ընդհանուր քանակը

Միավորի գինը


65

90

50

95

60

100

25

105

 

Այս օրինակում որոշակի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 65 է, հետևաբար, միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում՝ 90 է:

6.5. Ներմուծման երկրում կատարված՝ 6.1-ին կետում նկարագրված ցանկացած վաճառք որևէ անձի, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գնով մատակարարում է օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետում հատկորոշված տարրերից որևէ մեկը, որպեսզի այն օգտագործվի ներմուծված ապրանքների՝ արտահանելու համար արտադրության ու վաճառքի կապակցությամբ, չպետք է հաշվի առնվի՝ օրենսգրքի 91-րդ հոդվածի նպատակներով միավորի գինը սահմանելիս:

6.6. Պետք է նշել, որ օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում հիշատակված «շահույթը և ընդհանուր ծախսերը» պետք է վերցվեն որպես ամբողջություն: Այդ հանման նպատակների համար թիվը պետք է որոշվի ներմուծողի կամ նրա անունից տրամադրած տեղեկությունների հիման վրա, եթե ներմուծողի թվերը անհամատեղելի չեն ներմուծման երկրում նույն դասի կամ տեսակի ներմուծված ապրանքների վաճառքում ստացվող թվերի հետ: Եթե ներմուծողի թվերն անհամատեղելի են այդ թվերի հետ, ապա շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը կարող է հիմնվել ներմուծողի կամ նրա անունից տրամադրած տեղեկություններից տարբեր այլ համապատասխան տեղեկությունների վրա:

6.7. «Ընդհանուր ծախսերի» մեջ ներառվում են տվյալ ապրանքների շուկայահանման ուղղակի և անուղղակի ծախքերը:

6.8. Ապրանքների վաճառքի համար վճարվող տեղական հարկերը, որոնց համար հանում չի կատարվել օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի դրույթների համաձայն, հանվում են օրենսգրքի 91-րդ հոդվածի երկրորդ կետի «ա» ենթակետի դրույթների համաձայն:

6.9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն՝ միջնորդավճարներն ու սովորաբար ստացվող շահույթը և ընդհանուր ծախսերը որոշելիս, այն հարցը, թե արդյոք որոշ ապրանքներ այլ ապրանքների համեմատ «նույն դասի կամ տեսակի» են, պետք է որոշվի դեպքից դեպք հիմունքով՝ ելնելով գործին առնչվող հանգամանքներից: Պետք է քննության առնվի ներմուծման երկրում՝ ներմուծված նույն դասի կամ տեսակի ապրանքների՝ գնահատվող ապրանքները ներառող այն ամենանեղ խմբի կամ շարքի վաճառքները, որոնց համար կարելի է անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել: Օրենսգրքի 91-րդ հոդվածի նպատակներով «նույն դասի կամ տեսակի ապրանքները» ներառում են նույն երկրից, որտեղից ներմուծվել են գնահատվող ապրանքները, ներմուծված ապրանքները, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված ապրանքները:

6.10. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3.1-ին կետի համաձայն ամենամոտակա օրն այն օրն է, երբ կատարվել է ներմուծված ապրանքների կամ ներմուծված նույն կամ համանման ապրանքների՝ միավորի գինը սահմանելու համար բավարար քանակով վաճառք:

6.11. Եթե օգտագործվում է օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում նշված եղանակը, ապա հետագա վերամշակմամբ ավելացված արժեքի համար կատարվող նվազեցումը հիմնվում է այդ աշխատանքի արժեքին վերաբերող անաչառ ու քանակավորելի տվյալների վրա: Հաշվարկների հիմքը կկազմեն ընդունված արտադրական բանաձևերը, բաղադրատոմսերը, կառուցման եղանակները և արտադրական այլ գործելակերպերը:

