Գլխավոր տեղեկություն
Համար
N 1403-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2002-30.04.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.943
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1403-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

ա) «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են՝

մշակութային գործունեության իրականացումը,

հայկական ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարարական արվեստին վերաբերող պատմական ու կիրառական նշանակության նյութերի հավաքումը, ուսումնասիրումը, պահպանումը և մասսայականացումը,

ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարական արվեստին և անհատ ճարտարապետների ստեղծագործություններին վերաբերող տվյալների բանկի ստեղծումը,

մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումը (նաև օտարերկրյա պետություններում),

թանգարանի ֆոնդադարանի, ինչպես նաև հայկական ճարտարապետությանը վերաբերող գիտամասսայական և գովազդային գրականության հրատարակության պատրաստումն ու սահմանված կարգով հրապարակումը.

բ) «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, ինչպես նաև հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին նրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, որի կազմը հաստատում է պետական լիազորված մարմինը, «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Թույլատրել «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, նշանավոր անձանց կամ իրադարձություններին նվիրված միջոցառումներ, դասախոսություններ և այլն) կազմակերպում.

բ) սահմանված կարգով ճարտարապետության վերաբերյալ գիտահրատարակչական աշխատանքների կատարումը.

գ) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա վճարովի ծառայությունների մատուցում.

դ) ցուցահանդեսների ձևավորում:

4. «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 29
Երևան