Գլխավոր տեղեկություն
Համար
N 2048-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2003-18.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.76
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2048-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոնների 3-րդ և 4-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ու «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն կարգով:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան զենքի արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն (այսուհետ` լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու), ինչպես նաև լիցենզիա ստացած իրավաբանական անձանց ներկայացվող պայմանները և պահանջները:

Լիցենզիա տրվում է լիցենզավորող մարմնի կողմից առևտրային, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կամ ոչ առևտրային կազմակերպություններին, եթե գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է նրանց կանոնադրությամբ:

3. Լիցենզավորման ենթակա զենքի արտադրությունը ներառում է զենքի հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում:

 

II. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` երեք տարի ժամկետով, եթե «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:

5. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Լիցենզիայում նշվում են`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը,

բ) լիցենզիայի համարը,

գ) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) «Զենքի արտադրության լիցենզիա» բառերը,

ե) արտադրվող զենքի տեսակը,

զ) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը,

է) լիցենզիայի գործողության ժամկետը,

ը) լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը,

թ) լիցենզավորող մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

7. Ելնելով զենքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենք արտադրողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

ա) ունենալ արտադրվող զենքի փորձաքննության արդյունքները.

բ) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ:

Համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով արտադրվող զենքի (ռազմամթերքի, փամփուշտների) արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից ու պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից:

Համապատասխան պահարանները, զինասենյակները, խոտանի մեկուսարանները և պահեստային շինությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանված կարգի պահանջներին.

գ) զենքի և դրա բաղկացուցիչ մասերի արտադրամասերի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ.

դ) զենքի պատրաստման կամ վերանորոգման հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.

ե) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.

զ) զենքի պատրաստում կամ վերանորոգում իրականացնող իրավաբանական անձանց կողմից վարձակալությամբ տրված տարածքները, շենքերն ու շինությունները պետք է լինեն ցանկապատված կամ առանձնացված.

է) մարտական զենքի պատրաստումը կազմակերպելու համար պետք է լինի ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն զենք առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը:

8. Հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`

ա) հայտ, որտեղ նշում են`

իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել.

բ) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

գ) համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված զենքի տեսակի և որակի մասին փորձաքննության եզրակացությունը (զենքի հետազոտության և մշակման դեպքում` միայն զենքի տեսակի մասին):

Մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար զենքի որակի մասին եզրակացություն տալու ժամանակ փորձաքննություն անցկացնող անձը պարտավոր է իր աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասնագետներին, իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենքի համար` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագետներին.

դ) Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների եզրակացությունները`

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված` արտադրական հզորությունների, ինչպես նաև համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների, պահեստային շինությունների և մետաղահսկիչ սարքավորումների անհրաժեշտության ու թվի մասին,

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրված` համապատասխան պահարանները, զինասենյակները, խոտանի մեկուսարաններն ու պահեստային շինությունները, մետաղահսկիչ սարքավորումները, ազդանշանային համակարգերը, ինչպես նաև վարձակալության տրված տարածքները, շենքերն ու շինությունները ցանկապատման կամ առանձնացման ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից տվյալներ հայտատուի կողմից վարձակալությամբ տրված տարածքների, շենքերի և շինությունների մասին.

ե) ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն զենք և ռազմամթերք առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը (մարտական զենքի արտադրության դեպքում).

զ) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարում հաստատող փաստաթուղթը:

 

III. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինները պարտավոր են իրավաբանական անձանց կողմից եզրակացություն տալու մասին դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել ստուգում և տալ գրավոր եզրակացություն: Նշված ժամկետում եզրակացություն չստանալու դեպքում իրավաբանական անձը իրավունք ունի զենքի արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտ ներկայացնել լիցենզավորող մարմին` կցելով համապատասխան պետական մարմին ուղարկված դիմումի պատճենը: Անհրաժեշտության դեպքում լիցենզավորող մարմինը կարող է կատարել հարցում պետական մարմինների կողմից տրված եզրակացությունները պարզաբանելու կամ դրանք տալու մասին:

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ չունենալու դեպքում, լիցենզավորող մարմինը պարտավոր է տալ լիցենզիա: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

11. Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում լիցենզավորող մարմինը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում մերժում է հայտը և հայտատուին գրավոր տեղեկացնում մերժման պատճառների ու իրավական հիմքերի մասին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կարգի պահանջներին.

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի արտադրությամբ.

դ) զենքի արտադրության լիակատար անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության և զենքի պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները.

ե) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

13. Զենքի արտադրություն իրականացնող կազմակերպությունը վերակազմավորման, իր անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքերում պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում, լիցենզավորող մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

14. Լիցենզավորող մարմինը կամ նրա կողմից լիազորված անձը (պետական մարմինը) վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ նշվում են`

ա) զենքի արտադրություն իրականացնող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.

բ) զենքի արտադրություն իրականացնող կազմակերպության պետական գրանցման վկայականի համարը.

գ) լիցենզիայի համարը,

դ) լիցենզիան ստանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը.

ե) զենքի այն տեսակը, որի համար տրվել է լիցենզիա.

զ) լիցենզիայի գործողության ժամկետը.

է) լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումները.

ը) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, դրա գործողության կասեցման կամ դադարեցման, ինչպես նաև պետական տուրքի վճարման մասին:

Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են և կնքվում լիցենզավորող մարմնի կամ նրա կողմից լիազորված անձի (պետական մարմնի) կողմից:

15. Լիցենզավորող մարմինը կամ նրա կողմից լիազորված անձը (պետական մարմինը) կազմում և վարում է զենքի արտադրություն իրականացնող յուրաքանչյուր իրավաբանական անձի անհատական գործը, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում:

16. Լիցենզիայի գործողությունը կասեցվում, դադարեցվում է, և դրա ժամկետը երկարաձգվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

17. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն զենքի արտադրության նկատմամբ պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան պետական մարմինները` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

__ _____ 200 թ.

ՀԿԿ N 0000 որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

Սերիա ԶԱ N 000

 

_________________________________________
(կազմակերպության անվանումը)

_________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը)

 

Արտադրվող զենքի տեսակը

_________________________________________
(քաղաքացիական, ծառայողական, մարտական, ռազմամթերք, փամփուշտ)

 

Գործողության ժամկետը ___________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

__________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան