Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2022
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
12.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:

Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կիրառման ժամանակ առաջանում են տարընկալումներ՝ կապված կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարների պահուստում ներառված ապրանքների կուտակման պարտավորության ժամկետների հետ: Մասնավորապես, Օրենքի՝

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ռազմավարական պաշարների պահուստը ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ է,

2) 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռազմավարական պաշարների պահուստի յուրաքանչյուր անվանման կուտակման ծավալները սահմանվում են այդ ապրանքները ներմուծող բոլոր կազմակերպությունների համար` նախորդ տարում այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալի 10 տոկոսի չափով, և յուրաքանչյուր տարի վերահաշվարկվում են մինչև ապրիլի 10-ը` մաքսային վերադաս մարմնից մինչև մարտի 15-ը լիազոր մարմնին տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից հստակ բխում է, որ ռազմավարական պաշարների պահուստի կուտակման պարտավորությունը կազմակերպությունների մոտ ծագում է միայն նախորդ տարվա ընթացքում համապատասխան ապրանքատեսակի համապատասխան ծավալներով ներմուծման պարագայում: Հստակ է նաև այն հանգամանքը, որ լիազոր մարմնի կողմից վերահաշվարկ կարող է իրականացվել միայն ռազմավարական պաշարների պահուստի կուտակման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ մաքսային վերադաս մարմնից տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա: Այսինքն, եթե կազմակերպությունը նախորդ տարում համապատասխան ապրանքատեսակ չի ներմուծել կամ ներմուծման ծավալները չեն գերազանցել օրենքով սահմանված շեմը, ապա կազմակերպության մոտ չի կարող ծագել ռազմավարական պաշարների պահուստի կուտակման պարտավորություն, և, բնականաբար, չի կարող իրականացվել վերահաշվարկ:

Ելնելով Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներից, կարելի է եզրահանգել, որ 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ռազմավարական պաշարների պահուստի սահմանման մեջ ամրագրված «մշտապես պահպանվող» եզրույթը վերաբերում է միայն ռազմավարական պաշարների պահուստի կուտակման պարտավորություն ունեցող կազմակերպություններին՝ պարտավորությունը գործելու ժամանակահատվածում:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1․ Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքներ ներմուծող, և, օրենքով սահմանված կարգով, այդ ապրանքների կուտակման պարտավորություն ստանձնած կազմակերպությունների համար ռազմավարական պաշարների պահուստի կուտակման պարտավորությունը ծագում է ներկրման տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

2․ Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքներ ներմուծող, և, օրենքով սահմանված կարգով, այդ ապրանքների կուտակման պարտավորություն ստանձնած կազմակերպությունների համար ռազմավարական պաշարների պահուստի կուտակման պարտավորությունը դադարում է պարտավորության ստանձնման տարվան հաջորդող տարում՝ օրենքով սահմանված ժամկետում մաքսային վերադաս մարմնից լիազոր մարմնին տրամադրված յուրաքանչյուր կազմակերպության նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա իրականացվող վերահաշվարկի համար սահմանված օրվա հաջորդ օրվանից:

 

Պարտականությունները

ժամանակավոր կատարող

Ա. Գրիգորյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական: