Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.07.16/20(623)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.06.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հունիսի 2018 թվականի թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններից ստացել է դիմումներ հետևյալ հարցադրմամբ՝

Արդյո՞ք վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ՎՎԿ) նկատմամբ կիրառելի է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, քանի որ Օրենքի կարգավորման առարկայից և Օրենքով կարգավորվող նորմերից միանշանակ չէ ՎՎԿ նկատմամբ Օրենքի կիրառության ոլորտը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նշված հարցադրմանը պարզաբանում տալու նպատակով կարևոր է համարում Օրենքի հետևյալ դրույթների իմաստների վերհանումը՝

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն այդ օրենքը կարգավորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների քննության կարգը:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն այդ օրենքում օգտագործվող հետևյալ հիմնական հասկացություններից են՝

- կողմեր՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը.

- հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որն օգտվում է Կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար.

- պահանջ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ ներկայացվող պահանջ:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ:

Բացի նշված դրույթներից, հարցի պարզաբանման համար կարևոր է ՎՎԿ հասկացության և դրանց գործառնությունների վերհանումը: Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 347-Ն որոշման համաձայն ՎՎԿ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է:

Նույն իրավական ակտի համաձայն ՎՎԿ-ին արգելված է ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցել, ինչն օբյեկտիվորեն բացառում է դրանց Օրենքի իմաստով հաճախորդ ունենալուց:

Վերը նշված կարգավորումների ներքո Օրենքի տառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ՝

1. Օրենսդրությամբ ՎՎԿ-ները սահմանափակված են ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելու գործառնությունների մեջ և հետևաբար դրանք չեն կարող ունենալ ֆիզիկական անձ հաճախորդներ.

2. Օրենքի կարգավորման ոլորտը ֆինանսական կազմակերպության և հաճախորդի մասնավոր իրավահարաբերությունից բխող պահանջի քննություն է, իսկ այս դեպքում ՎՎԿ և հաճախորդի միջև մասնավոր իրավահարաբերությունը բացակայում է.

3. Հաճախորդ և ՎՎԿ մասնավոր իրավահարաբերության բացակայության հիմքով չի կարող առկա լինել վեճ ՎՎԿ և հաճախորդի միջև, և, հետևաբար, Ֆինանսական համակարգի հաշտարարը օբյեկտիվորեն չի կարող քննել ՎՎԿ նկատմամբ պահանջ:

4. Օրենսդրությամբ սահմանափակված լինելու պատճառով պահանջի բացակայության և ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության բացակայության պայմաններում ՎՎԿ չպետք է վճարեն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին:

5. Նշված պարզաբանումը ՎՎԿ նկատմամբ կիրառելի է սույն թվականի հունվարի մեկից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆինանսական համակարգի հաշտարարին վճարվող պարտադիր վճարները տարեկան են՝ ըստ հավասարաչափ չափաբաժիններով եռամսյակային բաշխվածությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-44-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չի տարածվում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2018 թ. հուլիսի 4

Երևան