ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 ապրիլի 2020 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
««ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ ՀՕ-186-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 5.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ֆինանսների նախարարություն գրությամբ դիմել է «Գուդվին» ՓԲ ընկերությունը՝ ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի կիրառման մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված «ավտոմատացված սարքավորում» հասկացությունը՝ տարաբնույթ ընկալումը բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Դիմումատուի համաձայն՝ Օրենքը չի բացահայտում «ավտոմատացված սարքավորում» հասկացությունը, ինչի արդյունքում այն նույնանում է տոտալիզատորի կազմակերպչի կողմից կիրառվող սարքավորումների հետ:
Միաժամանակ Օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է « խաղասրահ» ու «բուքմեյքերային գրասենյակ» հասկացությունները, որոնք իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ ընկալումների տեղիք են տալիս և առկա է դրանց կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտություն:
1. Օրենքի 5.2-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-ր մասի համաձայն՝ տոտալիզատոր (այսուհետ` նույնպես վիճակախաղ)` խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով: Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաև ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր), բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:
««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ներկայումս անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորի և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում, դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Նախագծի ընդունումը նպատակ էր հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով (տոտալիզատորով) տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորությունը: Հենց այդ պատճառով անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպումն արգելվում է ՀՀ ողջ տարածքում, բացառությամբ Նախագծով սահմանված վայրերի, իսկ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումը ընդհանրապես:»
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Ավտոմատացված սարքավորում, որը նախատեսված է.
վիճակախաղի մասնակցի կողմից ընտրված վիճակախաղին (այդ թվում՝ տոտալիզատոր (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատոր) խաղադրույք կամ վիճակախաղի տոմս գնելու համար գումար (քարտ կամ կանխիկ) ընդունելու,
խաղային կոմբինացիաներ մուտքագրելու,
վիճակախաղի տոմսերի վաճառքի,
վիճակախաղի տոմսեր տպելու,
շահման փաստը որոշելու,
շահումների վճարման,
շահումների գրանցման և հաստատման (հաղորդագրությունների կամ թղթային տարբերակով անդորրագրի տրամադրման միջոցով) համար:
2. Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ խաղասրահ է համարվում տարածք շինության ներսում, որտեղ կազմակերպվում և անցկացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցելու վիճակախաղին:
Նույն հոդվածի համաձայն՝ բուքմեյքերային գրասենյակ-վայր, որտեղ կազմակերպիչն իր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ հնարավորություն է ընձեռում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարելու:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Օրենքի 1-ին հոդվածը մեկնաբանելով նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններով՝ հայտնում ենք, որ դրանով հստակ սահմանվում են այն գործողությունների շրջանակը, որոնցով կազմակերպիչը կարող է զբաղվել խաղասրահում կամ բուքմեյքերային գրասենյակում: Մասնավորապես, կազմակերպիչը բուքմեյքերային գրասենյակում իր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ հնարավորություն է ընձեռում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարելու, իսկ խաղասրահում՝ կազմակերպիչը կազմակերպում և անցկացնում է վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցելու վիճակախաղին, իրականացնում է գործողություններ, որոնք ուղղակիորեն կապված են հիմնական՝ ընդհանուր (վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում` նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) տոտալիզատորի կազմակերպման) գործունեության հետ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Բուքմեյքերական գրասենյակը նույնպես հանդիսանում է խաղասրահ` սահմանափակ գործողություններ իրականացնելու հնարավորությամբ»:
Ա. Ջանջուղազյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|