«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1856-Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
3. Սահմանել, որ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական ու հրատարակչական գործունեության իրականացումն է:
4. Թույլատրել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում.
զ) ուսանողների և ինստիտուտի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
5. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
6. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
7. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան:
8. Սահմանել, որ`
ա) մինչև վերակազմակերպումը` Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան.
բ) «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն):
2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
4. Ինստիտուտը, իր գործունեության նպատակներին համապատասխան, կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
5. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:
6. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, մեդալ և այլ անհատականացման միջոցներ:
7. Ինստիտուտի անվանումն է`
հայերեն լրիվ` «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «ՎՊՄԻ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` “Ванадзорский государственный педагогический институт имени О. Туманяна” государственная некоммерческая организация,
ռուսերեն կրճատ` “ВГПИ” ГНО,
անգլերեն լրիվ` State Pedagogical Institute Of Vanadzor Named After H. Toumanyan State Non Profit Organization,
անգլերեն կրճատ` SPIV SNPO:
8. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, 377200, Տիգրան Մեծի 36:
II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Ինստիտուտի խնդիրներն են`
ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.
բ) կրթության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.
գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.
դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:
10. Ինստիտուտն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում.
զ) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Ինստիտուտի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ինստիտուտի ռեկտորը, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինը` ինստիտուտի խորհուրդը, ինստիտուտի գիտական խորհուրդը:
12. Լիազորված պետական մարմինը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.
բ) իրականացնում է ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
դ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ե) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս դրա օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) հաստատում է ինստիտուտի պահպանման ծախսերի նախահաշիվը:
13. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծման գործում ինստիտուտի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:
14. Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, այդ ընթացքում` խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի կազմը չի կարող գերազանցել աշխատողների թվի 20 տոկոսը: Խորհրդի անդամների 65 տոկոսը պետք է կազմի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, 25 տոկոսը` ուսանողները, 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ինստիտուտի կազմում գործող այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են ինստիտուտի կոլեկտիվի կողմից` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:
15. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան մեկ կամ երկու անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
16. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ.
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը.
դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է ինստիտուտի գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ընտրության կարգը, կազմը, աշխատակարգը, կազմակերպում է այդ մարմնի անդամների ընտրությունը.
ե) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ինստիտուտի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.
զ) լիազորված պետական մարմին է ներկայացնում ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ.
է) քննարկում և հաստատում է ինստիտուտի տարեկան հաշվետվությունն ու հաշվեկշիռը:
17. Ինստիտուտի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
18. Ինստիտուտի գիտական խորհուրդը`
ա) հաստատում է իր աշխատակարգը.
բ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
գ) ընդունում է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատվավոր դոկտոր», «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր», «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վաստակավոր դասախոս», «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վաստակավոր աշխատող» կոչումները շնորհելու, ինստիտուտի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ինստիտուտի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուների ներկայացնելու մասին որոշումներ.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.
ե) հաստատում է ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը.
զ) կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ.
է) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
19. Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 41-ը:
20. Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:
21. Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի ու կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, ինստիտուտի առանձին դասախոսներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետները (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով): Ռեկտորի կողմից ի պաշտոնե ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվի 50 տոկոսը:
22. Ինստիտուտի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իր լիազորությունների սահմաններում, քննարկում է գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը:
23. Ինստիտուտի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:
24. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում և ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է 5 տարի ժամկետով:
25. Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող գիտությունների դոկտորը:
26. Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի կողմից սահմանված կարգով` փակ գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:
27. Ինստիտուտի ռեկտորը`
ա) ղեկավարում է ինստիտուտի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը.
բ) կազմակերպում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
գ) հրավիրում է ինստիտուտի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.
դ) ապահովում է խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
ե) հաստատում է ինստիտուտի կառուցվածքը, ինչպես նաև խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.
զ) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
է) սույն կանոնադրությանը համապատասխան` կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ.
ը) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու մասին.
թ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին, ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.
ժ) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ.
ժա) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
28. Ինստիտուտի ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
29. Ինստիտուտի ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին պատճառված վնասի համար:
30. Պրոռեկտորներն իրականացնում են ինստիտուտի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Ինստիտուտի կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանումներ են գիտական կենտրոնները, քոլեջները, ֆակուլտետները, ամբիոնները:
Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:
32. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`
ա) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.
բ) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից խորհրդի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:
33. Ինստիտուտի ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, համաձայն սահմանված չափանիշների, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից: Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական-գիտական ու օժանդակ այլ օղակներից:
Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:
34. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:
35. Ֆակուլտետի խորհրդի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:
36. Ֆակուլտետի խորհուրդը`
ա) ինստիտուտի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ.
բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցեր.
գ) ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար ինստիտուտի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.
դ) ինստիտուտի գիտական խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի աշխատողին «Ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր», «Ինստիտուտի վաստակավոր դասախոս», «Ինստիտուտի վաստակավոր գիտական աշխատող», «Ինստիտուտի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.
ե) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.
զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
37. Ֆակուլտետի խորհրդի նիստն իրավազոր է անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:
38. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան:
Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելին հավաքած թեկնածուն: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների հիման վրա:
39. Ֆակուլտետի դեկանը`
ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.
բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.
գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին.
դ) ինստիտուտի ռեկտորին սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
40. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ինստիտուտի, ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների համաձայն:
V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
41. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
42. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:
43. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
44. Ինստիտուտում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) ու լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
45. Ինստիտուտում կիրառվում է բարձրագույն կրթության հիմնականում հնգամյա` դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցման համակարգ: Շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
46. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
47. Ինստիտուտը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:
48. Գիտական աստիճաններ շնորհում է ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
49. Ինստիտուտի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և մյուս աշխատողները, ինչպես նաև ուսանողները:
Ինստիտուտի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:
Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով:
50. Ինստիտուտի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`
ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.
բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.
գ) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.
դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից.
ե) ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
51. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:
52. Ինստիտուտի կոլեկտիվի անդամները պարտավոր են`
ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ ակտերից բխող հանձնարարականները.
բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.
գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
դ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.
ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը,
զ) հոգ տանել ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:
53. Ինստիտուտի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
54. Ինստիտուտի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`
ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,
բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,
գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտության համար թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,
դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության և կրթական ծրագրերի ազատ որոշման,
ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության,
զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:
55. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ, որոնց կանոնադրությունները հաստատում է ինստիտուտի գիտական խորհուրդը: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:
56. Ինստիտուտի ուսանողներ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:
57. Միջնակարգ կամ նախնական, ինչպես նաև միջին մասնագիտական կրթություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքում:
Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի:
58. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`
ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ,
բ) հաճախելու դասախոսություններին,
գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին,
դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ,
ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից,
զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան,
է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար,
ը) սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում,
թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ 2 արձակուրդ:
59. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:
60. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:
61. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`
ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.
բ) տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին,
գ) պահպանել սույն կանոնադրությունը և ներքին կանոնները,
դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին,
ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը,
զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:
62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել ինստիտուտից:
63. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, կարող են ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:
64. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
65. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:
66. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունն ինստիտուտի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
67. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
68. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
69. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար` առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ` այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի:
70. Ինստիտուտում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
71. Ինստիտուտի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից` նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
72. Ինստիտուտն իրավունք ունի`
ա) օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.
բ) իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Ինստիտուտը կարող է որպես սեփականություն իրեն հանձնված գույքն օտարել կամ տալ վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
73. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթը և դրա հաշվին ձեռք բերված գույքն օգտագործվում են ինքնուրույն` ինստիտուտի կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:
74. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
75. Ինստիտուտը վերակազմակերպվում և լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
76. Ինստիտուտի լուծարման դեպքում ինստիտուտի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|