ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8 հուլիսի 2022 թվականի |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի (այսուհետև` օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, մասնավորապես նշված դրույթի այն մասի վերաբերյալ, որով սահմանվում է մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները:
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար վերապատրաստման գործընթացը բնականոն կազմակերպելու համար կարևոր է, որ վերապատրաստող կազմակերպությունների, ինչպես նաև վերապատրաստման համար դիմող քաղաքացիների համար օրենքով ներկայացված պահանջները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինեն` նախարարությունը որոշել է իր նախաձեռնությամբ պարզաբանում տալ վերոգրյալ հարցի վերաբերյալ:
Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
1. Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և մանկավարժական աշխատանքի համապատասխան ստաժ:
Նշված դրույթով սահմանված չէ սահմանափակում կամ նշված չէ այն ենթաօրենսդրական իրավական ակտը կամ բնագավառը, որում կատարված աշխատանքը պետք է հաշվարկվի մանկավարժական ստաժում, ինչն էլ տարաբնույթ ընկալումների պատճառ է դառնում և ունի պարզաբանման կարիք:
Հարկ է նշել, որ կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատությունում և նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործող այն պաշտոնների անվանացանկերը, որոնք համարվում են մանկավարժական, և այդ պաշտոնները զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց համար տվյալ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մանկավարժական ստաժ:
2. Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային կառավարման ոլորտի համապատասխան ստաժ:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներից է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետև` տնօրեն), իսկ 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` տնօրենը պատասխանատու է նաև նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի համաձայն` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը համարվում է մանկավարժական:
Վերը նշված իրավական ակտերի համապատասխան դրույթների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
1. Հիմք ընդունելով, որ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չէ սահմանափակում կամ նշված չէ այն ենթաօրենսդրական իրավական ակտը կամ բնագավառը, որում կատարված աշխատանքը պետք է հաշվարկվի մանկավարժական ստաժում, հետևաբար հավասարապես կիրառելի են և պետք է հաշվարկվեն ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածի ստաժը:
2. Օրենքի տրամաբանությունից ելնելով` համաձայն որի՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող, հետևաբար, հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության` քաղաքացիական ծառայությունը և համայնքային ծառայությունը:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|