6.12. Ընդունվում է, որ օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում նշված նախատեսված գնահատման եղանակը սովորաբար կիրառելի չի լինում, երբ հետագա վերամշակման արդյունքում ներմուծված ապրանքները կորցնում են իրենց ինքնությունը: Այնուամենայնիվ, կարող են դեպքեր լինել, երբ վերամշակմամբ ավելացված արժեքը կարող է ճշգրիտ կերպով որոշվել առանց անհիմն բարդությունների՝ չնայած այն բանին, որ ներմուծված ապրանքների ինքնությունը կորսվել է: Մյուս կողմից՝ կարող են լինել դեպքեր, երբ ներմուծված ապրանքները պահպանում են իրենց ինքնությունը, սակայն ներմուծման երկրում վաճառվող ապրանքների այնպիսի փոքր տարր են կազմում, որ գնահատման այս եղանակի օգտագործումը չէր արդարացվի: Նկատի առնելով վերը նշվածը՝ այդ տեսակի յուրաքանչյուր իրադրություն պետք է դիտարկվի դեպքից դեպք հիմունքով:

 

7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի մասին

 

7.1. Որպես ընդհանուր կանոն համաձայնագրով մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկրում դյուրամատչելի տեղեկությունների հիման վրա: Սակայն հաշվարկային արժեքը որոշելու համար կարող է անհրաժեշտ լինել քննության առնել գնահատվող ապրանքների արտադրման ծախքերը և այլ տեղեկություններ, որոնք պետք է ձեռք բերվեն ներմուծման երկրից դուրս: Ավելին, դեպքերի մեծ մասում ապրանքներ արտադրողը ներմուծման երկրի իրավասու մարմինների իրավասության շրջանակներից դուրս կլինի: Հաշվարկային արժեքի եղանակի օգտագործումն ընդհանուր առմամբ սահմանափակված կլինի այն դեպքերով, երբ գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, և արտադրողը պատրաստ է ներմուծման երկրի իրավասու մարմիններին տրամադրել ծախքորոշման տվյալները և հնարավորություններ ստեղծել որևէ հետագա ստուգման համար, որը կարող է անհրաժեշտ լինել:

7.2. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում հիշատակված գինը կամ արժեքը պետք է որոշվի արտադրողի կողմից կամ նրա անունից տրամադրված՝ գնահատվող ապրանքների արտադրությանը վերաբերող տեղեկությունների հիման վրա: Այն պետք է հիմնված լինի արտադրողի առևտրային հաշիվների վրա, եթե այդ հաշիվները համապատասխանում են ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական ընդհանուր սկզբունքներին:

7.3. Գինը կամ արժեքը ներառում է օրենսգրքի 83-րդ հոդվածի «զ» ենթակետում հատկորոշված տարրերի արժեքը: Այն նաև ներառում է օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն համապատասխանորեն բաշխված հատկորոշված ցանկացած տարրի արժեքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատակարարել ու մատուցել է վաճառողը, որպեսզի օգտագործվի ներմուծված ապրանքների արտադրության ու վաճառքի կապակցությամբ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի 4-րդ պարբերության մեջ հատկորոշված այն տարրերի արժեքները, որոնք կատարվել են ներմուծման երկրում, ընդգրկվում են միայն այնքանով, որքանով որ այդ տարրերը հաշվեգրվում են արտադրողի վրա: Հասկանալի է, որ հաշվարկային արժեքը որոշելիս սույն կետում հիշատակված տարրերի գինը կամ արժեքը երկու անգամ չի հաշվվում:

7.4. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում հիշատակված շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը պետք է որոշվի արտադրողի կամ նրա անունից տրամադրած տեղեկությունների հիման վրա, եթե արտադրողի թվերը համապատասխան են այն թվերին, որոնք սովորաբար արտացոլվում են գնահատվող ապրանքների համեմատ նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ, որն արտահանման երկրում, ներմուծման երկիր արտահանելու նպատակով, իրականացնում են արտադրողները:

7.5. Այս առումով պետք է նշել, որ շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը պետք է վերցվի որպես ամբողջություն: Այստեղից հետևում է, որ եթե որևէ մասնավոր դեպքում արտադրողի շահույթի գումարը փոքր է, և արտադրողի ընդհանուր ծախսերը մեծ են, ապա արտադրողի շահույթը և ընդհանուր ծախսերը միասին վերցրած կարող են այնուամենայնիվ համապատասխանել այն գումարին, որը սովորաբար արտացոլվում է նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ: Այսպիսի դեպք կարող է պատահել, օրինակ, երբ արտադրանքն առաջին անգամ շուկայահանվեր ներմուծման երկրում, և արտադրողը համակերպվեր զրոյական կամ ցածր շահույթին՝ առաջին շուկայահանման բարձր ընդհանուր ծախսերը փոխհատուցելու համար: Եթե արտադրողը կարող է ցույց տալ, որ ներմուծված ապրանքների վաճառքից ստացվող ցածր շահույթը հետևանք է առևտրային առանձնահատուկ պայմանների, ապա արտադրողի փաստացի շահույթի թվերը պետք է հաշվի առնվեն, եթե արտադրողը դրանք հիմնավորելու համար առևտրային ծանրակշիռ պատճառներ ունի, և արտադրողի գնորոշման քաղաքականությունն արտացոլում է տվյալ արտադրության ճյուղի գնորոշման սովորական քաղաքականությունը: Այդպիսի իրադրություն կարող է պատահել, օրինակ, երբ արտադրողներն ստիպված են գները ժամանակավորապես իջեցնել պահանջարկի անկանխատեսելի անկման պատճառով, կամ երբ նրանք ապրանքներ են վաճառում՝ լրացնելու ներմուծման երկրում արտադրվող ապրանքների շարքը, և մրցունակությունը պահպանելու համար համակերպվում են ցածր շահույթին: Եթե շահույթի և ընդհանուր ծախսերի՝ արտադրողի սեփական թվերը չեն համապատասխանում այն թվերին, որոնք սովորաբար արտացոլվում են գնահատվող ապրանքների համեմատ նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ, որն արտահանման երկրում, ներմուծման երկիր արտահանելու նպատակով, իրականացնում են արտադրողները, ապա շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը կարող է հիմնված լինել գործին առնչվող տեղեկությունների վրա, որոնք այլ են, քան ապրանքներ արտադրողի կամ նրա անունից տրամադրածները:

7.6. Եթե հաշվարկային արժեքի որոշման նպատակով օգտագործվում են տեղեկություններ, որոնք այլ են, քան ապրանքներ արտադրողի կողմից կամ նրա անունից տրամադրվածները, ապա ներմուծման երկրի իրավասու մարմինները ներմուծողին, եթե վերջինս պահանջում է, տեղեկացնում են այդ տեղեկությունների աղբյուրի, օգտագործված տվյալների և այդ տվյալների վրա հիմնված հաշվարկների մասին՝ պահպանելով օրենսգրքի 95-րդ հոդվածի դրույթները:

7.7. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում հիշատակված ընդհանուր ծախսերը ծածկում են ապրանքների՝ արտահանելու համար արտադրության ու վաճառքի ուղղակի և անուղղակի ծախսերը, որոնք չեն ընդգրկվել օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի առաջին պարբերության համաձայն:

7.8. Այն հարցը, թե արդյոք որոշ ապրանքներ այլ ապրանքների համեմատ նույն դասի կամ տեսակի են, պետք է որոշվի դեպքից դեպք հիմունքով՝ ելնելով գործին առնչվող հանգամանքներից: Օրենսգրքի 92-րդ հոդվածի դրույթների համաձայն սովորական շահույթներն ու ընդհանուր ծախսերը որոշելիս պետք է քննության առնվի ներմուծման երկրում՝ ներմուծված նույն դասի կամ տեսակի ապրանքների՝ գնահատվող ապրանքները ներառող այն ամենանեղ խմբի կամ շարքի վաճառքները, որոնց համար կարելի է անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել: Օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն նույն դասի կամ տեսակի ապրանքները պետք է լինեն նույն երկրից, որտեղից գնահատվող ապրանքներն են:

 

8. Օրենսգրքի 93-րդ հոդվածի մասին

 

8.1. Օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն որոշված մաքսային արժեքները պետք է հնարավոր առավելագույն չափով հիմնված լինեն նախկինում որոշված մաքսային արժեքների վրա:

8.2. Օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն գործածվող՝ արժեքի գնահատման եղանակներ պետք է լինեն օրենսգրքի 87-92-րդ հոդվածներում ձևակերպված եղանակները, սակայն այդ եղանակների կիրառման խելամիտ ճկունությունը համապատասխան կլինի օրենսգրքի 93-րդ հոդվածի նպատակներին ու դրույթներին:

