Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2002-30.01.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.625
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 887-Ա

«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ենթակայության «Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերը և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Սահմանել, որ՝

ա) «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական լրատվության ազգային կենտրոն, որն ապահովում է գիտատեխնիկական լրատվության դաշտի ստեղծումն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև միջպետական և միջազգային ասպարեզներում՝ համաձայն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հունիսի 26-ին ստորագրված միջպետական պայմանագրի.

բ) կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝

գիտատեխնիկական լրատվության դաշտի զարգացումը,

օտարերկրյա կազմակերպությունների հետ գիտատեխնիկական-լրատվական համագործակցության ապահովումը,

հասարակությանը գիտահանրամատչելի տեղեկատվությամբ ապահովումը.

գ) կազմակերպության գործունեության առարկան է՝

գիտատեխնիկական-լրատվական գործունեության ոլորտում մրցունակ համակարգերի ստեղծումը,

օտարերկրյա պարբերականների, գիտական աշխատությունների, առանձին հաղորդումների և այլ գիտատեխնիկական-լրատվական նյութերի հիման վրա մասնագիտական ամփոփագրերի կազմումը և դրանց տարածումը շահագրգիռ կազմակերպություններում,

գիտատեխնիկական լրատվության համաշխարհային ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումն ու պահպանումը կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանում,

գիտատեխնիկական լրատվությանը վերաբերող գիտաժողովների, գիտական հանդիպումների կազմակերպումը և դրանց մասին համապատասխան հաղորդումների պատրաստումն ու հրապարակումը,

գիտատեխնիկական-լրատվական նյութերի պարբերաբար հրատարակումը «Լրատու» հրատարակչական գրիֆով թղթային կրիչներով և էլեկտրոնային հրատարակությամբ,

«Գիտություն և տեխնիկա» հանդեսի հրատարակությունը.

դ) կազմակերպության կառուցվածքում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է գիտատեխնիկական գրադարանը.

ե) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար՝

համակարգչային ծառայությունների մատուցում,

համակարգչային դասընթացների անցկացում,

ցուցահանդեսների կազմակերպում և ձևավորում,

տեղեկատվական սպասարկում,

գիտատեխնիկական լրատվությանը վերաբերող գիտաժողովների, գիտական հանդիպումների անցկացման համար կազմակերպության դահլիճների, սրահների և այլ տարածքների տրամադրում ու սպասարկում,

տպագրական և հրատարակչական աշխատանքների իրականացում.

զ) կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ձևերով:

4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) կազմակերպության կանոնադրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 28
Երևան