«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1935-Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
ա) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխումն իրականացնում են համապատասխան մարզպետները՝ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների համաձայն՝ դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով.
բ) աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները քաղաքացիներին հատկացվում են անհատույց, սեփականության իրավունքով՝ համապատասխան մարզպետի և քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված՝ պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան պայմանագրի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզպետներին՝ պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան պայմանագրերը կնքել պետական աջակցության միջոցով կառուցված բնակելի տների շինարարության ավարտի փաստագրումից անմիջապես հետո:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
որոշմամբ հաստատված կարգի առաջին մասի 1-ին կետում՝
ա) «վարձակալության հանձնելու (հատկացնելու)» բառերը փոխարինել «քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու» բառերով.
բ) կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ.
«Սեփականության իրավունքով հատկացվող բնակարաններից մեկ տարվա ընթացքում արված առաջարկություններից հրաժարվելու դեպքում քաղաքացիները կորցնում են տվյալ բնակարանն ստանալու իրենց իրավունքը»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. դեկտեմբերի 14 Երևան
Ա. Մարգարյան