Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-2020
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.01/18(686)
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2020
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

11 մայիսի 2020 թ.
ք. Երևան

  N 1-2020

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար բանավոր և գրավոր դիմումներ է ստանում կազմակերպություններից և քաղաքացիներից՝ կապված 2019 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-187-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում լրացված 2-րդ նախադասության կարգավորման կիրառման հետ: Քաղաքացիների և կազմակերպությունների կողմից բարձրացվում են հետևյալ հարցերը.

1. Ի՞նչ է նշանակում Երևան քաղաքում գործունեություն ծավալել: Արդյո՞ք այն որոշվում է կազմակերպության գտնվելու վայրով (պետական գրանցման հասցեով):

2. Միաժամանակ Երևան քաղաքում և Երևան քաղաքից դուրս գործունեություն ծավալող գործատուն արդյո՞ք պետք է Երևան քաղաքից դուրս աշխատողներին ևս աշխատավարձի վճարումներն իրականացնի անկանխիկ եղանակով:

3. 10 և ավելի աշխատող ունենալու հանգամանքը ո՞ր պահի դրությամբ է հիմք ընդունվում:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-187-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացվել է նոր նախադասությամբ, որի համաձայն՝ Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությամբ նախատեսված լրացումը նախագծային փուլում ի սկզբանե ձևակերպված է եղել այնպես, որ կարգավորումը տարածվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործունեություն ծավալող և 10-ից ավելի աշխատող ունեցող գործատուների վրա։ Սակայն, հետագայում, հաշվի առնելով քննարկումների արդյունքներով ի հայտ եկած՝ Երևան քաղաքից դուրս անկանխիկ ֆինանսական միջոցներն իրացնելու խոչընդոտները (բանկերի մասնաճյուղերի, բանկոմատների փոքր թվաքանակ կամ բացակայություն, էլեկտրոնային փողով վճարումներ կատարելու մշակույթի զարգացած չլինելը և այլն), տրվել է այնպիսի կարգավորում, որը տարածվում է միայն Երևան քաղաքում գործունեություն ծավալող և 10 և ավելի աշխատող ունեցող գործատուների վրա։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Տվյալ կարգավորման շրջանակներում Երևան քաղաքում գործունեություն ծավալող է համարվում այն գործատուն, որն ունի առնվազն 10 և ավելի աշխատող Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե գործատուի գտնվելու վայրը (պետական գրանցման հասցեն) Երևան քաղաքում է, թե՝ Երևան քաղաքից դուրս։ Տվյալ պարագայում պահանջը տարածվում է միայն` գործատուի մոտ Երևան քաղաքում աշխատանք կատարող անձանց վրա:

2. Տվյալ կարգավորման շրջանակներում Երևան քաղաքում աշխատող է համարվում այն աշխատողը, որն աշխատանքային պայմանագրի (անհատական իրավական ակտի) և/կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտի հիման վրա՝ իր աշխատանքային գործառույթներն ամբողջությամբ կամ մասամբ կատարում է Երևան քաղաքում։

3. Եթե աշխատավարձի վճարման պահին գործատուի մոտ Երևան քաղաքում աշխատողների թիվը 10-ից պակաս է, ապա կարգավորումը չի տարածվում նրա վրա, մինչև այն պահը, երբ նրա աշխատողների թիվը Երևան քաղաքում դառնա 10 և ավելի:

 

Զ. ԲԱԹՈՅԱՆ