Գլխավոր տեղեկություն
Համար
N 04
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.09.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2023
Ստորագրման ամսաթիվ
12.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբեր 2023 թ.

ք. Երևան

 N 04

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն գրությամբ դիմել է «Ագրոհարվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա․ Մելքոնյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) որոշ կարգավորումների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների հետևանքով առաջացած իրավահարաբերություններում ծագած հարցերի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Որոշման հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ա․ պարբերության դրույթը՝ վարկի տրամադրման և մայր գումարի արտոնյալ ժամկետների վերաբերյալ, մասնավորապես՝ «Արդյո՞ք թույլատրելի է նախատեսել վարկի մարման ընդհանուր ժամկետը մինչև 7 տարի՝ պահպանելով մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 5 տարի։ Միաժամանակ թույլատրելի է արդյո՞ք վերոնշյալ դեպքում այգեհիմնման վարկի մարման ընդհանուր մինչև 7 տարի ժամկետը այգեհիմնման հետագա տարիներին նույն այգու մասով երկարաձգել ևս 1 տարի ժամկետով, որի պարագայում վարկի մարման ընդհանուր ժամկետը կդառնա մինչև 8 տարի»: 

Դիմումատուն ներկայացնում է, որ ֆինանսական կառույցը առաջարկել է վարկի մարման ընդհանուր ժամկետ սահմանել ոչ թե 8 տարի, այլ 7 տարի՝ պահպանելով մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Միաժամանակ ֆինանսական կառույցը դիտարկում է տարբերակ, որ Որոշման հավելվածի շրջանակում այգեհիմնման 2-ից 7-րդ տարվա ընթացքում կարող է վարկի մարման ժամկետը երկարաձգվել ևս 1 տարով, որի պարագայում մարման ընդհանուր ժամկետը կդառնա 8 տարի։

Վերոնշյալ տարբերակները ընդունելի են ընկերության կողմից, սակայն վերջինս տարընկալումներից խուսափելու համար ցանկանում է ստանալ նախարարության պաշտոնական պարզաբանումը։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) 5-րդ կետի ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ընթացակարգը նախատեսված է 23-րդ կետում։ Մասնավորապես, ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ա․ պարբերությունով հստակ սահմանված է այգեհիմնման համար տրամադրվող վարկի մարման ժամկետը 8 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։

Միաժամանակ, ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ե․ պարբերությամբ սահմանված է, որ շահառուի համաձայնությամբ կարող է սահմանվել արտոնյալ ժամկետի առավել կարճ ժամանակահատված, իսկ արդեն սահմանված ժամանակահատվածը կարող է կրճատվել կամ դադարեցվել՝ ֆինանսական կառույցի ընթացակարգին համապատասխան։ Բացի այդ, ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի զ․ պարբերության համաձայն, եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին։

Ծրագրի 23-րդ կետի 14-րդ ենթակետի համաձայն վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 23-րդ կետի 13-րդ ենթակետի ա․ պարբերության դրույթը սահմանվել է այն պատճառաբանությամբ, որ խուսափենք ֆինանսական կառույցների կամայականություններից, ինչպես նաև ծրագրին մասնակից տնտեսավարողը կարողանա այգուց ստացված եկամտի հաշվին մարել վարկային պարտավորությունները։ Միաժամանակ, տնտեսավարողների շահերից ելնելով ծրագրում սահմանվել են 23-րդ կետի 13-րդ ենթակետի ե․ պարբերության և 23-րդ կետի 14-րդ ենթակետի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է տնտեսավարողների եկամուտները հնարավորություն ընձեռեն սահմանված ժամկետից ավելի շուտ մարել վարկային պարտավորությունները։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ծրագրով սահմանված այգեհիմնման վարկի ժամկետը 8 տարի է, իսկ մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Շահառուի համաձայնությամբ կարող է սահմանվել արտոնյալ ժամկետի առավել կարճ ժամանակահատված, իսկ արդեն սահմանված ժամանակահատվածը կարող է կրճատվել կամ դադարեցվել՝ ֆինանսական կառույցի ընթացակարգին համապատասխան։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2023 թվական: