«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1913-Ն
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Ստեղծել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչություններ՝ համաձայն N 2 հավելվածի։
4. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների հարուցիչների և մոլախոտերի ներթափանցման կանխարգելումը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումն ու վերացումը։
5. Թույլատրել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) բույսերի, բուսական արտադրանքի կարանտինային փորձաքննություն,
բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում,
գ) բույսերի կարանտին հիվանդությունների և վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների իրականացում:
6. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչությանը:
7. Սահմանել, որ՝
ա) «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
բ) «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պահպանման ծախսերի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 1913-Ն որոշմամբ՝ «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման միջոցով:
3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կլոր կնիք ու դրոշմակնիք:
Կազմակերպությունն ունի իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
8. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ՝ «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ՝ Государственная некоммерческая организация "Карантинная служба растений",
ռուսերեն կրճատ՝ ГНО "Карантинная служба растений",
անգլերեն լրիվ՝ State Non Commercial Organization "Plant Guarontine Service",
անգլերեն կրճատ՝ SNO "Plant Guarontine Service”։
9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց 2:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների հարուցիչների և մոլախոտերի ներթափանցման կանխարգելումը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումն ու վերացումը։
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
11. Կազմակերպությունը՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում (դաշտերում, այգիներում, անտառային և պահուստային ֆոնդի հողահանդակներում, բույսերի, բուսական արտադրանքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության, պահպանման և իրացման վայրերում և այլն (անկախ սեփականության ձևից) իրականացնում է հետազոտություններ՝ բույսերի կարանտին օրգանիզմների հայտնաբերման, դրանց տարածման արեալի ճշտման, օջախների մեկուսացման և կարանտին միջոցառումների իրականացման նպատակով.
բ) միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման համար.
գ) միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների՝ բուսասանիտարական նորմերին համապատասխանության ապահովման համար.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքում կատարում է վնասակար օրգանիզմների վտանգի վերլուծություն.
ե) վնասակար օրգանիզմների վտանգի վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություն է ներկայացնում լիազորված պետական մարմին.
զ) համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ՝ կարանտին գոտում իրականացնում է բուսասանիտարական միջոցառումներ՝ կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման, կարգավորվող առարկաների վարակազերծման նպատակով.
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
12. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են՝
ա) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների փորձաքննությունը.
բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծումն ու ախտահանումը (ֆումիգացիա).
գ) բույսերի կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝
ա) հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
բ) լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչությունը,
գ) գործադիր մարմինը (տնօրենը)։
14. Հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝
ա) կազմակերպության ստեղծումը և նրա կանոնադրության հաստատումը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
15. Լիազորված պետական մարմինը՝
ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.
ե) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի (այսուհետ՝ տնօրեն)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.
է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ը) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
16. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
17. Տնօրենն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
18. Լիազորված պետական մարմնի ղեկավարը տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ հիմնադրի անունից կնքում է պայմանագրեր:
19. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
20. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
21. Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
22. Տնօրենը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։
23. Տնօրենի բացակայության դեպքում՝ նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
24. Տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում պայմանագրեր.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ե) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
զ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
է) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
25. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
26. Կազմակերպությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
27. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
28. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
29. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:
VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
30. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:
31. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և անհատույց օգտագործման հանձնելու:
32. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից վարձակալության հանձնելու:
Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
33. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
34. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
35. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
36. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
37. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում,
բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում՝ պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման միջոցով,
գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերում,
դ) կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում, նշված դասընթացներին աշխատողների մասնակցության ապահովում,
ե) հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններով:
X. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
38. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
39. Կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը:
XI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
40. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
41. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
42. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:
43. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
44. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Երևանի կարանտին լաբորատորիա» ներկայացուցչություն
«Երևանի ֆումիգացիոն ջոկատ» ներկայացուցչություն
Արագածոտնի մարզային ներկայացուցչություն
Արմավիրի մարզային ներկայացուցչություն
Արարատի մարզային ներկայացուցչություն
Արցախի մարզային ներկայացուցչություն
Գեղարքունիքի մարզային ներկայացուցչություն
Սյունիքի մարզային ներկայացուցչություն
Մեղրու սահմանային ներկայացուցչություն
Շիրակի մարզային ներկայացուցչություն
Գյումրու սահմանային ներկայացուցչություն
Բավրայի սահմանային ներկայացուցչություն
Կոտայքի մարզային ներկայացուցչություն
Լոռու մարզային ներկայացուցչություն
Այրումի սահմանային ներկայացուցչություն
Գոգարանի, Ջիլիզայի, Ստեփանավանի օդանավակայանի և Պրիվոլնոյեի սահմանային ներկայացուցչություն
Տավուշի մարզային ներկայացուցչություն
Բագրատաշենի սահմանային ներկայացուցչություն
Վայոց ձորի մարզային ներկայացուցչություն
Երևանի մարզային ներկայացուցչություն
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային ներկայացուցչություն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2010, N 1732-Ն | 20.01.2011, N 1913-Ն | |
10.09.2009, N 1033-Ն | 03.10.2009, N 1913-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|