Գլխավոր տեղեկություն
Համար
N 889-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.627
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2002 թվականի N 889-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 889-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը (այսուհետ՝ համակարգող նախարար) համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը, իր կողմից համակարգվող ոլորտների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի գործունեությունը, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության այլ նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների տալիս է հանձնարարականներ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը:

2. Համակարգող նախարարը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Համակարգող նախարարն իր իրավասության սահմաններում պատասխանատու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:

 

II. Համակարգող նախարարի հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

4. Համակարգող նախարարի հիմնական խնդիրներն են՝

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնադրույթների մշակումն ու դրանց իրագործման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը դրանց՝ սահմանված կարգով ներկայացման կազմակերպումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի կիրառման ու այդ մարմինների իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների (պատվիրակված և պարտադիր լիազորությունների սահմաններում) գործունեության սահմանված կարգով վերահսկման համակարգումը.

ե) իր կողմից համակարգվող ոլորտների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների գործունեության համակարգումը:

5. Իր հիմնական խնդիրներն իրականացնելու համար համակարգող նախարարը՝

ա) ստեղծում է աշխատանքային խմբեր՝ տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման համար.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման նպատակով հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և վերահսկում դրանց կատարումը.

ե) հանձնարարականներ է տալիս իր կողմից համակարգվող ոլորտների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարին, գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

զ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետների գործունեության մասին ամենամյա ու ընթացիկ հաշվետվությունների քննարկումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, քննարկման ու հաստատման աշխատանքների համակարգումը.

ը) համագործակցում է Հայաստանի Հանրապետության մարզային և համայնքային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի և այլ փաստաթղթերի մշակման ու դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություններ կամ կարծիքներ ստանալու նպատակով կազմակերպում է քննարկումներ և տալիս համապատասխան հանձնարարականներ.

ժ) իր լիազորությունների սահմաններում ընդունում է նորմատիվ-գերատեսչական ակտեր.

ժա) հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին.

ժբ) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության մարզպետների, նրանց տեղակալների, իսկ մինչև քաղաքային և թաղային համայնքների նորընտիր ղեկավարների՝ իրենց պարտականությունների ստանձնումը՝ քաղաքային և թաղային համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ.

ժգ) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունում ստացված՝ քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) քննարկումը:

6. Համակարգող նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համակարգող նախարարի առաջարկությամբ:

7. Համակարգող նախարարի տեղակալները կատարում են համակարգող նախարարի հանձնարարականները: Համակարգող նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, համակարգող նախարարի տեղակալներից մեկը փոխարինում է նրան:

8. Համակարգող նախարարի ընթացիկ գործունեության սպասարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան