Գլխավոր տեղեկություն
Համար
N 1755-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2002-30.08.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.05/12 Հոդ.1235
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.08.2008

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2002 թվականի N 1755-Ն

 

ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փակ մրցույթով գնումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար մրցույթի ձևով սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույցի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգի 17-րդ կետը «Պետական մարմինը» բառերից հետո լրացնել «բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 12
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1755-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար փակ մրցույթով գնումների (այսուհետ` գնումներ) իրականացման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել փակ մրցույթով գնումների իրականացման հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Գնումներն իրականացվում են պարբերական և նպատակային փակ մրցույթներով:

4. Փակ մրցույթը պարբերական է (այսուհետ` պարբերական մրցույթ), եթե գնման առարկան ներառված է սույն կարգի 6-րդ կետի համաձայն հաստատվող ցանկում:

5. Փակ մրցույթը նպատակային է (այսուհետ` նպատակային մրցույթ), եթե գնման առարկան ներառված չէ սույն կարգի 6-րդ կետի համաձայն հաստատվող ցանկում:

 

III. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը (այսուհետ` ցանկ) հաստատում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության կարիքների համար գնումների կատարման լիազոր պետական մարմինները (այսուհետ` պետական մարմին)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

7. Ցանկը հաստատվելուց կամ դրանում փոփոխություն կատարվելուց հետո համապատասխան պետական մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով հաստատվում են ցանկում ներառված յուրաքանչյուր ապրանքի, աշխատանքի և (կամ) ծառայության տեխնիկական բնութագիրը և դրանց ձեռքբերման համար հայտարարվելիք մրցույթների ժամանակացույցը:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված հրամանի համաձայն յուրաքանչյուր մրցույթի համար կազմավորվում է մրցույթի հանձնաժողով:

Մրցույթի հանձնաժողովի կազմավորումը և գործունեությունը, մրցույթի անցկացումը, մրցույթի հաղթողի ընտրությունը և պայմանագրի կնքումն ու դրա պահանջների կատարումն իրականացվում են փակ մրցույթով գնումների կատարման համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

9. Մրցույթի հրավերը հաստատելիս մրցույթի հանձնաժողովը հաշվի է առնում, որ`

ա) մրցույթի հրավերով պետք է նախատեսվի գնման ենթակա ապրանքի, աշխատանքի կամ ծառայության մեկ միավորի գնի հաշվարկման մեթոդը, այդ գնի փոփոխման հնարավորությունը` պայմանավորված գնումների ծավալի և ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման ու ծառայության մատուցման պայմանների փոփոխությամբ: Ընդ որում, մրցույթի հրավերում գնման առարկայի նախահաշվային գինը չի նախատեսվում.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխվում են գնման առարկայի բնութագրերը, և մրցույթի հրավերում դրանք պետք է սահմանվեն որպես առանձին չափաբաժիններ.

գ) մրցույթի հաղթող ճանաչված անձի հետ կնքվող պայմանագրի գործողության ժամկետը պետք է լինի առնվազն մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ը, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով:

10. Պետական մարմինը, անկախ գնման առարկայի նախահաշվային գնից, պարբերական մրցույթով կնքված՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման պահանջի ծագման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պայմանագրի մյուս կողմին` ներկայացնելով կնքված պայմանագրի շրջանակներում ապրանք մատակարարելու, աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու պահանջ:

Պետական մարմինը պատվերը հաստատելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում` իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պայմանագրից քաղվածք:

11. Գնման ֆինանսավորումն իրականացվում է տվյալ պայմանագրի պայմաններին համապատասխան` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

12. Նպատակային մրցույթով գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան, և դրանց նկատմամբ չեն կիրառվում սույն կարգի 6-10-րդ կետերի պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.06.2008, N 853-Ն 30.08.2008, N 1755-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան