Գլխավոր տեղեկություն
Համար
N 01
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.03.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

03 մարտ 2023 թ.

ք. Երևան

 N 01

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 20.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 5.1-ԻՆ ԵՎ 11.1-ԻՆ ԿԵՏԵՐԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել Ֆինանսների նախարարին ուղղված «ՏԴ․ ԼՈՒԳԱՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Կիրակոսյանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արման Դավթյանի և փաստաբան Կարո Միքայելյանի դիմումները՝ «Պետական տուրքի մասին» Օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին և 11.1-ին կետերի 2-րդ և 3-րդ պարբերությունների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների հետևանքով առաջացած իրավահարաբերություններում ծագած հարցերի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ։

Դիմումատուները խնդրում են պաշտոնապես պարզաբանել՝

1. Օրենքի 20.1-րդ հոդվածի 11.1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների վերաբերյալ․ արդյոք սույն կարգավորումները նախատեսում են 220820890 ծածկագրին չդասվող 100 հազար լիտրից ավելի չափով ներմուծված արտադրանքի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված արտադրանքի (այդ թվում նաև՝ վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող) համար պետական տուրքերի վճարման հրամայական միայն՝ վերջիններիս ներմուծման ժամանակ, թե նաև ներմուծումից հետո այդ արտադրանքների հետագա շրջանառության և ցանկացած ձևով տնօրինման գործարքի/դեպքի ժամանակ։

2. Օրենքի 20.1-րդ հոդվածի 5.1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների վերաբերյալ․ արդյոք սույն կարգավորումները նախատեսում են 220820890 ծածկագրին չդասվող և դասվող 100 հազար լիտրից ավելի չափով արտադրանքի իրացման համար պետական տուրքերի վճարման հրամայական արտադրման թույլտվություն ունեցող սուբյեկտի համար այն պարագայում, երբ վերջինիս կողմից իրացվող արտադրանքը հանդիսանում է ներմուծված արտադրանք կամ ՀՀ տարածքում այլ արտադրողից ձեռք բերված արտադրանք։

3. Oրենքի 20․1-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-ին կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների վերաբերյալ, դրանք են՝ 2-րդ պարբերություն՝ «Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված արտադրանքի (բացառությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:», 3-րդ պարբերություն՝ «Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:»։ Մասնավորապես՝ տվյալ պարբերություններում օգտագործվող «իրացված» բառը պետք է հասկանալ, որ ավարտված գործողության մասին է խոսքը, թե ոչ։ Այսինքն, եթե ընկերությունը մտադիր է արտադրել և իրացնել 100 հազար լիտրից ավել արտադրանք, ապա նա այդ ավել արտադրանքի համար պետական տուրքի գումարը վճարում է արտադրանքն իրացնելուց հետո, թե նախքան իրացնելը։

Դիմումատուները ներկայացնում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Օրենքի 42-րդ հոդվածի դրույթները և նշում, որ իրավական ակտի դրույթների տարաբնույթ ընկալման դեպքում իրավաբանական և ֆիզիկական անձանց իրենց դիմումի հիման վրա կարող են տրվել պաշտոնական պարզաբանումներ։

Դիմումատուները մեջբերում են նաև Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» N 1159-Ն որոշումը։

Դիմումատուների կարծիքով՝

1. Օրենքով որևէ ներմուծող տնտեսավարող սուբյեկտի համար նախատեսված չէ լրացուցիչ պետական տուրքի վճարման պահանջ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կամ չդասվող արտադրանքների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) հետագա տնօրինման և շրջանառության համար: Օրենքով, որպես պետական տուրքի գանձման օբյեկտ է հանդիսանում արտադրողի կողմից իրացված սեփական արտադրանքը, որպեսզին չի կարող դիտարկվել արտադրողի կողմից ներմուծված և հետագայում իրացվող արտադրանքը:

2. Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 11.1-ին կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման պահանջը վերաբերվում է ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կամ չդասվող արտադրանքների յուրաքանչյուր լիտրին (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով)։ Այն դեպքերում, երբ ներմուծման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտն ունի նաև արտադրման գործունեությամբ զբաղվելու իրավունք, ապա միևնույնն է ներմուծված արտադրանքի 100 հազար լիտրից ավելի չափով վաճառքի դեպքում վերջինիս համար չի կարող առաջանալ պետական տուրքի վճարման պարտավորություն, քանի որ այդ հարաբերություններում արտադրողը հանդես չի գալիս որպես արտադրող, այլ հանդես է գալիս որպես ներմուծող։ Հակառակ մեկնաբանման պարագայում ներմուծման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք չունեն արտադրման գործունեությամբ զբաղվելու իրավունք հայտնվում են անհամեմատ նպաստավոր պայմաններում։

3. Օրենքի 20․1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5․1-ին կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված «իրացված» բառերի «ած» և «ացված» դերբայները, ըստ հայոց լեզվի քերականական կանոնների ցույց են տալիս ավարտված գործողություններ, հետևաբար սահմանված տարեկան պետական տուրքի վճարումը պետք է իրականացվի արտադրանքն իրացնելուց հետո։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 8.1-ին և 8.2-րդ տողերի համաձայն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծումը» և «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծելուց հետո այլ խմբաքանակների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծումը» ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են, որոնցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տնտեսավարող սուբյեկտը վճարում է «Պետական տուրքի մասին» Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 11.1-ին կետի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ պարբերություններով սահմանված չափով տարեկան պետական տուրքեր։

2. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1-ին և 1.2-րդ տողերի համաձայն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացումը» և «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացնելուց հետո այլ խմբաքանակների իրացումը» ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են, որոնցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տնտեսավարող սուբյեկտը վճարում է «Պետական տուրքի մասին» Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ պարբերություններով սահմանված չափով տարեկան պետական տուրքեր։

3. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-358-Ն օրենքի 2-րդ և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-359-Ն օրենքի 3-րդ հոդվածների 3-րդ մասերի համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կամ 8.2-րդ կետերով սահմանված գործունեության տեսակների իրականացման ծանուցումը պետք է ներկայացվի մինչև լրացուցիչ խմբաքանակների իրացումը կամ ներմուծումը՝ վճարելով Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կամ 11.1-ին կետերով սահմանված լրացուցիչ պետական տուրք, ընդ որում 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը պետք է կատարվի այն իրավունքի գործողության ժամկետում, որի համար վճարվել է հիմնական պետական տուրքը։

4. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արգելվում է առանց ծանուցման զբաղվել նույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն անձը պարտավոր է վճարել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

1. Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին և 11.1-ին կետերի 2-րդ և 3-րդ պարբերությունների կիրարկման պարզաբանումը բխում է ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքների արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններից, հաշվի առնելով, որ չշշալցված կոնյակի և կոնյակի սպիրտի տարախառնման, կաղնեփայտի հետ շփման պայմաններում պահպանման և հարստացման գործընթացները համարվում են արտադրության փուլեր և դրանց կիրառման դեպքում ստացվում է նոր արտադրանք։

2. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը ձեռք է բերել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 8.1-ին և 8.2-րդ տողերում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքներ և ներմուծված արտադրանքի խմբաքանակն իրացրել է առանց սույն մասի 1-ին կետում նշված տեխնոլոգիական միջամտությունների, ապա այդ գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ չի համարվում և պետական տուրքի վճարման անհրաժեշտություն չի առաջանում։

3. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը ձեռք է բերել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 8.1-ին և 8.2-րդ տողերում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք և ներմուծված արտադրանքի խմբաքանակի նկատմամբ կիրառել է նշված տեխնոլոգիական միջամտություններից որևէ մեկը, ապա տվյալ գործունեությունը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1-ին, 1.2-րդ կամ 1.3-րդ տողերի համաձայն համարվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, որոնցով զբաղվելու իրավունքներ ձեռք բերելու համար տնտեսավարող սուբյեկտը պետք է վճարի «Պետական տուրքի մասին» Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կամ 5.2-րդ կետերով սահմանված չափով տարեկան պետական տուրք։

4. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը զբաղվում է ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության այլ արտադրողից ձեռք բերված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող 100 հազար լիտրից (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի չափով արտադրանքների իրացման գործունեությամբ և ձեռք բերված՝

1) արտադրանքի խմբաքանակը իրացնում է առանց սույն մասի 1-ին կետում նշված տեխնոլոգիական միջամտության, ապա այդ արտադրանքի իրացումը ծանուցման ենթակա գործունեության տեսակ չի համարվում և պետական տուրքի վճարման անհրաժեշտություն չի առաջանում,

2) արտադրանքի խմբաքանակի նկատմամբ կիրառել է սույն մասի 1-ին կետում նշված տեխնոլոգիական միջամտություններից որևէ մեկը, ապա տվյալ գործունեությունը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1-ին, 1.2-րդ կամ 1.3-րդ տողերի համաձայն համարվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակ, որով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տնտեսավարող սուբյեկտը պետք է վճարի «Պետական տուրքի մասին» Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կամ 5.2-րդ կետերով սահմանված չափով տարեկան պետական տուրք։

5. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը զբաղվում է խաղողի հումքից կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ և իրացմամբ և ունի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1-ին տողում նշված գործունեության տեսակով զբաղվելու իրավունք ու ձեռք է բերում ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կոնյակ կամ կոնյակի սպիրտ և դրանց նկատմամբ կիրառում է սույն մասի 1-ին կետում նշված տեխնոլոգիական միջամտություններից որևէ մեկը, ապա իրացման ծավալում պետք է ներառվի նաև ձեռք բերված արտադրանքի ծավալներն ու դրանց իրացման 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լրանալուց հետո առաջանում է լրացուցիչ խմբաքանակների իրացման գործունեության ծանուցման և լրացուցիչ պետական տուրքի վճարման պահանջ։

6. Օրենքի 20․1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5․1-ին կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում «իրացված» բառի նշումը դիտարկվում է նույն կետի 1-ին պարբերության՝ արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համատեքստում։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 8.1-ին և 8.2-րդ տողերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով տնտեսավարող սուբյեկտները կարող են զբաղվել միայն տվյալ գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքները ձեռք բերելուց (համապատասխան գործունեությամբ զբաղվելու ծանուցումը և դրանով զբաղվելու իրավունք ստանալու համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարման անդորրագիրը լիազոր մարմին ներկայացնելուց և լիազոր մարմնի կողմից հաշվառվելուց) հետո։

2. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 8.1-ին և 8.2-րդ տողերում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքներ ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքի խմբաքանակն առանց սույն պարզաբանման «ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ» 1-ի կետում նշված տեխնոլոգիական միջամտության իրացնելու գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ չի համարվում և այդ դեպքում տարեկան լրացուցիչ պետական տուրքի վճարման անհրաժեշտություն չի առաջանում։

3. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 8.1-ին և 8.2-րդ տողերում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքներ ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության այլ արտադրողից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքի խմբաքանակի նկատմամբ սույն պարզաբանման «ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ» 1-ի կետում նշված տեխնոլոգիական միջամտություններից որևէ մեկի կիրառման նպատակ ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտը պետք է ներկայացնի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.3-րդ կամ 1.1-ին տողերում նշված գործունեության տեսակներով զբաղվելու մասին ծանուցում, իսկ 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացման դեպքում նաև լրացուցիչ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար նույն բաժնի 1.2-րդ կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու մասին ծանուցում և վճարի նշված ծանուցումներին համապատասխան Օրենքի 20․1-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5․1-ին կամ 5.2-րդ կետերով սահմանված չափով տարեկան պետական տուրք։

4. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը ձեռք է բերել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1-ին, 1.2-րդ, 8.1-ին և 8.2-րդ տողերում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքներ ու ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության այլ արտադրողից ձեռքբերված չշշալցված կոնյակի կամ կոնյակի սպիրտի նկատմամբ կիրառել է սույն պարզաբանման «ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ» 1-ի կետում նշված տեխնոլոգիական միջամտություններից որևէ մեկը, ապա իրացման ծավալում պետք է ներառվեն նաև ներմուծված կամ ձեռք բերված չշշալցված կոնյակի և կոնյակի սպիրտի ծավալներն ու դրանց իրացման 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լրանալուց հետո լիազոր մարմին պետք է ներկայացնի 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող այլ խմբաքանակների իրացման գործունեության տեսակով զբաղվելու ծանուցում և վճարի սահմանված լրացուցիչ պետական տուրք։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Խոջոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական: