ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2018 թվականի |
N 2 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներածական մաս
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում ստացվել է փաստաբան Կարեն Մեժլումյանի (փաստաբանական գործունեության թիվ 2 արտոնագիր) 18.07.2018 թ. դիմումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 19-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի դրույթների կիրառման մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսման ընթացքում ռազմական պատրաստություն անցած շրջանավարտների համար լեյտենանտի զինվորական կոչում ստանալը իրավունք է, թե ոչ, նրանք պարտադիր զինվորական ծառայության պետք է զորակոչվեն որպես պահեստազորի սպա, թե որպես շարքային, զորակոչվելուց անմիջապես հետո իրավունք ունեն լեյտենանտի կոչում ստանալ և ծառայել որպես լեյտենանտ, թե նման իրավունք չունեն, զորակոչվելուց հետո քանի ամիս է կազմելու նրանց զինվորական ծառայության ժամկետը:
Համաձայն դիմումատուի՝ նշված նորմերի մեր պարզաբանման տարբերակը հետևյալն է՝ ռազմական պատրաստություն անցած իմ վստահորդների համար լեյտենանտի կոչում ստանալը, լեյտենանտի կոչումով ծառայելը իրավունք է և նրանք իրավունք ունեն այդ իրավունքն իրացնել, այսինքն՝ իրավունք ունեն լեյտենանտի կոչում ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց անմիջապես հետո և ծառայել լեյտենանտի կոչումով, ինչպես նաև պետք է զորակոչվեն 24 ամսով, որպես պահեստազորի սպա:
Նկարագրական մաս
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո.»: Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:»: Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝ պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս.»:
Պատճառաբանական մաս
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածը չի կարգավորում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հետ կապված հարաբերությունները, իսկ նշված հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է արդեն իսկ զինծառայող հանդիսացող անձին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու իրավական հիմքը: Շարքային և/կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձինք և համապատասխան զորակոչի հայտարարման կարգը սահմանված են օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերում, որոնց հիման վրա՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները:
Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պահեստազորում հաշվառվում են` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները: Օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն. «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:»: «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է` բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Համադրելով օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և 56-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթները, ակնհայտ է, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձին մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչելը «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու, պահեստազորի սպայական կազմում հաշվառելու և պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կարգավորումներն առնչություն չունեն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորման հետ:
Հաշվի առնելով, որ օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի դեկտեմբերի 16-ին, դիմումի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչպես են կարգավորվում (կարգավորվել) ուսումնառության ընթացքում զինվորական (ռազմական) պատրաստություն անցած անձանց առաջին սպայական զինվորական կոչման շնորհման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հարաբերություններն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո և առաջ: Համաձայն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում քաղաքացիները կարող են անցնել զինվորական պատրաստություն՝ սույն օրենքով սահմանված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Օրենքի նշված պահանջի հիման վրա ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 455-Ն որոշմամբ սահմանվել է համապատասխան կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 19.05.1994 թ. N 232 որոշումը: ՀՀ կառավարության 12.04.2018 թ. N 455-Ն որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ այն կանոնակարգում է բացառապես օրենքի ուժ մեջ մտնելուց հետո՝ օրենքի դրույթների հիման վրա, զինվորական պատրաստություն անցնելու և դրա արդյունքում ծագող իրավահարաբերությունները:
Ինչ վերաբերում է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորումներին, ապա մինչև 2017 թվականի դեկտեմբերի 16-ը գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի և մինչև ՀՀ կառավարության 12.04.2018 թ. N 455-Ն որոշման ուժի մեջ մտնելը գործող ՀՀ կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշմամբ հաստատված հիմնադրույթների 16-րդ կետի պահանջների շրջանակներում «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում և պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կանչվում էին այն արական սեռի քաղաքացիները, ովքեր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են ռազմական պատրաստություն և ավարտել են պետական կրթական համակարգի ինտերնատուրան կամ օրդինատուրան: Նշված իրավակարգավորումները հաշվի առնելով, գործող օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվել է նաև, որ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից: Նշված համակարգը գործում էր և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա շարունակում է տարածվել այն սկզբունքով, որ նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունք էր նախատեսում բակալավրի, մագիստրոսի և հետբուհական կրթական ծրագրերով (ներառյալ՝ ինտերնատուրայում և/կամ/ օրդինատուրայում) սովորելու դեպքերում, ինչը հնարավորություն էր տալիս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած անձանց՝ պետական կրթական համակարգի ինտերնատուրայում կամ օրդինատուրայում ուսումնառության դեպքում ստանալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում և ինտերնատուրան կամ օրդինատուրան ավարտելուց հետո որակավորվել պահեստազորի սպայական կազմ, նրանց շնորհել առաջին սպայական կոչում և կանչել պահեստազորի սպայական կազմի զորակոչի՝ 2 տարի ժամկետով:
Եզրափակիչ մաս
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝
1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 19-րդ հոդվածի 1-ին մասը (պահեստազորի սպայական կազմի զորակոչի մասով) և 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը չեն տարածվում մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը՝ 2017 թվականի դեկտեմբերի 16-ը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ավարտող (ավարտած) քաղաքացիների վրա:
2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտող (ավարտած) քաղաքացիները, անկախ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած լինելու հանգամանքից, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար ստացած տարկետման ժամկետի ավարտից հետո ենթակա են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ 24 ամիս ժամկետով, զինվորական ծառայությունն անցնելու են շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով, միաժամանակ հնարավորություն ունենալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 32-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակներում անցնելու պայմանագրային զինվորական ծառայության:
ՀՀ պաշտպանության նախարար |
Դ. Տոնոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|