Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.466
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2003 թվականի N 465-Ն

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության պետական գույքի գնահատման ու հաշվառման աշխատանքները կենտրոնացված և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության և «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն ու նրանց իրավունքները (այդ թվում՝ Երևանի Զաքյան 10 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 216.9 քառ. մետր տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը և 21195800 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը) ու պարտականություններն անցնում են «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

3. Սահմանել, որ՝

ա) «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝

Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այդ թվում՝ մասնավորեցվող, օտարվող) արժեքի որոշումը (գնահատում և վերագնահատում),

հրապարակային սակարկություններով մասնավորեցման, ինչպես նաև լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների, համապատասխանաբար աճուրդային, մրցութային և լուծարման հանձնաժողովների հանձնարարությունների կատարումը (հանձնակատարի աշխատանքների իրականացում),

մասնավորեցվող ընկերություններին տնտեսագիտական բնույթի խորհրդատվությունը,

ընկերությունների լուծարումից հետո պետության բաժնեմասին համապատասխան գույքի պահառության աշխատանքների իրականացումը.

բ) «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման ռեեստրի վարման աշխատանքներին աջակցումը։

4. Թույլատրել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

գույքագրում,

գույքի արժեքի որոշում (գնահատում, վերագնահատում),

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,

պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների) և կազմակերպությունների լուծարման գործընթացներում հանձնակատարի պայմանագրով նախատեսված գործառնությունների իրականացում։

5. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

6. «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի Զաքյան 10 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 132 քառ. մետր տարածքը՝ 665280 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 6
Երևան