8.3. Խելամիտ ճկունության մի քանի օրինակներ են՝

ա) նույն ապրանքներ՝ այն պահանջը, որ նույն ապրանքները պետք է արտահանված լինեն նույն կամ գրեթե նույն ժամանակ, ինչ գնահատվող ապրանքները, կարող է ճկունորեն մեկնաբանվել. գնահատվող ապրանքների արտահանման երկրից տարբեր մեկ այլ երկրում արտադրված՝ ներմուծված նույն ապրանքները կարող են հիմք լինել մաքսային արժեքի գնահատման համար. կարելի է օգտագործել օրենսգրքի 91-րդ և 92-րդ հոդվածների դրույթների համաձայն արդեն որոշված՝ ներմուծված նույն ապրանքների մաքսային արժեքները.

բ) համանման ապրանքներ՝ այն պահանջը, որ համանման ապրանքները պետք է արտահանված լինեն նույն կամ գրեթե նույն ժամանակ, ինչ գնահատվող ապրանքները, կարող է ճկունորեն մեկնաբանվել. գնահատվող ապրանքների արտահանման երկրից տարբեր մեկ այլ երկրում արտադրված՝ ներմուծված համանման ապրանքները կարող են հիմք լինել մաքսային արժեքի գնահատման համար. կարելի է օգտագործել օրենսգրքի 91-րդ և 92-րդ հոդվածների դրույթների համաձայն արդեն որոշված՝ ներմուծված համանման ապրանքների մաքսային արժեքները.

գ) նվազեցման եղանակ՝ օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի այն պահանջը, որ ապրանքները պետք է վաճառված լինեն այն վիճակով, որով ներմուծվել են, կարող է ճկունորեն մեկնաբանվել. 90 օրվա պահանջը կարող է ճկունորեն կիրարկվել:

 

9. Օրենսգրքի 83-րդ հոդվածի մասին

 

Օրենսգրքի 83-րդ հոդվածի «գ» ենթակետ

9.1. «Գնման միջնորդավճար» հասկացությունը նշանակում է այն վարձը, որը ներմուծողը վճարում է ներմուծողի գործակալին՝ արտերկրում գնահատվող ապրանքների գնման ժամանակ ներմուծողին ներկայացնելու ծառայության դիմաց:

Օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի 2-րդ պարբերություն

9.2. Ներմուծված ապրանքների մեջ օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի 2-րդ պարբերության մեջ հատկորոշված տարրերի բաշխումն ընդգրկում է երկու գործոն՝ հենց իր՝ տարրի արժեքը և այն ճանապարհը, որով այդ արժեքը պետք է բաշխվի ներմուծված ապրանքների վրա: Այդ տարրերի բաշխումը պետք է կատարվի հանգամանքներին համապատասխան խելամիտ կերպով և համաձայն հաշվապահական ընդհանուր սկզբունքների:

9.3. Ինչ վերաբերում է տարրի արժեքին, եթե ներմուծողը տարրը ձեռք է բերում ներմուծողի հետ չփոխկապակցված վաճառողից տվյալ գնով, ապա տարրի արժեքն այդ գինն է: Եթե տարրը արտադրել է ներմուծողը կամ ներմուծողի հետ փոխկապակցված անձը, ապա դրա արժեքը կլինի դրա արտադրման ինքնարժեքը: Եթե ներմուծողը նախկինում օգտագործել է տարրը, անկախ այն բանից, այդ ներմուծողը ձեռք է բերել այն, թե արտադրել, ապա տարրի արժեքը գտնելու համար ձեռքբերման սկզբնական գինը կամ արտադրման սկզբնական ինքնարժեքը պետք է հետընթացորեն ճշգրտվի՝ արտացոլելով դրա օգտագործումը:

9.4. Երբ տարրի համար մաքսային արժեքն արդեն որոշված է, անհրաժեշտ է այդ արժեքը բաշխել ներմուծված ապրանքների վրա: Գոյություն ունեն տարբեր հնարավորություններ: Օրինակ՝ արժեքը կարող է բաշխվել առաջին առաքման վրա, եթե ներմուծողը ցանկանում է միանգամից վճարել ամբողջ արժեքին ընկնող տուրքը: Որպես մեկ այլ օրինակ՝ ներմուծողը կարող է պահանջել, որ արժեքը բաշխվի մինչև առաջին առաքման պահը արտադրված միավորների քանակի վրա: Որպես լրացուցիչ օրինակ՝ ներմուծողը կարող է պահանջել, որ արժեքը բաշխվի ակնկալվող ամբողջ արտադրության վրա, երբ այդ արտադրության համար գոյություն ունեն պայմանագրեր կամ կայուն պարտավորություններ: Օգտագործվող բաշխման եղանակը կախված կլինի ներմուծողի տրամադրած փաստաթղթերից:

9.5. Որպես վերոնշյալի օրինակ՝ ներմուծողը արտադրողին տրամադրում է կաղապար, որը պետք է օգտագործվի ներմուծվող ապրանքների արտադրության մեջ, և պայմանագիր է կնքում արտադրողի հետ՝ 10000 միավոր գնելու համար: 1000 միավորից բաղկացած առաջին առաքման ժամանման պահին արտադրողն արդեն արտադրել է 4000 միավոր: Ներմուծողը կարող է մաքսային վարչությունից պահանջել կաղապարի արժեքը բաշխել 1000 միավորի, 4000 միավորի կամ 10000 միավորի վրա:

Օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի 4-րդ պարբերություն

9.6. Օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» ենթակետի 4-րդ կետում հատկորոշված տարրերի համար ավելացումները պետք է հիմնված լինեն անաչառ ու քանակավորելի տվյալների վրա: Որպեսզի նվազագույնի հասցվեն ավելացվող արժեքները որոշելիս ներմուծողի և մաքսային վարչության վրա ընկնող բարդությունները, պետք է հնարավորության սահմաններում օգտագործել գնորդի առևտրային հաշվառման համակարգի հեշտությամբ հանրամատչելի տվյալները:

9.7. Գնորդի կողմից տրամադրված այն տարրերի համար, որոնք գնորդը գնել կամ վարձակալել է, ավելացումը կլինի գնման կամ վարձակալման արժեքը: Ավելացումներ չեն կատարվում այն տարրերի համար, որոնք հանրամատչելի են, բացի դրանց պատճենների ձեռքբերման արժեքից:

9.8. Դյուրինությունը, որով հնարավոր է հաշվարկել ավելացվող արժեքները, կախված կլինի առանձին ընկերության կառուցվածքից և կառավարման գործելակերպից, ինչպես նաև դրա հաշվապահական հաշվառման եղանակներից:

9.9. Օրինակ՝ հնարավոր է, որ ընկերությունը, որը տարատեսակ ապրանքներ է ներմուծում մի քանի երկրներից, ներմուծման երկրից դուրս գտնվող իր նախագծման կենտրոնի հաշիվները վարում է այնպիսի եղանակով, որ ճշգրտորեն ցույց տա տվյալ ապրանքին վերագրվող ծախքերը: Այդպիսի դեպքերում, ուղղակի ճշգրտումը կարող է պատշաճորեն կատարվել օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթների համաձայն:

9.10. Մեկ այլ դեպքում ընկերությունը կարող է ներմուծման երկրից դուրս գտնվող նախագծման կենտրոնի ծախքը հաշվառել որպես ընդհանուր վերադիր ծախս՝ առանց առանձին ապրանքների վրա բաշխելու: Այս դեպքում, ներմուծված ապրանքների համար համապատասխան ճշգրտում կարող է կատարվել օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ նախագծման կենտրոնի ընդհանուր ծախքերը բաշխելով նախագծման կենտրոնից օգտվող ամբողջ արտադրության վրա և այդ բաշխված ծախքն ավելացնելով ներմուծումներին՝ միավորի հիմունքով:

9.11. Վերոնշյալ հանգամանքների տարափոխությունները, իհարկե, կպահանջեն տարբեր գործոններ դիտարկել բաշխման պատշաճ եղանակը որոշելիս:

9.12. Այն դեպքերում, երբ խնդրո առարկա տարրի արտադրությունը ներառում է մի շարք երկրներ, ընդ որում, որոշակի ժամանակի ընթացքում, ճշգրտումը պետք է սահմանափակվի այդ տարրին՝ ներմուծման երկրից դուրս փաստացիորեն ավելացված արժեքով:

Օրենսգրքի 83-րդ հոդվածի «ե» ենթակետ

9.13. Օրենսգրքի 83-րդ հոդվածի «ե» ենթակետում հիշատակված եկամտամասերի և լիցենզիաների վճարները կարող են այլ բաների թվում ընդգրկել արտոնագրերի, ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի հետ կապված վճարները: Այնուամենայնիվ, մաքսային արժեքը որոշելիս ներմուծման երկրում ներմուծված ապրանքների վերարտադրման իրավունքի համար վճարները չեն ավելացվում ներմուծված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

9.14. Ներմուծված ապրանքները բաշխելու կամ վերավաճառելու իրավունքի համար գնորդի կատարած վճարումները չեն ավելացվում ներմուծված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, եթե այդ վճարումները վաճառքի պայման չեն ներմուծված ապրանքները ներմուծման երկիր արտահանելու համար:

9.15. Եթե գոյություն չունեն անաչառ ու քանակավորելի տվյալներ օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներով պահանջվող ավելացումների վերաբերյալ, ապա գործարքի արժեքը չի կարող որոշվել օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթների համաձայն: Որպես դրա ցուցադրական օրինակ՝ եկամտամասը վճարվում է ներմուծման երկրում առանձին արտադրանքի մեկ լիտրի վաճառքի գնի հիման վրա, որը ներմուծվել է կիլոգրամով և ներմուծումից հետո վերածվել է լուծույթի: Եթե եկամտամասը մասամբ հիմնված է ներմուծված ապրանքների վրա, իսկ մասամբ էլ՝ այլ գործոնների վրա, որոնք ոչ մի առնչություն չունեն ներմուծված ապրանքների հետ (ինչպես, երբ ներմուծված ապրանքները խառնվում են տեղական բաղադրամասերի հետ և այլևս առանձին ճանաչելի չեն, կամ երբ եկամտամասը հնարավոր չէ առանձնացնել գնորդի և վաճառողի միջև եղած հատուկ ֆինանսական համաձայնություններից), ապա աննպատակահարմար կլինի փորձել եկամտամասի համար ավելացում կատարել: Այնուամենայնիվ, եթե այդ եկամտամասի չափը հիմնված է միայն ներմուծված ապրանքների վրա և կարող է հեշտությամբ քանակավորվել, ապա կարող է ավելացում կատարվել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

 

10. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ կետ

 

Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ներմուծման ժամանակը կարող է ընդգրկել մաքսային նպատակներով մուտքի ժամանակը:

 

11. Օրենսգրքի 96-րդ հոդվածի վերաբերյալ

 

11.1. Օրենսգրքի 96-րդ հոդվածով ներմուծողին իրավունք է տրվում բողոքարկելու մաքսային վարչության որոշումը գնահատվող ապրանքների մաքսային արժեքի մասին: Բողոքը նախ կարող է ներկայացվել մաքսային վարչության վերադաս մարմին, սակայն ներմուծողն իրավունք ունի վերջին հերթին բողոքարկելու դատարան:

11.2. «Առանց տույժի» նշանակում է, որ ներմուծողը չի ենթարկվում տուգանքի կամ տուգանվելու վտանգի սոսկ այն պատճառով, որ ներմուծողը նախընտրել է կիրարկել բողոքարկման իրավունքը: Սովորական դատական ծախսերի և իրավաբանների վարձերի վճարումը որպես տուգանք չի դիտարկվում:

11.3. Այնուամենայնիվ, օրենսգրքի 96-րդ հոդվածը ոչնչով չի արգելում, որ պահանջվի գնահատված մաքսային տուրքերն ամբողջությամբ վճարել նախքան բողոքարկումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.01.2016, N 33-Ն 04.02.2016, N 2170-Ն
23.06.2011, N 853-Ն 07.07.2011, N 2170-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան