«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1811-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ ու 11-րդ հոդվածի 1-ին կետերը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգի բարեփոխումների մասին» N 1750-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ կապի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ներկայացմամբ:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների (այսուհետ` պետական և դիվանագիտական մարմիններ) փոստատարային օպերատիվ կապի ապահովումը.
բ) պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի ու այլ ծառայողական թղթակցությունների (այսուհետ` թղթակցություններ) փոխադրումը և դրանց պահպանման ապահովումը.
գ) պետական և դիվանագիտական մարմիններից ստացված թղթակցությունների՝ 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» համաձայնագրի մասնակից պետություններ փոխադրումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) պետական և դիվանագիտական մարմինների միջև թղթակցության փոխանակում.
բ) անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների և օտարերկրյա այլ պետությունների սուրհանդակային ծառայությունների հետ փոխհամագործակցություն` այդ պետությունների միջև թղթակցություններն անարգել ու ապահով փոխադրելու նպատակով.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս թղթակցությունների օպերատիվ փոխադրումն ապահովելու նպատակով մշտապես գործող վերգետնյա (երկաթուղային, ավտոմոբիլային ու ավիացիոն) երթուղիների ցանցի ստեղծում.
դ) համագործակցություն շահագրգիռ մարմինների հետ՝ փոխադրվող թղթակցությունների ապահովության և գործակալության աշխատողների անվտանգության ապահովման նպատակով.
ե) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում պետական գաղտնիք կազմող թղթակցությունների պահպանում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
14. Տեսչության պետի բացակայության դեպքում նրա պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով։
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Հերթապահության կազմակերպման բաժին
2. Սուրհանդակների բաժին
3. Առաքման բաժին
II. Տարածքային մարմիններ
1. Երևանի և Արարատի մարզի բաժին
2. Արագածոտնի և Արմավիրի միջմարզային բաժին
3. Գեղարքունիքի և Կոտայքի միջմարզային բաժին
4. Սյունիքի և Վայոց ձորի միջմարզային բաժին
5. Լոռու և Տավուշի միջմարզային բաժին
6. Շիրակի մարզային բաժին
7. ԼՂՀ բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.12.2004, N 1800-Ն | 01.05.2005, N 1811-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|