Գլխավոր տեղեկություն
Համար
N 1624-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2002-08.08.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1100
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.01.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1624-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային ծառայողի վարքագծի կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Հարկային ծառայության մարմինը պարտավոր է սույն որոշմամբ հաստատված հարկային ծառայողի վարքագծի կանոնների, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների մասին անհատապես տեղեկացնել հարկային ծառայողներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1624-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ

 

1. Սույն կանոններով սահմանվում են հարկային ծառայողի վարքագծի կանոնները ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:

2. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները (այսուհետ՝ վարքագծի կանոններ) բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ՝ հարկային ծառայության մարմին) ընթացակարգերին համապատասխան հարկային ծառայողի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:

3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել հարկային ծառայողին իր վարվելակերպում, ինչպես նաև տեղեկացնել քաղաքացիներին՝ ինչպիսի պահվածք պետք է ակնկալել հարկային ծառայողից:

4. Հարկային ծառայողը պարտավոր է՝

ա) ցուցաբերել անմնացորդ հավատարմություն և նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.

բ) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

գ) հրապարակայնորեն չընդդիմանալ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վարվող քաղաքականությանը.

դ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել պետական մարմնի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել վերջինիս կամ հարկային ծառայության վարկանիշը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը.

ե) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով.

զ) հարգել մարդու արժանապատվությունը՝ անկախ նրա ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից.

է) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.

ը) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.

թ) ստեղծված ոչ ստանդարտ կամ արտակարգ իրավիճակներում չցուցաբերել երկչոտություն կամ անհարկի զգացմունքայնություն, լինել հավասարակշռված.

ժ) լինել կարգապահ, ճշտախոս, հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ կերպով նվիրվել աշխատանքին.

ժա) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ հարկային ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության ու արդյունավետության գաղափարի վրա.

ժբ) լինել քաղաքավարի հարկատուների, գործընկերների, ենթակա անձանց և ղեկավարության հետ.

ժգ) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, խորհրդատվությունից, որոնց արդյունքում կարող է խոչընդոտվել հարկային օրենսդրության պահանջների կատարումը, ծառայության ընթացքում օգտագործել միայն բարոյական միջոցներ՝ նպատակին հասնելու համար.

ժդ) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.

ժե) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.

ժզ) ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

ժէ) իր իրավասության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակին ու պատշաճ կարգով անկողմնակալորեն քննության առնել հարկատուների (քաղաքացիների) առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.

ժը) իր իրավասությունների սահմաններում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, տալ ցուցումներ ու պարզաբանումներ.

ժթ) պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ՝ ղեկավարվելով պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով:

5. Սույն վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

6. Եթե հարկային ծառայողը չի կողմնորոշվում՝ ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Հարկային ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա աշխատողների համար դյուրին լինի սույն վարքագծի կանոնների պահպանումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2023, N 39-Ն 13.01.2023, N 1624-Ն
25.07.2019, N 944-Ն 08.08.2019, N 1624-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան